ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ՄՈՐԸ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեռեւս օգոստոսի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վարդենիս քաղաքում: Ժամը 19:00-ին ձեռքի հատվածում լուրջ կտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Վարդենիսի բնակիչ 76-ամյա Ռիմա Շաբոյանը: Մեր տեղեկություններով՝ կնոջը վիրավորել է հարազատ որդին՝ 49-ամյա Սոս Շաբոյանը: Նա ալկոհոլի ազդեցության տակ մտել է տուն, մորից գումար պահանջել, մայրը հրաժարվել է նրան գումար տալ, ինչն էլ առիթ է դարձել, որ Սոսը վերցնի դանակն ու հարձակվի հարազատ մոր վրա: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը եւ նշեցին, որ քննության արդյունքում հոկտեմբերի 9-ին փոխվել է Սոս Շաբոյանի դեմ հարուցված մեղադրանքը, եւ նոր մեղադրանք է առաջադրվել: Այս անգամ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34.104 հոդվածի հատկանիշներով՝ սպանության փորձ: Սոս Շաբոյանը կալանավորված է, նախաքննությունը շարունակվում է:

ԱԶԱՏՎԵՑԻՆ
Երեկ համառորեն տեղեկություններ էին շրջանառվում, որ Սյունիքի մարզի դատախազ Նորայր Հակոբյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ն. Հակոբյանից: Վերջինս ասաց, թե ինքը բժշկի մոտ է եւ մի փոքր ուշ կպատասխանի մեր հարցերին: Սակայն մինչեւ ուշ երեկո այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Նշենք, որ Ն. Հակոբյանը համարվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մտերիմներից մեկը: «Ժողովուրդ»-ը փորձեց Ս. Խաչատրյանից պարզել, թե որն է եղել Սյունիքի դատախազի` պաշտոնից հեռանալու պատճառը: «Այո՛, մենք մտերիմներ ենք, բայց արդեն երկու ամիս է՝ իրար հետ չենք հանդիպել, ու ես չեմ կարող ասել, թե ինչու է նա որոշել դիմում գրել ու հեռանալ»,-ասաց Ս. Խաչատրյանը: Ի դեպ, երեկ աշխատանքից ազատվելու դիմում են գրել նաեւ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Համլետ Զաքոյանը եւ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

ԱՀԱԲԵԿՈՒՄ Է
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն  (6-րդ վարչություն) է դիմել 45-ամյա մի կին (հասկանալի պատճառներով անունը չենք նշում) ու տեղեկացրել, որ անհայտ մի անձ իրեն սպառնում է՝ պահանջելով 3000 ԱՄՆ դոլար: Մեր տեղեկություններով՝ տղամարդը «Օդնոկլասսնիկի» սոցկայքում այդ կնոջ անունով մի էջ է բացել, որտեղ տեղադրել է նրա պոռնո լուսանկարները, հեռախոսահամար եւ տարբեր գռեհիկ արտահայտություններ: Բացի այդ՝ սպառնացել է կնոջ հետ ունեցած ինտիմ գործողությունների տեսագրությունը հրապարակել: Իսկ տեսանյութը եւ ձայնագրությունը չհրապարակելու համար կնոջից պահանջել է 3000 ԱՄՆ դոլար: 45-ամյա կինը ստիպված դիմել է 6-րդ վարչություն` ահաբեկչին հայտնաբերելու համար: Մեր տեղեկություններով՝ ԿՀԴՊԳՎ-ին դեռեւս չի հաջողվել գտնել այդ անձին:




Լրահոս