Ախալքալակի դաժան սպանությունից հետո Վաչիանի բոլոր տղամարդկանց տարել են հարցաքննության. ձերբակալվածի աներձագը ևս կասկածյալների թվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տան մեջ հայտնաբերվել էին հայ ընտանիքի 4 անդամների դիերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործով ձերբակալվածը համայնքի բնակիչ Նոդար Ակոպովն է, որի մայրը ազգությամբ հայ է: Այս գործով երկրորդ կասկածյալը Ակոպովի աներձագն է, որը երեկ Վրաստանի ոստիկանություն էր հրավիրվել:
Վաչիանն ամբողջությամբ հայաբնակ է: Այն գտնվում է Ախալքալաքից 6 կմ հեռավորության վրա: Այդ գյուղի տարածքով է այժմ անցնում նորաբաց, թուրք-վրացական Կարծախի սահմանից սկսվող միջպետական ճանապարհը:

Ինչպե՞ս եղավ

Իսկ ի՞նչը կարող էր ընտանիքի դաժան սպանության պատճառ դառնալ: Տեղեկացնենք, որ Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի բնակիչներ 37-ամյա Օֆելյա Քաչոտյանը, նրա 5-ամյա որդին՝ Սերգեյ Քաչոտյանը, դուստրերը՝ 16-ամյա Հերմինեն եւ 18-ամյա Ասիան, դժանաբար սպանվել են: Ընտանիքի հայրը տանը չի եղել. նա մոտ 2 ամիս առաջ մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի:
«Ժողովուրդ»-ին Վաչիան համայնքի բնակիչներից հաջողվեց պարզել, որ ընտանիքի անդամներին սպանված վիճակում հայտնաբերել են Օֆելյա Քաչոտյանի հայրը եւ նրանց հարեւանը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 9-ին՝ գիշեր ժամը 01:00-ի սահմաններում: Օֆելյա Քաչոտյանի դրկիցները՝ տեսնելով, որ տանից մարդ դուրս չի գալիս, չի արձագանքում, ահազանգել են Օֆելյա Քաչոտյանի հորը եւ նրա մտերիմ հարեւանուհու հետ մտնելով տուն՝ տեսել են ընտանիքի անդամներին դաժանաբար սպանված:
Ըստ համայնքում տարածված լուրերի՝ հանցագործին առաջինը ճանաչել է տան տիրուհին՝ Օֆելյա Քաչոտյանը, որին հենց առաջինն են սպանել, ապա հետո՝ ընտանիքի մյուս անդամներին: Լուրեր կան, որ բնակիչներին սպանելուց հետո հանցագործը կամ հանցագործները տան իրերով՝ գորգերով փաթաթել են կանանց եւ փորձել այրել, սակայն մարմինները մինչեւ վերջ չեն այրվել: Իսկ տան 5-ամյա երեխան, ըստ վարկածներից մեկի, խեղդամահ է եղել տանը տարածված ծխից: Ի դեպ, ընտանիքի անդամներին չեն կարող հուղարկավորել սեփական տանից, քանի որ տունը կիսաայրված վիճակում է:

Ով է կասկածյալը

Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հայ ընտանիքի ողբերգական սպանության գործով կա կասկածյալ, որին ձերբակալել են. «Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի եւ ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը՝ դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ եւ ուշի ուշով հետեւում է զարգացումներին: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում սպանվածների հարազատներին եւ բարեկամներին»:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, թե ով է ձերբակալված կասկածյալը: Նա Վաչիան համայնքի բնակիչ Նոդար Ակոպովն է, որի մայրը ազգությամբ հայ է, իսկ հայրը՝ այլազգի: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Նոդար Ակոպովը ամուսնացած է, ունի երկու երեխա: Նոդարի մայրը բաժանված է ամուսնուց եւ երկու որդիների՝ Նոդարի ու եղբոր հետ տեղափոխվել էր Վաչիան համայնք՝ բնակության:
Ըստ Վաչիան համայնքի բնակիչներից մեկի՝ Նոդար Ակոպովը վիճել է եղբոր հետ, որից հետո եղբայրը հեռացել է նրանից եւ առանձին է ապրում: Նոդարը համայնքում բանվորություն է արել:
«ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ ողջ համայնքի տղամարդկանց տարել են ոստիկանություն, մեծ մասին հարցաքննել, ազատ են արձակել, իսկ մի մասին դեռ պահել են ոստիկանությունում, որոնց մեջ է նաեւ Նոդարի եղբայրը: Ըստ լուրերի՝ Նոդար Ակոպովի աներձագին եւս այս գործով կասկածում են:

Ինչո՞ւ սպանեցին

Այս հարցի պատասխանը դեռ չկա ու, թերեւս, ինչպես Գյումրիում ապրող Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանությունը, չի էլ լինի:
Ըստ բնակիչների՝ Քաչոտյանները հանգիստ, օրվա հացով ապրող ընտանիք էին. որեւէ մեկի հետ թշնամանք կամ պարտք ու պահանջի հարց չունեին: Ու թեեւ վրացական մամուլը որպես կատարվածի առաջին վարկած նշում է գողությունը, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը վրացական իր աղբյուրներից պարզեց, որ Քաչոտյանների տանից որեւ թանկարժեք իր կամ գումար չի անհետացել. զարդերն ու գումարը տեղում են եղել: Հանցագործը կամ հանցագործները տարել են ընդամենը երկու բջջային հեռախոս:
Սպանված Օֆելյա Քաչոտյանի քեռու որդին՝ Վախիկան Ալիքյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի մասին տեղեկանալով՝ շտապել է հարազատների մոտ, սակայն թույլ չեն տալիս մտնել տուն եւ հասկանալ, թե ինչ է կատարվել. «Գյուղը բոլորս սարսափելի վիճակում ենք: 18-ամյա Ասիան այս տարի էր ավարտել դպրոցը, քննություն տվեց, ուզում էր ինստիտուտ ընդունվել, մի քանի օրից կիմանար՝ ընդունվե՞լ է բուհ, թե՞ ոչ: Թե ով է արել, ինչու, չենք հասկանում, միայն գիտենք, որ 3 հոգու ձերբակալել են: Սա խուլիգանություն էր, այլ բան չէր կարող լինել»:
Գուցե կատարվածը խուլիգանություն էր, գողության չստացված փորձ, ամեն դեպքում անհասկանալի է, թե ինչու էին կանանց այրել: Գուցե տան անդամները ճանաչե՞լ են հանցագործին կամ հանցագործներին, դրա համար նման դաժանության են գնացել:

Հուսանք, որ Վրաստանի իրավապահները իրականում կբացահայտեն կատարվածը, եւ այս ընտանիքի սպանությունը առեղծված չի մնա, այնպես, ինչպես 2015 թվականի հունվարին Գյումրիում ռուս զինվորական Վալերի Պերմյակովի կողմից կատարված՝ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի անդամների սպանությունը:

Հ.Գ. Օրվա վերջում Վրաստանի ՆԳՆ-ն պաշտոնապես հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով.«Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածը` 24-ամյա Նոդար Ա.-ն, ներթափանցել է Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի բնակիչներից մեկի տուն` նպատակ ունենալով կողոպտել: Տանտիրուհին եւ ընտանիքի անդամները նկատել են գողին եւ դիմադրություն են ցույց տվել: Նոդար Ա-ն 36-ամյա կնոջը եւ նրա անչափահաս երեխաներին բութ գործիքով հարվածներ է հասցրել գլխի շրջանում: Տուժածները տեղում մահացել են: Մեղադրյալը հետքերի վերացման նպատակով այրել է տունը եւ անհետացել, ինչի հետեւանքով, նախնական տվյալներով, ընտանիքի 4-րդ անդամը` 5-ամյա երեխան, խեղդամահ է եղել: Ձերբակալվածն ընդունել է իր մեղքը»,- ասված է Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, քննությունը կատարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 109 կետի մասով:

Քնար Մանուկյան




Լրահոս