Հուլիսի 10-ին Արմավիրում ու Արագածոտնում տեղացած ուժեղ կարկուտը մի քանի տասնյակ գյուղերում 100 տոկոսով ոչնչացրել է ցանքատարածություններն ու վնասել պտղատու այգիները: Միայն Արմավիրի մարզում մոտ 47 գյուղ է տուժել: Բանն այն է, որ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում գործող հակակարկտային կայանների միջոցով հնարավոր չի եղել կանխել չորրորդ կարգի կարկտահարությունը:
Արմավիրի մարզի Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց, որ կարկտահարության արդյունքում գյուղացիները զրկվել են իրենց ունեցած ողջ բերքից: Դա նրանց միակ եկամուտն էր՝ ողջ տարվա համար: «Գյուղը 100 տոկոսով վնաս է կրել. 50 հա հացահատիկ է վնասվել, 30-40 հա՝ լոլիկ, ձմերուկ: Ու նաեւ վնասվել են խաղողի այգիները»,- ներկայացրեց գյուղապետը:
Նրա խոսքերով, գյուղում կան տեղադրված հակակարկտային կայաններ, դրանք կրակել են, բայց անարդյունավետ: «Արդյունքը՝ զրո: Մասնագետները մեզ բացատրեցին, որ կարկտաբեր ամպերը բարձր են եղել, ինչի պատճառով կայանների ուժը չի բավարարել: Չեն հասցրել դրանք ցրել»: Ծաղկալանջի գյուղապետը տեղեկացրեց նաեւ, որ հանձնաժողով է ստեղծվել՝ վնասի չափը հաշվարկելու համար: Նշենք, որ Արմավիրի մարզում բացի Ծաղկալանջից՝ կարկտահարության արդյունքում հսկայական վնասներ են կրել նաեւ Արշալույս, Հայթաղ, Գեղակերտ, Արագած, Աղավնատուն, Այգեշատ եւ այլ համայնքները:
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը ,Ժողովուրդե-ին ներկայացրեց, որ կարկուտի հետեւանքով Արմավիրի մարզում վնաս է կրել շուրջ 47 գյուղ: ,Հակակարկտային կայանները աշխատել են, բայց արդյունավետությունը 0 տոկոս է եղել: Քանի որ ամպը հզոր է եղել, աղետալի, դրա համար էլ վնասներ է հասցրելե,- հավաստիացրեց մարզպետարանի աշխատակիցը:
Բացի Արմավիրի մարզից՝ Արագածոտնի մի քանի տասնյակ գյուղեր եւս հուլիսի 10-ի կարկտահարության արդյունքում մեծ վնասներ են կրել: Օրինակ՝ Կարբիի գյուղապետ Կարո Բաղդասարյանը ,Ժողովուրդե-ի հետ զրույցում բառեր չէր գտնում նկարագրելու գյուղացիների ,շվարածե վիճակը: Միայն նշեց, որ կարբեցիները կարկտահարության արդյունքում հսկայական վնասներ են կրել. ,Ինչ ունեինք, կարկուտը լրիվ ջնջեց, տարավ: Հակակարկտային կայանները աշխատել են, կրակել են, բայց այնպիսի կարկուտ է եղել, որ դրանք չեն կարողացել ցրել: Չգիտեմ, թե ինչ է պետք անել՝ գյուղացիներին այս վիճակից հանելու համարե,- ասաց գյուղապետը: Այս մարզում բացի Կարբիից՝ կարկուտը մեծ վնասներ է հասցրել նաեւ Ուշիին, Սասունիկին, Սաղմոսավանին, Օհանավանին, Արտաշավանին, Նոր երզնկային եւ այլ համայնքների:
Արագածոտնի մարզի Սաղմոսավանի գյուղապետ Ներսես Ավագյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ 60-70 հա ցանքատարածություն վնասվել է: ,Մինչեւ հիմա դեռ կարկուտի հատիկները առուների մեջ են մնացել: Գյուղացու ողջ ունեցվածքը ավերվել է: Երեկ էլեկտրաէներգիան նույնպես անջատվեց, հավանաբար դա էլ խանգարեց, որ հակակարկտային կայանները արդյունավետ չաշխատեցին: Քամուց, կայծակից հետո էլէներգիան անջատվեց եւ տեւական ժամանակ մնաց այդպեսե,- ներկայացրեց Սաղմոսավանի գյուղապետը:
Նշենք, որ ե՛ւ Արմավիրի, ե՛ւ Արագածոտնի մարզերի բնակիչները միլիոնների հասնող վարկային պարտավորություններ ունեն առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների նկատմամբ: Իսկ հուլիսի 10-ի կարկտահարությունից հետո նրանք հայտնվել են անելանելի եւ ծայրահեղ ծանր վիճակում. բոլորին միայն մեկ հարց է տանջում՝ ինչպես են մարելու կուտակած վարկային պարտավորություններն ու պարտքերը: Արդյոք այս դեպքում կառավարությունը կկարողանա առարկայական օգնություն ցույց տալ գյուղացիներին, թե կբավարարվի միայն ջրի եւ հողի հարկերը զեղչելով, ինչպես միշտ է անում: Այս հարցի պատասխանը առայժմ չկա: Սակայն փորձը ցույց է տալիս, որ պատկան կառույցները, այդ թվում եւ գյուղատնտեսության նախարարությունը, բավարարվում են միայն կարկտահարությունից վնասներ կրած գյուղերում շրջելով եւ մարդկանց հանգստացնելով: Իսկ փոխհատուցման մասով կամ գյուղացու հոգսը թեթեւացնելու համար ԳՆ-ն չկա, իրավասու չէ:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Արմավիրի մարզի մի քանի տասնյակ գյուղեր կարկուտի հետեւանքով կրկին մեծ վնասներ կրեցին: Իսկ կառավարությունը բավարարվեց միայն գյուղացիների ջրի, հողի հարկերը զեղչելով կամ զրոյացնելով: Այդ ժամանակ, ինչպես հիշում եք, հակակարկտային կայանները «Յուքոմ» ընկերության կապի խափանման պատճառով չէին կրակել: Սակայն այս դեպքը պատկան մարմինների կողմից որակվեց որպես ֆորս-մաժորային, եւ արդյունքում գյուղացին կրկին մնաց իր խնդիրների հետ միայնակ:
Իսկ հուլիսի 10-ի կարկտահարության դեպքում թեեւ գյուղապետերը պնդում են, որ կայանները կրակել են, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ դրանք չեն կրակել: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվական վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանի հետ, ով ասաց, որ հակակարկտային կայանները աշխատել են, եւ շաբաթվա ընթացքում դրանցից արձակվել է մոտ 69 հազար կրակոց: ,Հուլիսի 10-ին տեղացած առատ անձրեւն ու կարկուտը բազմաթիվ վնասներ են հասցրել հատկապես Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում, որովհետեւ գրանցվել է չորրորդ՝ ամենաբարձր կարգի կարկտային պրոցես: Արմավիրի մարզում տուժել է 21 համայնք (իսկ Արմավիրի մարզպետարանի աշխատակիցը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ վնասներ են կրել 47 համայնք), որոնցից 15-ը չպաշտպանվող գոտում է եղել: Իսկ մյուսներում չորրորդ՝ ամենաբարձր կարգի կարկտային պրոցեսի պարագայում կայանքները իրենց ներգործությամբ կարող են թուլացնել կարկուտը, բայց ամբողջությամբ այն հնարավոր չէ չեզոքացնելե,- նկատեց ԱԻՆ ներկայացուցիչը:
Հաշվի առնելով վերջին դեպքերը՝ կառավարությունը պետք է անհապաղ լուծի հակակարկտային կայանների հարցը, քանի որ, ինչպես փորձն է ցույց տալիս, այս կայանները չեն կարողանում աղետի դեմն առնել: Արդյունքում գյուղացին կորցնում է սպասվող բերքի մեծ մասը, իսկ կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում փոխհատուցել՝ վերջինիս թողնելով կոտրած տաշտակի առաջ: Մինչդեռ Հայաստանում հակակարկտային կայաններ տեղադրելու համար միլիոններ են ծախսվել, տարիներ շարունակ այդ կայանների տեղադրումը հռչակվել է գյուղատնտեսության նախարարության համար առաջնահերթություն, եւ նաեւ միջազգային դոնոր կազմակերպություններից են մեծ ֆինանսական միջոցներ ներգրավվել կայանների տեղադրման համար, որոնց արդյունավետությունը, ինչպես պարզվեց, զրոյական է: Եվ հիմա հարց է առաջանում՝ ով է պատասխանատու ռիսկերի սխալ հաշվարկի համար: Արդյոք կարկուտի դեմ պայքարի այլ մեթոդներին չպետք է ուղղվեին այդ հսկայական ֆինանսական միջոցները:
Մասնագետների կարծիքով, կարկուտի դեմ պայքարի ամենաարդյունավետ ձեւերից մեկը ավիացիոն՝ հրթիռային կամ արկային համակարգերով պայքարն է: Բացի այս՝ եվրոպական երկրներում լայնորեն կիրառվում է ցանցային համակարգը. դաշտերի եւ այգիների վրա փռվող մետղյա ցանցերը 100 տոկոսանոց պաշտպանություն են ապահովում: Դա, սակայն, բավականին թանկ տարբերակ է, որը Հայաստանում կիրառելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ