Փնտրվում է ՀՀԿ տատիկը. նրան ցանկանում են նկարահանման առաջարկ անել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ տատիկին, որը վաղուց արդեն աստղ է դարձել, փնտրում են` նկարահանման առաջարկ անելու համար: «Շտապ նկարահանման համար պետք է ՀՀԿ հայտնի տատիկը ))) Հա բայց լուրջ եմ ասում ))) հասցե կամ հեռախոս եթե կա ուղարկեք ))»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինդիվիդում քաստինգ փրոդաքշն»-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանը:

Մեզ հետ զրույցում նա մանրամասնեց, որ նկարահանվելու է երգի տեսահոլովակ, որի մասնակիցների քաստինգն իրենք են իրականացնում: Աշոտ Սարգսյանը երգչի անունը առայժմ չնշեց, բայց ներկայացրեց տեսահոլովակի սյուժեն. երիտասարդ սիրահար զույգը հանդիպում է բազմաթիվ դժվարությունների: Աղջկա ընտանիքը դեմ է նրանց հարաբերություններին, իսկ հատկապես տատիկը` այդ ընտանիքի ամենավառ ներկայացուցիչը` կոլորիտային, խիստ ու ջղային, անընդհատ խոչընդոտներ է ստեղծում երիտասարդների համար, հալածում նրանց: Եվ հենց տարեց այդ կնոջ կերպարը մարմանավորելու առաջարկով տեսահոլովակի հեղինակները ցանկանում են դիմել ՀՀԿ տատիկին:

Չիմացողների համար նշենք, որ ՀՀԿ տատիկին, որին լրատվամիջոցները հենց այդպես էլ ներկայացնում են` առանց անուն-ազգանունի, հաճախ կարելի է տեսնել կառավարության շենքի մոտ` նիստերի օրը: Նա սաստում ու ամոթանք է տալիս այս կամ այն խնդիրը լուծվելու ակնկալիքով կառավարության մոտ բողոքի ցույց անող քաղաքացիներին, փորձում է նրանցից բարձր գոռալ` վերջիններիս ձայները խլացնելու համար, գովաբանում է իշխանություններին, Հրանուշ Հակոբյանի ձեռքը համբուրում, փարվում վարչապետին, հեռակա սեր խոստովանում Սերժ Սարգսյանին:  «Սիրում եմ նախագահին, սիրում եմ երկիրը, սիրում եմ բոլոր իշխանավորներին, սիրում եմ իր բոլոր աշխատակազմը, բոլորը խելացի, գրագետ, կրթված մարդիկ են»,- մի առիթով ասում էր ՀՀԿ տատիկը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս