ՏՈՆԱՍԻՐԱԲԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեր բոլորի սիրելի Երեւանի ծննդյան օրն է: Արդեն 55 տարի շարունակ տոնվող «Էրեբունի-Երեւանը» անկախությունից հետո Հայաստանում նշվող այն եզակի տոներից է, որը ոչ թե հիշվում է որպես ընդամենը ոչ աշխատանքային մի օր, ինչպես շատուշատ «հրամանագրային տոներ», այլ իսկապես իր մեջ կրում է իրական տոնի էներգիան, որը անկախ միջոցառումների շքեղությունից կամ կազմակերպական որակից, ինչ էլ որ ասենք` հաղորդվում է շատերիս: Սակայն հենց այս տոնի կապակցությամբ ամեն տարի լինում են տարբեր ոչ հաճելի քննարկումներ: Այս տարին եւս բացառություն չէր. «Էրեբունի-Երեւան 2795»-ի համար քաղաքային իշխանությունների տրամադրած 200 միլիոն դրամը շատերը համարեցին անթույլատրելի շքեղություն: Երկրի ներկայիս ծանր սոցիալական պայմաններում այդպես մտածողների դժգոհությունը դժվար է անհիմն որակել: Օրինակ` Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով այդ գումարը ծախսելու այլ` առավել կարեւոր տեղեր կային. «Ես այդ 200 մլն դրամն այլ ուղղությամբ կծախսեի՝ 1 երթուղային գիծ ավելի կստեղծեի բյուջեի հաշվին, այդ գումարները քաղաքին կուղղեի, քաղաքացիները մի փոքր ավելի նորմալ ծառայություն կստանային, կամ համեստ տարածքում մանկապարտեզ կկառուցեի, որի խնդիրը այսօր շատ ունենք Երեւանում: Տոնակատարության խնդիրը կլուծեի հնարավորության դեպքում հովանավորների միջոցով… Այդպես կփորձեի»: Հարգելով հանդերձ ավագանու անդամի մտահոգությունը, այդուամենայնիվ, դժվար է դրանում չնկատել որոշակի պոպուլիզմի տարրեր. ի վերջո, պետք չէ ամեն ինչ այդքան ծայրահեղացնել, եւ առավել սրտացավ աշխատանքի դեպքում` այդ թվում եւ ավագանու ընդդիմադիր անդամների, կարելի է այնպես անել, որ ե՛ւ Ա. Մարտիրոսյանի նշած խնդիրները լուծում ստանան, ե՛ւ երեւանցիները չզրկվեն  «Էրեբունի-Երեւանը» արժանավայել տոնելու հնարավորությունից: Առավել եւս` որ այդքան աղմուկ հանած 200 միլիոն դրամի մեծ մասը, ըստ քաղաքապետարանի, տրամադրելու են գործընկեր մասնավոր կազմակերպությունները, իսկ համայնքային բյուջեից լրացվելու է չբավականացնող մասը միայն: Այդքանով հանդերձ, միանգամայն անհասկանալի եւ մեղմ ասած` անընդունելի է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Արթուր Գեւորգյանի արձագանքը հնչող քննադատությանը: Վերջինս «ուռոդ» եւ «բառի ամենաուղիղ իմաստով տականք» է անվանել բոլոր նրանց, ովքեր համարում են, որ քաղաքապետարանը անհարկի շռայլում է ֆինանսական միջոցները: «Եթե դու քո քաղաքը այդպես ես հարգում, ուրեմն դու մարդ չես»,-News.am-ին հարգանքի իր պատկերացումներն է ներկայացրել համայնքային պաշտոնյան: Նրա բառապաշարի վերաբերյալ գնահատականը թողնելով երեւանցիներին՝ արժե միայն հիշեցնել, որ Երեւանը եւ Երեւանի տոնը հարգող քաղաքապետարանի ղեկավարությունը չպետք է որ իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին ստիպեր մասնակցել տոնակատարությանը:




Լրահոս