«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ազգային անվտանգության ծառայությունը խիստ հսկողություն էր սահմանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Բանն այն է, որ Թուրքիայից Արաքս գետով, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2, իսկ ըստ մեր տեղեկությունների՝ 4-5 անձ է հատել սահմանը եւ փորձել թաքնվել թփուտներում: Չի բացառվում, որ Հայաստան ներթափանցած 4-5 հոգանոց խմբի անդամները լրտեսներ կամ ահաբեկիչներ լինեն, քանի որ նրանք իրավապահներին տարբեր բաներ են պատմում:
Սահմանը հատողներին
կալանավորեցին
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունը պաշտոնապես տեղեկացրել է տիրող իրավիճակի մասին, սակայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռեւս լռում է: Միգուցե պատճառը հասարակության շրջանում խուճապ չառաջացնելն է, կամ այլ խնդիր կա, որի մասին դեռեւս հայտնի չէ….
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, թե Թուրքիայից սահմանը հատած եւ Արարատի սահմանում հայտնված Աֆղանստանի եւ Պակիստանի քաղաքացիներն ինչ են պատմել իրավապահներին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջիններս հայտնել են, թե Հայաստանի մասին որեւէ բան չգիտեն եւ, առհասարակ, երբեւէ չեն էլ լսել: Ավելին՝ նրանք հավաստիացրել են, թե աշխատանք են փնտրել Թուրքիայում, պատահական են հայտնվել սահմանի այս հատվածում եւ չգիտեն, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել: Նկատենք, որ այս պատմության մեջ բավականին մութ կետեր կան: Բանն այն է, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել էր, թե նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են եւ մտադիր են եղել Հայաստանի միջոցով հասնել մինչեւ Եվրամիության երկրներ: Ասել է, թե սահմանը հատած անձինք շատ լավ գիտակցել են, թե ուր են գնում եւ ինչ նպատակով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: