Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի 2016թ.-ի ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին տեղերում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակում է աշխատանքային շրջայցերը վարչական շրջաններում: Կենտրոն վարչական շրջանում Երևանի քաղաքապետն այցելել է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում բարեկարգվող Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգի: Շուրջ 2.5 հա զբաղեցնող տարածքում բարեկարգման համալիր մոտեցում է ցուցաբերվում: Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ հանգստի գոտին կապահովվի ոռոգման նոր համակարգով, արտաքին լուսավորության ցանցով, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ: Նախագծի համաձայն՝ միջոցառումներ կազմակերպելու համար այգում կկառուցվի ամֆիթատրոն, շուրջ 2000 քմ-ով կավելացվեն կանաչ տարածքները: Ծրագրի շրջանակում նոր մոտեցում կցուցաբերվի նաև այգու շատրվանային համալիրների կառուցման հարցում, որոնք կառանձնանան իրենց տեսքով ու լուսային ձևավորումով:

«Տարեցտարի ավելի է ակտիվանում քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը, որի շրջանակում զգալի աշխատանքներ են իրականացվել և իրականացվում: Մենք ողջունում ենք նմանատիպ ծրագրերը, հատկապես երբ մասնավորը ներդրում է իրականացնում հանրային վայրերում: Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում այսօր վերակառուցման լայնածավալ ծրագիր է իրականացվում «Տաշիր» բարեգործական հիմնադրմանի կողմից, ինչի արդյունքում այգում կստեղծվեն լիարժեք հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակում այգում զգալիորեն ավելանալու է կանաչ գոտու ծավալը, և այն կառանձնանա նաև իր ջրային մակերեսով: Այստեղ լինելու է շատրվանների շարք, որոնց կառուցումը աշխատատար է, բայց արդյունքը, համոզված եմ, կգոհացնի բոլորին»,- ընդգծել է քաղաքապետը:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Երևանի Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածք, հետևել վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ ներկայում ընթացքի մեջ է առևտրային տաղավարների տեղադրումը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել իրականացվող աշխատանքների որակն ու այն ավարտել սահմանված ժամկետներում:

Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում շուրջ 2000 տնտեսվարողների գործունեության կանոնակարգմանը զուգահեռ, «Վերնիսաժում» հարմարվետ պայմաններ կապահովվեն նաև զբոսաշրջության, լիարժեք հանգստի ու ժամանցի կազմակերպման համար: Հարկ է նշել, որ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո «Վերնիսաժում» վաճառվելու են միայն վերնիսաժային ապրանքներ, իսկ տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողներն արդեն իսկ տեղափոխվել են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված:

Քաղաքապետին ներկայացված հաջորդ ծրագիրը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգումն էր: Ծրագրի շրջանակում ավելի քան 30 տարի առաջ նորոգված դպրոցում հարմարավետ պայմաններ կապահովվեն 950 սաների համար: Իր գոհունակությունը փոխանցելով քաղաքապետին՝ մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար, դպրոցի տնօրենը նկատել է, որ ազգային մշակույթի պահպանման ու մշակութասեր սերունդ դաստիարակելու համար ծրագիրն իսկապես կարևոր է ու սպասված: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ ծրագիրը լինելու է շարունակական և ընդգծել, որ առաջիկա տարիներին հարմարավետ պայմաններ են ապահովվելու մայրաքաղաքի բոլոր կրթամշակութային օջախներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս