Համաձայն «Ժողովուրդ»-ի խմբագրություն ներկայացված բողոքի` Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) ուսանողներին կուրսային աշխատանքներ են վաճառում:
«2011-2012 ուստարում լրագրության բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Է. Կ.-ի կողմից ներկայացվել է կուրսային աշխատանք՝ հայկական մամուլում վերնագրերի առանձնահատկությունների մասին: Աշխատանքն արժանացել է 90 միավորի: Բայց ուզում եմ ընդգծել՝ զարմանալի «զուգադիպությամբ» այդ կուրսային աշխատանքը տառացիորեն նման էր դեռ 2007-2008 ուստարում լրագրության բաժնի ուսանողուհի Հ. Գ.-ի գրած աշխատանքին, որի ղեկավարը եղել եմ ես»,-ներկայացնում է ԵՊԼՀ-ի նախկին դասախոսը (անունը հարգելի պատճառներով առայժմ չենք գրում):
Համաձայն դասախոսի պնդման` Է. Կ-ի ներկայացրած աշխատանքը եղել է Հ. Գ.-ի աշխատանքի տառացի արտագրությունը: Արտագրված են եղել ե՛ւ տեսական մասը, ե՛ւ օրինակները: «Կարող եք համոզվել՝ ասածս երկու աշխատանքները համադրելով: Անհավատալի է, որ 2012-ին ուսանողն իր կուրսային աշխատանքի մեջ օգտագործի 2007թ. թերթերից օրինակներ, ընդ որում, այնպիսի թերթերից, որոնք այսօր լույս չեն տեսնում: Ավելին, զարմանալի զուգադիպությամբ այդ բոլոր օրինակները համընկնում են: Ուրեմն կատարվել է արտագրություն: Իսկ թե ինչպես է այդ կուրսայինը հայտնվել ուսանողի մոտ, դժվար չէ ենթադրել. նրան հավանաբար այդ աշխատանքը վաճառել է այդ գիտաուսումնական կենտրոնի ղեկավարը: Իմ ուսանողուհու գրած կուրսային աշխատանքի օրինակները գտնվում են երեք տարբեր վայրում՝ ինձ մոտ, աշխատանքի հեղինակի՝ Հ. Գ.-ի մոտ եւ միջազգային լրագրության ԳՈՒ կենտրոնում: Պարզել եմ՝ Հ. Գ.-ն Է. Կ.-ին չի տվել իր աշխատանքը, որովհետեւ նրանք որեւէ, անգամ միջնորդավորված առնչություն չունեն իրար հետ»,-հավաստում է դասախոսը:
Երբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ԵՊԼՀ-ի ռեկտոր Գայանե Գասպարյանի հետ, վերջինս նշեց, որ նման մեղադրանքով որեւէ դասախոս իրեն չի դիմել. «Եթե ինձ դիմեին, ես անպայման կպատժեի մեղավորներին: Մենք շատ հետեւողական ենք նման դեպքերում, եւ կարող եմ ասել, որ մեր աշխատանքները՝ նման դեպքերը բացառելու ուղղությամբ, բավականին արդյունավետ են: Ես չեմ հիշում, որ կուրսային աշխատանք վաճառելու մասին բողոքով ինձ որեւէ դասախոս մոտեցած լինի»:
Սակայն մեզ դիմած դասախոսը հավաստում է, որ ինքը նույնիսկ այդ մասին նամակ է գրել Գասպարյանին, եւ անհնար է, որ ռեկտորը չհիշի դրա մասին:
Այդուհանդերձ, մեզ դիմած դասախոսի ձեռքի տակ, իր պնդմամբ, կան փաստեր, որոնք ապացուցում են` 2012-ին Բրյուսովում կուրսային աշխատանքի առքուվաճառք է տեղի ունեցել:
ԲՐՅՈՒՍՈՎՈՒՄ ԿՈՒՐՍԱՅԻՆՆԵՐԻ ԱՌՔՈՒՎԱՃԱ՞ՌՔ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ