ՀԱՐՑ. Վերջին շրջանում տարածված է դարձել հանգուցյալի աճյունը եկեղեցում դնելը: Սա նորամուծությո՞ւն է: Եվ ո՞ր եկեղեցիներում կարելի է դնել հանգուցյալների աճյունները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ մի նորամուծություն չկա: Դա հին քրիստոնեական ավանդույթ է ոչ միայն Հայաստանում, այլեւ ընդհանրապես քրիստոնյա աշխարհում: Հայոց մեջ եկեղեցու սպասավորի կողմից կատարվող թաղման կարգը բաժանվել է 3 մասի՝ տան կարգ, եկեղեցու կարգ, գերեզմանի կարգ… Երբ մարդը մահանում էր, մի քանի ժամ տանն էին դնում, այնուհետեւ երեկոյան տեղափոխում էին եկեղեցի, որտեղ հաջորդ օրը՝ առավոտյան, կատարում էին եկեղեցու կարգ եւ տանում գերեզման՝ հողին հանձնելու: Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցու հատվածը դուրս եկավ… Այսօր դա նորից կյանքի է կոչվել, բայց չունենք գերեզմանատներին կից եկեղեցիներ, եւ երբեմն եկեղեցում հանգուցյալ դնելը անհարմարություն է առաջացնում: Կարծում եմ՝ լուծումը կգտնվի. յուրաքանչյուր գերեզմանատանը կից մատուռներ կկառուցվեն, որտեղ կդրվեն հանգուցյալները: Այնտեղից էլ կկազմակերպվի հուղարկավորության կարգը:
Հիմնականում քաղաքի ծայրամասերի եւ գյուղերի բոլոր եկեղեցիների քահանաներին տրված է իրավունք՝ տնօրինել թաղման ծեսերը, եթե իրենց օրվա ժամատախտակին համապատասխան է: Երեւանում նման եկեղեցիները 2-ն են՝ Նորագավթի Ս. Գեւորգը եւ Քանաքեռի Ս. Հակոբը: Մնացյալ տեղերում, եթե նման կարգ կլինի, ապա միայն բացառիկ թույլտվությամբ: Իսկ Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում միայն մշակութային, պետական գործիչների աճյուններն են դրվում վեհափառ հայրապետի թույլտվությամբ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ է, որ մոռացված կարգը կամաց-կամաց կյանքի է կոչվում, բայց դա պետք է տեղի ունենա հավուր պատշաճի: Չմոռանանք, որ վերջին տարիներին նորագավիթցիները բազմիցս գրավոր դիմում-բողոքներ են հղել տարբեր ատյանների, սակայն ապարդյուն: Նույնիսկ 800 մարդու ստորագրությամբ նամակ են ուղարկել ամենայն հայոց կաթողիկոսին խնդրին լուծում տալու համար: Կարծում ենք` միակ ելքը տվյալ եկեղեցու տարածքում փոքրիկ մատուռ կառուցելն է: