ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ռազմական բաղադրիչը մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար: Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Մենք պետք է աստիճանաբար վերացնենք հակամարտության կարգավորման ճանապարհին առաջացած խոչընդոտները»,-ընգծել է Մամեդյարովը:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Ռուսաստանը փորձում է տարածաշրջանում ավելացնել իր ազդեցությունը: Կարծում եմ գլխավոր խնդիրը, որ Հայաստանին հետապնդում է Ռուսաստանի Դաշնությունը, դա Ադրբեջանի հետ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հարաբերություններ կառուցելն է: Ղարաբաղյան խնդիրը նրանց հիմնական պահանջներից մեկն է»:
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ռուսաստանը չի կարող բավարարել Ադրբեջանի պահանջները, բայց փորձում է ակտիվություն հաղորդել այդ բանակցային գործընթացին և փոխադարձ լուծումներ գտնել:
«Վստահ եմ, որ բոլոր դեպքերում քաղաքական ճանապարհով խնդիրը լուծումներ չունի այս փուլում: Կշարունակվեն հադիպումները, կլինեն աշխատանքային հանդիպումներ, սակայն ես չեմ կարծում, որ այսպիսի բանակցությունները արդյունք կտան»,- ամփոփեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Լիդա Եղիազարյան