ԴԺՎԱՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ
Հոկտեմբերի 10-ին Բուլղարիայի ազգային հավաքականը ժամանեց Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ հայ երկրպագուները ոչ այնքան բարեկամաբար դիմավորեցին հյուրերին: Դա անցյալ տարի սեպտեմբերին Բուլղարիայում կայացած մրցավեճի ընթացքում տեղի ունեցածի արձագանքն էր։
Հիշեցնենք, որ տանտերերի կազմակերպած սադրիչ գործողությունների արդյունքում մեր հավաքականից հեռացվեց Մարկոս Պիզելին, քիչ անց նույն բախտին արժանացավ Գեւորգ Ղազարյանը, երբ չկարողացավ զսպել զայրույթը եւ գնդակը նետեց այն միտումնավոր ուշացնող տղայի ուղղությամբ։ Իրենց շատ վատ պահեցին նաեւ բուլղարացի երկրպագուները, որոնք կազմակերպված ձեւով վիրավորական արտահայտություններ արեցին Հայաստանի հասցեին: Դառնալով «Զվարթնոց»-ում տեղի ունեցածին՝ նշենք, որ իր երկրի պատվիրակության կազմում Երեւան ժամանած Բուլղարիայի ֆուտբոլային միության նախագահ Բորիսլավ Միխայլովն ասել է, որ կատարվածի առնչությամբ մտադիր են բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ-ին եւ ՖԻՖԱ-ին:
Դե իսկ հանդիպումն անցավ լարված պայմաններում եւ ավարտվեց 2:1՝ հօգուտ մեզ:
ՄԵԿ ԽԱՂԱԿԵՍԻ ԹԻՄ ՈՒՆԵՆՔ
Հոկտեմբերի 10-ին մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի 2015թ. առաջնության ընտրական փուլի 10-րդ խմբում մեր հավաքականը, ավելի ճիշտ՝ Երեւանի «Փյունիկ»-ը, 1։4 խոշոր հաշվով պարտություն կրեց Ֆրանսիայի հավաքականից։ 3 խաղից հետո ֆրանսիացիները վաստակեցին 9 միավոր, իսկ առաջատարը 12 միավորով իսլանդացիներն են, որոնք 4 խաղ են անցկացրել: Մեր հավաքականը 3 խաղից հետո վաստակել է 3 միավոր, 5-ական հանդիպումից հետո նույնքան միավոր ունեն Ղազախստանի եւ Բելառուսի հավաքականները։
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը սովորաբար նույնիսկ պարտությունից հետո գոհ էր մնում «տղաների խաղից»։ Սակայն այս անգամ նրա գնահատականն ավելի իրատեսական էր. «Կարծում եմ՝ հաղթեց ուժեղագույն թիմը: Իր խոսքն ասաց ֆուտբոլիստների վարպետությունը: Մենք կարողացանք դիմակայել ընդամենը մեկ խաղակես: Երկրորդ խաղակեսում ֆրանսիացիները լիովին տիրում էին նախաձեռնությանը»:
Միայն մի բան ուրախացրեց. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեր տղաներից առանձնացրեց Աղասի Պապիկյանին` նշելով, որ նա «լավ ապագա կարող է ունենալ Արեւմտյան Եվրոպայում»։
Մեր երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 14-ին կհյուրընկալի Ղազախստանի հավաքականին։