Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորք-Մարաշ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող նոր շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ թիվ 157 դպրոցի՝ տարիներ շարունակ չօգտագործվող տարածքն ամբողջությամբ հիմնանորոգվում ու հարմարեցվում է շախմատի դասընթացների կազմակերպման համար, որը շախմատասեր մանուկներին հնարավորություն կընձեռի ստանալ շախմատային անվճար կրթություն: Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակում, մայրաքաղաքում գործող շախմատի դպրոցներն ամբողջությամբ կահավորվում են նաև համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով, ուսումնական գործընթացի համար ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները:

«Ինչպես խոստացել էինք, այս տարի ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, ինչի արդյունքում Երևանի բոլոր 12 վարչական շրջաններն ապահովված կլինեն շախմատի հարմարավետ դպրոցներով: Ծրագիրը դեռևս ընթացքի մեջ է Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, որոնք ևս մինչև տարեվերջ կավարտվենք: 2013 թվականից մեկնարկած մեր այս ծրագրի շրջանակում այսօր արդեն շուրջ 4000 երեխաներ շախմատային անվճար կրթություն ստանալու հնարավորություն ունեն»,- ընդգծել է քաղաքապետը:

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետին է ներկայացվել նաև Նորքի 7-րդ փողոցից 5-րդ փողոց տանող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների ընթացքը: Թիվ 123 մանկապարտեզը շրջանցող նոր ճանապարհահատվածի կառուցման խնդիրը բնակիչների կողմից բարձրացվել էր Երևանի քաղաքապետի աշխատանքային նախորդ շրջայցերից մեկի ժամանակ: Աշխատանքներն ընդգրկվեցին Երևանի քաղաքապետարանի 2016թ.-ի ծրագրում և այժմ ընթացքի մեջ են: Շնորհակալություն հայտնելով խնդրին լուծում տալու համար՝ մանկապարտեզի տնօրենը նշել է, որ մինչ այդ որպես Նորքի 7-րդ փողոցից 5-րդ փողոց տանող ճանապարհահատված ծառայել է մանկապարտեզի բակը, ինչն անհարմարություններ էր ստեղծում փոքրիկների հանգստի համար: Օգտվելով առիթից՝ մանկապարտեզի սաների ծնողներն էլ իրենց հերթին են նշել, որ իսկապես գնահատելի է քաղաքային իշխանության հետևողական աշխատանքը բոլոր ուղղություններով:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև թիվ 122 մանկապարտեզի հարակից տարածք, որտեղ Նորք-Մարաշի բնակիչների համար կառուցվում է հանգստի հերթական գոտին: Փոքրիկ պուրակը կահավորված կլինի նստարաններով ու մանկական խաղահրապարակով:
«Նորք-Մարաշը հիմնականում սեփական տնատիրություններով պարփակված վարչական շրջան է և այստեղ իրականում բավականին դժվար է առանձնացնել տարածք, որը բարեկարգվի ու դառնա վարչական շրջանի հանգստի գոտի, ինչպիսիք ունենք բոլոր մյուս վարչական շրջաններում: Եվ այդ տեսանկյունից իսկապես կարևոր է, որ այստեղ ևս առանձնացվել է նման տարածք, որը, վստահ եմ, բարեկարգումից հետո կդառնա տեղի բնակիչների սիրված հերթական հանգստի գոտին»,- նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս