ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ռազմական բաղադրիչը մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար: Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Տեղեկությունը, որով մեզ հետ կիսվել է Սերգեյ Լավրովը, հուսադրող է: Մենք այժմ ինտենսիվ երկխոսություն ենք վարում: Ավելի վաղ կայացած հանդիպումները հակամարտության կարգավորման հարցում բեկման հասնելու նպատակ ունեին: Մենք պետք է աստիճանաբար վերացնենք հակամարտության կարգավորման ճանապարհին առաջացած խոչընդոտները»,-ասել է Մամեդյարովը:
«Երեկ մանրամասն, բացահայտ և վստահելի երկխոսություն է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերը: Կիսում եմ ձեզ հետ երկկողմ հարաբերությունների և ռազմավարական համագործակցության մասին հայտարարությունները. դրանք զարգանում են բոլոր ուղղություններով՝ առանց բացառությունների»,-իր հերթին նշել է Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ Լավրովը հանդիպել է Ալիևի հետ: