Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալմանը նախորդել է քարոզչական զրպարտիչ արշավ. փաստաբաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժիրայր Սեֆիլյանի և նրա կողմնակիցների նկատմամբ ֆիզիկական կամ իրավական բռնություններին նախորդել են քարոզչական բնույթի վարկաբեկիչ և զրպարչական արշավներ տարբեր լրատվամիջոցներով և սոցցանցերով: Այս մասին հուլիսի 12-ին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում կայացած աուլիսին հայտարարեցին Ժիրայր Սեֆիլյանի ներկայացուցիչներ, փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը և Վարուժան Ավետիսյանը:

Ինչպես հայտնում են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբից ասուլիսը վերաբերում էր Արմենիա Թի-Վի հեռուստաընկերության Սուր անկյուն հաղորդաշարի 2016 թ. հունիսի 12-ի՝ թիվ 197-րդ թողարկման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանին զրպարտության և վիրավորանքի միջոցով նրա պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին հասցված վնասի հատուցման պահանջի գործին:

Գործով պատասխանողներն են «Արմենիա Թի-Վի» փակ բաժնետիրական ընկերությունը, Այդ հեռուստաընկերության Սուր անկյուն հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ալբերտի Ղազարյանը և այդ հաղորդաշարի 197-րդ թողարկմամբ հեռարձակված «Հաղթանակը շատ հայրեր ունի» խորագրով հաղորդման հեղինակ Նելլի Գրիգորի Հարությունյանը:

Ժիրայր Սէֆիլյանի փաստաբանները նշեցին, որ Ժիրայր Սեֆիլյանի և նրա կողմնակիցների նկատմամբ ֆիզիկական կամ իրավական բռնություններին նախորդել են քարոզչական բնույթի վարկաբեկիչ և զրպարչական արշավներ տարբեր լրատվամիջոցներով և սոցցանցերով: Այդպես է եղել 2014 թ. նոյեմբերին, երբ մահափորձ կատարվեց Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, և հրկիզվեցին Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած 100-ամյակը առանց ռեժիմի շարժման ավտոերթերին մասնակցած ավտոմեքենաները, որից հետո` 2015 թ. հունվարի 31-ին, այդ շարժման ավտոշարասյունը կանգնցեց Բերձորի մոտ, իսկ նրան մասնակցող Ժիրայր Սէֆիլյանը, նրա ընկերները, ներկա եղած լրագրողները, ինչպես նաև կանայք ու երեխաները դաժանաբար ծեծի ենթարկվեցին, ջարդուփշուր արվեց մոտ քսան ավտոմեքենա, լրագրողներից խլվեցին երեք տեսախցիկներ: Նույն կերպով, մինչ 2015 թ. ապրիլի 7-ը, երբ առանց որևէ հիմքի քաղաքական պատվերով հարուցված գործով կալանավորվեցին Ժիրայր Սէֆիլյանը և նրա չորս ընկերները:

Համանման քարոզարշավ է տեղի ունեցել նաև 2015 թ. հուլիսին` Բաղրամյանի իրադարձությունների ժամանակ, ինչպես նաև դեկտեմբերին` հանրաքվեի հետ կապած իրադարձությունների ժամանակ, սակայն առաջին դեպքում հանրային ակտիվության ալիքն անկում ապրեց, իսկ երկրորդ դեպքում հնարավոր չեղավ նոյեմբերի 25-ի այսպես կոչված հանցախմբի գործը կապել Ժիրայր Սէֆիլյանի հետ:

«Վերջին դեպքը տեղի ունեցավ 2016 թ. հունիսի 20-ին, երբ քաղաքական պատվերով հարուցված հերթական շինծու գործով կալանավորվեց Ժիրայր Սէֆիլյանը: Ժիրայր Սէֆիլյանի մեկուսացումն ապահովելու նպատակով նույն ձեռագրով հունիսի 12-ին համապատասխան հասարակական տրամադրություններ ձևավորելու նպատակով Արմենիա հեռուստաընկերությամբ ցուցադրվեց դիտարկվող հաղորդումը, որը պետք է ավելի լայն ձևաչափով կրկնվեր հունիսի 19-ին, իսկ հունիսի 20-ին արդեն պլանավորված էր կալանավորել Ժիրայր Սէֆիլյանին: Տեղեկատվական հակազդեցության և հասարակական բուռն ու լայն պարսավանքի շնորհիվ նախատեսվող հաղորդումը չկրկնվեց, սակայն զուգահեռաբար հրապարակումներ եղան մամուլի այլ աղբյուրներում, որից հետո Ժիրայր Սէֆիլյանն ըստ պլանի կալանավորվեց», – ասված է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի տարածած մամուլի հաղորդագրությունում:

Փաստաբանները, մասնավորապես, նշեցին, որ հեռուստաընկերությունը և գործով պատասխանող լրագրողները բոլոր ողջամիտ հնարավոր միջոցները չեն ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար: Ավելին, Ժիրայր Սեֆիլյանը լսված չի եղել, նրա հետ չեն կապվել և նրանից չեն ճշտել եղելությունը: Սա ևս հաստատում է, որ լրագրողները կարիք չեն ունեցել ճշմարտությունը պարզելու և կարիք չեն ունեցել Ժիրայր Սեֆիլյանի տեսակետը իմանալու:

Այսպիսով՝ «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկման ժամանակ ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, արվել են արտահայտություններ, որոնք արատավորում են Ժիրայր Սեֆիլյանի պատիվն ու արժանապատվությունը:

Քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների համաձայն՝ պատվի և արժանապատվության պաշտպանության հարցը մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի մաս է (տե՛ս A. v. NORWAY, no. 28070/06, §63, 64, 09/04/2009), հետևաբար վերոհիշյալ թողարկմամբ խախտվել է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը:

Ժիրայր Սեֆիլյանը ճանաչված քաղաքական գործիչ է, հետևաբար 12.06.2016թ. նրա վերաբերյալ նման բովանդակությամբ տեղեկություններ հրապարակայնորեն՝ ամենադիտվող հեռուստաալիքով տարածելը, խոստանալը, որ այդ պատմությունը ամբողջությամբ կներկայացնեն հատուկ դեպքերի 19.06.2016թ. թողարկման ժամանակ, իսկ 20.06.2016թ. Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալումը փոխկապակցված են և ուղղված են լռեցնելու Ժիրայր Սէֆիլյանին, խոչընդոտելու նրա քաղաքական գործունեությունը:

Նման պայմաններում զրպարտություն, վիրավորանք հանդիսացող, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելը խախտում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատությունը, ինչպես նաև 14-րդ հոդվածով ամրագրված խտրականության արգելքը:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով, Ժիրայր Սէֆիլյանը դատարան է դիմել հետևյալ երկու պահանջներով. Առաջին, պարտավորեցնել պատասխանողներին հրապարակային ներողություն խնդրել Ժիրայր Սէֆիլյանից: Երկրորդ, պարտավորեցնել պատասխանողներին «Սուր անկյուն» հաղորդաշարի՝ առաջիկայում հեռարձակելիք առաջին իսկ թողարկման մեջ հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակել դրանց վերաբերյալ Սեֆիլյանի պատասխանը՝ 2016 թ. հունիսի 12-ի դիտարկվող 197-րդ թողարկման՝ նրան վերաբերող հատվածներին հավասար ժամանակամիջոցում և ձևաչափով:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Շտաբ




Լրահոս