ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ իշխանությունները չեն զլանում ամեն հարմար առիթ օգտագործել՝ ՀՀ իշխանություններին հրապարակայնորեն նվաստացնելու եւ անհարմար դրության մեջ գցելու համար: Ու սա, թերեւս, բնական է՝ հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները, երբ ՀՀ իշխանությունները մոտ չորս տարի շարունակ ԵՄ-ի հետ Հայաստանի եվրաինտեգրացիայի ուղղությամբ բանակցություններ վարելուց հետո ստիպված եղան վերադառնալ ՌԴ-ի գիրկը:
Հրապարակային նվաստացման հերթական օրինակն էր վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ երեկ Մոսկվա կատարած աշխատանքային այցը: Ինչպես հայտնի է, ՌԴ մայրաքաղաքում ՀՀ վարչապետը հանդիպել է ոչ թե ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի, այլ նրա տեղակալների՝ Իգոր Շուվալովի ու Արկադի Դվորկովիչի հետ:
Հատկանշականն այն է, որ այս այցին նախորդել էր Տ. Սարգսյանի՝ Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցը: Ընդ որում, հեռախոսազրույցի մասին ՀՀ կառավարությունը որեւէ պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, այլ այդ մասին հայտնի դարձավ ՌԴ կառավարության կայքից: Ըստ այդմ՝ երկու երկրների վարչապետները հեռախոսազրույցի ժամանակ խոսել են Հայաստանի՝ Մաքսային միության հետ համագործակցության մասին:  Թե ինչու է ՀՀ կառավարությունը պաշտոնապես լռում հեռախոսազրույցի մասին, մնում է միայն ենթադրել: Մինչ այդ ընդամենը արձանագրենք, որ Տ. Սարգսյանն այդ հեռախոսազրույցից ժամեր անց մեկնեց Մոսկվա, սակայն հանդիպելու ոչ թե ՌԴ վարչապետի, այլ նրա տեղակալների հետ: Ուրեմն Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցը ցանկալի արդյունք չի տվել. նա հրաժարվել է ՀՀ վարչապետի հետ հանդիպումից ու առաջ մղել իր տեղակալներին:
Ի դեպ, ՀՀ կառավարության կայքում նշված է, որ այդ աշխատանքային հանդիպման առանցքում եղել է Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների օրակարգը: «Կողմերը համաձայնության են եկել օրակարգային հարցերի իրականացմանն ուղղված քայլերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ: Իսկ ահա ՌԴ կառավարության կայքում որեւէ բառ անգամ չկա ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության հետ Իգոր Շուվալովի ու Արկադի Դվորկովիչի հանդիպումների մասին: Փոխարենը ՌԴ կառավարության կայքը հայտնում է, որ Արկադի Դվորկովիչը երեկ հանդիպել է Բելառուսի վարչապետի առաջին տեղակալ Վլադիմիր Սեմաշկոյի հետ ու քննարկել երկու երկրների միջեւ ինտեգրացիոն ծրագրերի իրականացման ընթացքը: Ընդգծենք. Բելառուսի դեպքում ՌԴ փոխվարչապետն ընդունում է փոխվարչապետին, իսկ ահա Հայաստանի դեպքում՝ վարչապետին: Այն էլ ՌԴ կառավարության կայքում հարկ չեն համարում մեկ նախադասությամբ անգամ անդրադառնալ այդ հանդիպմանը:
Ինչ վերաբերում է Տ. Սարգսյանի այցին, ապա, «Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ, Մոսկվա մեկնելու նպատակը եղել է ՌԴ-ից հերթական անգամ գումար՝ վարկային միջոցներ խնդրելը: Ասել է թե՝ ՀՀ իշխանությունները դարձել են «մեծապատիվ մուրացկաններ» եւ իրենց օտարերկրյա այցերը ծառայեցնում են մեկ նպատակի՝ փող մուրալու համար: Հատկանշականն այն է, որ այս անգամ մինչեւ Մոսկվա մեկնելը, ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանը ժամկետից շուտ մարեց 500 մլն դոլարի ռուսական վարկը (15 տարի ժամկետով վերցված վարկը մարեցին 3 տարվա մեջ): Մեր աղբյուրները պնդում են, որ դա եղել է ռուսական կողմի պահանջը, քանի որ պարզվել է՝ այդ վարկի մեծ մասը ՀՀ իշխանությունները մսխել են: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ ռուսական կողմը պահանջել է՝ կա՛մ վարկային միջոցների օգտագործման մասին հաշվետվություն ներկայացնել, կա՛մ վերադարձնել ամբողջ գումարը: ՀՀ իշխանությունները խայտառակությունից խուսափելու համար ընտրել են երկրորդ տարբերակն ու արագ մարել վարկը: Ինչպես հայտնի է, ռուսական պարտքը մարել են եվրոբոնդերից ստացված միջոցների հաշվին. Հայաստանը պարտատոմսեր է թողարկել, դրանք վաճառել Եվրոպայում ու ստացված գումարով վճարել ՌԴ պարտքը: Իսկ հիմա էլ կրկին գումար են խնդրում ՌԴ-ից՝ մարելու համար եվրոպական պարտքը:
«Ժողովուրդ»-ի տվյալներով՝ այս անգամ արդեն խոսքը 1 մլրդ դոլարի մասին է: Միայն թե, ռուսական կողմը չի համաձայնել տալ այդ գումարը: Մեր տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետները հասկացրել են, որ իրենք գումարը կարող են տալ ոչ թե հիմա, այլ ՄՄ-ին անդամակցելու մասին պայմանագրերի ստորագրումից հետո նոր միայն, իսկ դա կարող է լինել հաջորդ տարվա ապրիլից ոչ շուտ, քանի որ այդ գործընթացն ունի իր ընթացակարգերը: Տ. Սարգսյանը, տեսնելով, որ ռուսական կողմը հաստատակամ է իր որոշման մեջ, ասել է, թե հարկավոր է ելքեր փնտրել գործընթացն արագացնելու համար: Սակայն, դատելով գործընթացի ծավալներից, հազիվ թե ՀՀ իշխանություններին հաջողվի փողը շուտ ստանալ: Դրանից հետո արդեն կողմերը խոսել են գազի սակագնի, էներգակիրների եւ այլ հարցերի մասին: Ու ոչինչ ավելի: Այլ կերպ ասած՝ Տիգրան Սարգսյանի՝ Մոսկվա այցը, ըստ էության, եղել է ապարդյուն՝ առանց որեւէ էական ձեռքբերման:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս