Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում հուլիսի 11-ին տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածքներ: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Այս մասով ArmLur.am-ը զրուցեց Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի ղեկավար Արամ Կատվալյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց.«Վնասվել են ծառեր, կարտոֆիլ, բանջարաբոստանային կուլտուրաներ, հիմնականում վնասվել է կաղամբը»:
Համայնքի ղեկավարը հայտնեց, որ բարեբախտաբար դաշտերին վնաս չի եղել: «Վնասներ կրել են գյուղի տնամերձ հողամասերը: Հիմնականում շատ վնասվել է կարտոֆիլը, կարծում եմ կարտոֆիլը կվերականգնվի»,- ասաց Արամ Կատվալյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ դեռևս վնասների մասին խոսել չի կարող, պետք է ստեղծվի հանձնաժողով պարզելու համար, թե ինչ վնասներ են կրել բնակիչները: ԲՆակիչներին աջակցություն կցուցաբերվի միայն վնասի չափը գնահատելուց հետո:
Նշենք, որ դեպքի վայր էր մեկնել Գավառ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Լիդա Եղիազարյան