ՀՀ Սահմանադրությունն այսօր դարձավ 21 տարեկան: Անցած տարիներին Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասի համար Սահմանադրությունն այդպես էլ չդարձավ երկրի հիմնական փաստաթուղթ՝ Մայր օրենք: Առկա իրավիճակը բազմաթիվ պատճառներ ունի, բայց ամենակարեւորն այն է, որ քաղաքացին մինչ օրս գործողության մեջ չի տեսել Սահմանադրությունը՝ զրկված լինելով ընտրություններով իշխանություն ձեւավորելու իր անքակտելի իրավունքից: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը` «ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է», խախտվել է տարիներ շարունակ:
1995 թվականի հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրությունն ընդունելուց հետո Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական չորս եւ նախագահական հինգ ընտրություններ: Միայն մեկ անգամ՝ 1999-ի ԱԺ ընտրություններից հետո է իշխանության ղեկն հայտնվել ՀՀ քաղաքացիների մեծամասնության աջակցությունը վայելող անձանց ձեռքում` ի դեմս Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքի: Մնացած բոլոր ընտրությունների ելքը քաղաքացիների նախապատվության հետ կապ չի ունեցել, այսինքն՝ Սահմանադրության 2-րդ հոդվածը չի գործել: Ու քանի դեռ այս խնդիրը չի լուծվել, ՀՀ քաղաքացին կշարունակի Սահմանադրությանը վերաբերվել իբրեւ «օտար» փաստաթղթի եւ սահմանադրական կարգի բացակայության պարագայում կնշի Սահմանադրության օրը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր Աղվերանում նախատեսված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը մի խումբ գործարարների հետ: Հանդիպումն անցկացվում է փակ ֆորմատով: Մեր տեղեկություններով՝ նման հանդիպումները անցկացվում են մոտ երկու ամիսը մեկ պարբերականությամբ, եւ ամեն անգամ հրավիրվում է գործարարների մի առանձին խումբ: Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը գործարարներին առաջարկում է առանց կաշկանդվելու բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին եւ տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, եթե այդպիսիք կան: Իշխանությունները հույս ունեն, որ այդ կերպ հնարավոր կլինի մեղմել իրենց հանդեպ գործարարների շրջանում ձեւավորված բացասական վերաբերմունքը: Սակայն մասնակիցների պատմածները լրիվ հակառակ տպավորություն են ստեղծում. նրանք իրականում միայն ազատ մրցակցային հնարավորություններ են պահանջում, ինչն այս իշխանությունը չի կարող տալ:
Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո, երբ պարզ դարձավ, որ այն դեռ երկար չի գործելու, Հայաստանից դեպի Ռուսաստան ավիատոմսերը կտրուկ թանկացել են: Մասնավորապես, մինչ այս Երեւան-Մոսկվա չվերթի ավիատոմսը վաճառվել է 51-ից 52 հազար դրամով: Այժմ նույն տոմսը հնարավոր է գնել 68-ից 95 հազար դրամով: Իսկ Երեւան-Սոչի ավիատոմսը մինչ Վերին Լարսի անցակետի բացումն արժեցել է 43 հազար դրամ, այժմ այդ նույն տոմսը հնարավոր է գնել 78 հազար դրամով: Ի՞նչ է անում Արտակ Շաբոյանի գլխավորած տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասացին, որ հանձնաժողովը դիմել է ՌԴ հակամենաշնորհային ծառայությանն ու ԵԱՏՄ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով հանձնաժողովին՝ խնդիրն ուսումնասիրելու համար: Այսպիսով՝ մինչ «խնդիրը կուսումնասիրեն», այդ ժամանակ արդեն Վերին Լարսի անցակետը կբացվի, իսկ ռուսական ավիափոխադրողներն էլ տասնյակ միլիոն դոլարների գերշահույթ կստանան` մեր պետության ականջներից «լապշա կախելով»:
Հայաստանում հատկապես վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում նոր «մասնագիտություն» ձեւավորվեց՝ «գրանտակեր»: Դրանց մեծ մասը իշխանական շրջանակներին մոտ կանգնած մարդիկ են, որոնք հաջողացնում են պետական դրամաշնորհներ ստանալ՝ դրա մի մասը վերադարձնելով գործը դասավորողներին: «Գրանտակերների» ավելի խորամանկ մաս էլ կա, որը կարողանում է միջազգային կառույցների ֆինանսավորումից օգտվել` ձեւական փաստաթղթեր ներկայացնելով: Այդպիսով՝ այդ գումարներն իրենց նպատակին չեն ծառայում՝ այսինքն հասարակական փոփոխությունների առիթ չեն դառնում: Բայց հա՛մ իշխանություններն են գոհ, հա՛մ էլ նրանց մերձավոր ՀԿ-ներն են շահում: «Ժողովուրդ»-ը դեռեւս երեք ամիս առաջ գրել էր, որ Եվրամիության Երեւանի գրասենյակը դիմել էր իրավապահներին՝ բողոքելով, որ ավելի քան 100 հազար եվրոյի դրամաշնորհի գումարները ոչ նպատակային են ծախսվել: Այս քրգործի քննությունը դեռ շարունակվում է, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կա մեկ կալանավորված անձ, եւ վերջերս խուզարկվել է 3 հոգու բնակարան: Թերեւս իրավական այս գործընթացն ավելի շուտ նախազգուշացնող նշանակություն ունի:
ԶԱՐՄԱՆԱԼԻ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ով վերջին շրջանում կարծես թե դարձել է հայաստանյան լրատվական դաշտի գլխավոր «նյուզմեյքերներից» մեկը, երեկ ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի առիթով Երեւանում էր եւ պատասխանելով Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ կապված իր նախկին հայտարարության մասին լրագրողների հարցին՝ ասել է. «Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է: Մենք ոչ միայն հարգում ենք, այլեւ աշխատում ենք Հայաստանի հետ ՄԱԿ-ի միջազգային հարթակում՝ նացիզմի հերոսացման որեւէ հնարավորություն թույլ չտալու համար, զգում ենք այս հարցում մեր հայ գործընկերների հուսալի թիկունքը: Այստեղ չի կարող լինել որեւէ երկակի ստանդարտ»,-ընդգծել է Զախարովան՝ կոչ անելով իր՝ նախկինում արած հայտարարությունը չխեղաթյուրել, քանի որ դա, ըստ նրա, «այն մարդկանց օգտին է, ովքեր Հայաստանի բարեկամները չեն»:
Մի կողմ թողնելով այն, թե ինչ էր նախկինում այդ հարցի շուրջ ասել Զախարովան եւ ինչպես փորձեց սրբագրել դա, անդրադառնանք նրա կողմից երեկ այդ կապակցությամբ արված շատ կարեւոր մի հարցադրման՝ միթե Հայաստանն այժմ չունի ավելի հրատապ խնդիր: Եվ, իսկապես, միթե մենք այսօր եւ մեկ ամիս առաջ, երբ Զախարովան հայտնեց իր զարմանքը Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման կապակցությամբ, չունեինք եւ չունենք ավելի հրատապ խնդիր, քան որեւէ այլ պետության գերատեսչական խոսնակի կարծիքը՝ մեր ազգային հերոսի արձանի մասին: Արդյոք մենք իսկապես չափից ավել չենք կարեւորում օտար պաշտոնյաների կամ նրանց խոսնակների տեսակետը եւ դրա արդյունքում ակամայից սկսում մեր քայլերը պայմանավորել նրանց կողմից այպանանքի չարժանանալու մտավախություններով: Իրականում այս խնդիրն առկա է ոչ միայն քաղաքական, այլեւ հանրային մակարդակներում: Դա, իհարկե, մեծապես գալիս է մեր իշխանությունների վասալային գործելակերպից, սակայն այս հարցում ոչ փոքր դեր ունի նաեւ մեր մտավորականությունը, որի մոտ այդպես էլ արմատախիլ չի եղել խորհրդային տարիներից մնացած «կենտրոնական կառավարման սինդրոմը»:
Եվ այս առումով Զախարովայի երեկվա «զարմանքը»՝ թե արդյոք ավելի հրատապ հարց չունենք, շատ ավելի վիրավորական է նրա նախորդ՝ Նժդեհի արձանի տեղադրման շուրջ արտահայտած «զարմանքից», բայց դրանից մենք, չգիտես ինչու, չենք վիրավորվում: Եվ հենց դա է խնդիրը: Զախարովան իրավացի է. մենք ունենք շատ ավելի հրատապ հարցեր, քան իր եւ իր պես որեւէ այլ երկրի որեւէ գերատեսչության խոսնակի կարծիքներն ու զարմանքներն են: Եվ որքան շուտ մենք դա հասկանանք եւ մեր քայլերն անենք՝ ուշադրություն չդարձնելով այդ ամենին, այդքան շատ մեզ կհարգեն եւ զերծ կմնան իրենց կարծիքներն արտահայտելու անհարկի եւ անհեթեթ փորձերից: