«Բազեում» մեծ տեղ է հատկացված մարզական խաղերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 22-28-ն անցկացվելիք «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում մեծ տեղ է հատկացված մարզական միջոցառումներին։ Հայաստանը, Արցախը, Ջավախքն ու սփյուռքը ներկայացնող ջոկատներն ուժերը չափելու են սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, բազկամարտ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր, լող մրցաձևերում։
«Բազեի» մարզական ղեկավար Գրիգորի Ամբարյանը, որ հավաքի հնաբնակներից է և ամեն տարի աշխատում է ավելի քան 400 մասնակիցների հետ, նշում է, որ վերջին տարիներին երիտասարդներն ավելի շատ են սկսել հետաքրքրվել սպորտով և վարում են առողջ ապրելակերպ. «Առավոտյան վերկացին տեսնում ենք, որ երիտասարդների մեծ մասն արդեն դրսում վազում, մարզվում է։ Նախկինում նման բան գրեթե չկար, այսօր արդեն այդ ամենը զանգվածային բնույթ է կրում։ Ընդ որում, ոչ միայն տղաներն են լուսաբացին արթնանում, կոփում իրենց մարմինը, այլև աղջիկները։ Սա ուրախալի է, նաև վարակիչ է, ոգևորում ու ձգում է այն երիտասարդներին, ովքեր նման սովորություն չունեին»։

Հավաքի մարզական ղեկավարը նկատում է, որ «Բազեում» կողք կողքի մրցում են պրոֆեսիոնալ մարզիկներն ու ոչ պրոֆեսիոնալները։ Գրիգորի Ամբարյանն ասում է, որ բարձրակարգ մարզիկների հետ շփումն օգնում է երիտասարդներին, որպեսզի դառնան ավելի սպորտային, խաղերի միջոցով սովորեն պրոֆեսիոնալներից։ Բացի այդ, այս ձևաչափով մրցումներն ավելի հետաքրքիր, դիտարժան են անցնում։
Գրիգորի Ամբարյանը նշում է նաև, որ «Բազեում» իր համար ամենակարևորը համախմբումն է, մրցակցային, ընկերական մթնոլորտը. «Ես 2005 թվականից մասնակցում եմ «Բազե» հավաքներին, 11 տարվա մեջ մեծաթիվ ընկերների եմ ձեռք բերել։ «Բազե» 14 տարվա պատմություն ունի, երկարակեցությունը վկայում է ծրագրի հաջողված լինելու մասին։ Այսօր նույնպես այն սպասված է։ Այս օրերին ջոկատների կազմավորման, մասնակիցների ընտրության գործընթացներն են։ Եվ տեսնելով, թե բուհերում, մարզերում ինչպես են երիտասարդները ձգտում մասնակից դառնալ այս հավաքին, կարելի է ասել, որ այն սպասված ու պահանջված ծրագիր է»։

Նշենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։ Ամեն տարի հավաքին մասնակցում են շուրջ 500 երիտասարդներ՝ մրցելով մշակութային, մարզական և ինտելեկտուալ խաղերում, ինչպես նաև անցկացնում են մշակութային, պետական, հասարակական գործիչների հետ հանդիպումներով, քննարկումներով հագեցած օրեր։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս