ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԳԱՂՏՆԻ ԵՎ ԼՈՒՌ ՉԵՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանում կայացավ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի ավարտին հաջորդեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ հայտարարությունը:

ՀՀ արտգործնախարարը նշեց, որ հանդիպմանը քննարկել են պետությունների ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները, նրանց հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերը, նաեւ ՀԱՊԿ-2025 թվականի ռազմավարությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ղարաբաղյան հակամարտության խնդրին:
«Ժողովուրդ»-ն այս կապակցութամբ մի քանի հարց է ուղղել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին:
-Պարո՛ն Մարտիրոսյան, հետեւել եք ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհուրդի նիստին, Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ նոր բան կար այդ աշխատանքային հանդիպման մեջ:
-Ոչ մի նոր բան չկար եւ առկա իրավիճակում չէր էլ կարող լինել: Այն, ինչ նորություն է, կամ թարմացված հինը, առկա էր Ալեքսանդրովյան պալատի այն սենյակում, որտեղ միայն ու միայն երեք առաջնորդ հանդիպեցին:
-Լավրով-Նալբանդյան հանդիպման մասին ժլատ տեղեկություններ հրապարակվեցին, Ձեր կարծիքով ի՞նչի շուրջ կարող էին խոսել Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո հանդիպող ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները:
-Արցախյան հարցով այս փուլում արդեն պայմանավորվածություններն այդ մակարդակում չէ, որ ձեռք են բերվում: Այս մակարդակում արդեն միայն տեխնիկական դետալներ են քննարկվում, եւ ակնհայտորեն այդ դետալներն անգամ որոշվել է գաղտնի պահել:
-Պարո՛ն Մարտիրոսյան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունում ի՞նչ նոր շեշտադրումներ կարող եք առանձնացնել:
-Ինչպե՞ս կարող է նման մասնակիցներով նման ստանդարտ հավաքում ինչ-որ դարակազմիկ նոր բան ասվել: Ընդունվել է մի հայտարարություն, որպիսիք աշխարհի տարբեր կետերում ամեն օր տասնյակներով են ընդունվում:
-Արցախյան հիմնահարցի շուրջ ինտենսիվ հանդիպումներն ու շփումները ի՞նչ իրական նպատակ են հետապնդում:
-Իրական նպատակը, իմ խորին համոզմամբ, կայանում է խնդիրը փուլային ավերիչ տարբերակով լուծելու համընդհանուր համաձայնություն ձեռք բերելու նպատակադրության մեջ: Դա այն պլանն է, որի մասին ահազանգում են մտահոգ բոլոր մասնագետները, եւ դա այն պլանն է, որն այլեւս առհավետ կոտրելու է Հայաստանի ողնաշարը եւ այս երկիրն ու ժողովրդին պատմության ընթացքից դուրս նետելու: Որեւէ տարածքի՝ որեւէ պարագայում հանձնումը նշանակում է Արցախի հայաթափում եւ ՀՀ տարածքի խիստ թուլացում, որը հղի է նաեւ Զանգեզուրի կորստյամբ, որն, իր հերթին, երաշխավորելու է Երեւանի անկումը: Գեթ մեկ մետրի նոր հանձնումը դոմինոյի էֆեկտով հասնելու է մինչեւ Երեւան եւ Էջմիածին եւ մեր թմրած գլուխներին փլուզելու ոչ միայն մեր տան տանիքները, այլեւ մեր գոյության հնարավորությունն ու մեր ազգի ապագան:
-Իսկ այս իրավիճակում Արցախի վերադարձը բանակցային սեղանին որքանո՞վ է հնարավոր, եւ, ըստ Ձեզ, ինչո՞ւ պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտն ավելի վճռական չեն այդ պահանջն առաջ տանում:
-Հնարավոր չէ, որովհետեւ Հայաստանի երկրորդ նախագահը փայլուն կերպով դուրս էր մղել Արցախն այդ կարեւոր գործընթացից եւ Արցախը փոխարինել իր անձով: Չի արվում, որովհետեւ Ադրբեջանը դա չի ցանկանում: Իսկ այսօր այս խնդրի շուրջ ընթացող պրոցեսներում ամեն բան որոշում է հենց Ադրբեջանը: Որոշում է ուղղակի ու նաեւ անուղղակի՝ միջնորդավորված՝ սակայն խիստ արդյունավետ ճնշում բանեցնելով ոչ միայն միջնորդ կողմերի, այլեւ Հայաստանի վրա: Իսկ, ընդհանրապես, բանակցային պրոցեսից Հայաստանը չի կարող շահող դուրս գալ, գոնե այնպիսի բանակցային պրոցեսից, ինչպիսին վարվում է դեռեւս ասորագետ նախագահի օրերից: Անհրաժեշտ է դուրս գալ բանակցային գործընթացից, միացնել Արցախն իր ազատագրված եւ մեր պատմական հայրենիք հանդիսացող բոլոր տարածքների հետ միասին Հայաստանի Հանրապետությանը եւ բանակցել Ադրբեջանի հետ Նախիջեւանի եւ, այսպես կոչված, Դաշտային Ղարաբաղի ու հայկական, Ադրբեջանի կողմից օկուպացված այլ տարածքների կարգավիճակի մասին: Իսկ եթե կլինեն այնպիսիք, որ կասեն, թե դա երաշխավորված ճանապարհ է դեպի պատերազմ, ապա թող ցույց տան այլ ուղի, որ այդ պատերազմը առավել երաշխավորված եւ առավել կորստաբեր չի լինի: Գոնե այս պահին մենք խաղաղ ու հանդարտ ընթանում ենք դեպի հենց այդպիսի մի պատերազմ, որտեղ նման մտածելակերպով եւ մոտեցումներով մեր ձախողումն ուղղակի երաշխավորված է: Անհրաժեշտ է բոլորովին նոր մոտեցումներ որդեգրել եւ հրաժարվել լռելյայն դիվանագիտություն վարելու գծից: Ազգային ճակատագիրը գաղտնի եւ լուռ չեն որոշում:

 

 

 
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ. «ԳԱԼԱՅԻՑ» ՄԻՆՉԵՎ «ՀԱՅԱԶՆ»

Հուլիսի 1-ին Գյումրիում կայացավ նորաստեղծ «Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ ընտրվեցին հիմնադիր համագումարի աշխատանքային մարմինները, վարչության նախագահն ու անդամները:

Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության մի քանի աշխատակիցներ համախմբվել են մեկ գաղափարի շուրջ եւ հիմնել «Գաղափարակից լիբերալների ալյանս»՝ «Գալա» կուսակցություն, որի առաջնային նպատակներից է Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելը:
Համագումարի ընթացքում կուսակցության նախաձեռնող խմբի անդամները ներկայացրին կուսակցության ծրագիրը, կանոնադրությունը, նաեւ հայտարարեցին կուսակցության վարչության կազմը՝ Վահան Խաչատրյան, Էդուարդ Մխիթարյան, Քրիստինա Մկրտչյան, Արմենուհի Վարդանյան, Հերմինե Մկրտչյան, Արամ Խաչատրյան, Արման Գրիգորյան: Կուսակցության նախագահ ընտրվեց Վահան Խաչատրյանը, ով նույնանուն հեռուստաընկերության ղեկավարն է:
Կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյանը, կարեւորելով կուսակցության ստեղծումը, ասաց. «Մեր նպատակն է պայքարել անօրինականությունների, ընտրակեղծարարությունների դեմ, որոնք տեղի են ունենում յուրաքանչյուր ընտրության ժամանակ: Մեր գործունեությունը հանրապետության քաղաքացու շահերի պաշտպանումն է: 11 տարի ծավալելով լրատվական գործունեություն՝ կարողացել ենք շատ խնդիրների լուծում տալ: Հիմա որպես կուսակցություն կարող ենք ավելին անել»:
Նշենք, որ կուսակցության տարածքային կազմակերպություններում ընդգրկված 365 կուսակցականներից հիմնադիր համագումարին մասնակցում էին 80-ը, կային ներկայացուցիչներ նաեւ Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերից եւ Երեւանից:
Անցած շաբաթ` հուլիսի 2-ին, տեղի ունեցավ նաեւ «Հայազն» կուսակցության երրորդ համագումարը, որի շրջանակներում կուսակցականները հայտնեցին իրենց հետագա գործունեության, առաջիկա ընտրություններում մասնակցության եւ այլ հարցերի մասին:
Կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ այս իշխանությունները տարիներով թալանել են երկիրը, ինչպես կարողացել են, նվազեցրել են երկրի պաշարները, զարգացման հնարավորությունները, եւ այդ ամենի վերջն անհրաժեշտ է դնել.
«Այս իշխանությունները որոշել են ազգային դավաճանության միջոցով ապահովել իրենց վերարտադրությունը: Մենք չենք կարող դա թույլ տալ: Մեր շարքերում կան այնպիսի ազգասեր, սկզբունքային մարդիկ, ովքեր դա թույլ չեն տա: Ես հպարտ եմ, որ նման ընկերներ ունեմ ու մեկն եմ այդ ամբողջության: Մենք օգտագործելու ենք բոլոր լեգալ միջոցները՝ նրանց դիմակը պատռելու համար»,- խոստացավ նա: Հովհաննիսյանը կարեւորեց «Հայազնի» մասնակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ դա ինքնանպատակ չէ, նաեւ հավաստիացրեց, որ կուսակցության ցուցակները ձեւավորվելու են ազատ նախընտրության սկզբունքով:
Վարչության մյուս անդամ Արմեն Մկրտչյանն էլ իր խոսքում նշեց, որ ՀՀԿ-ն ընտրություններին ընդառաջ սկսել է իր էժանագին քարոզչությունը՝ իբրեւ թե կոռուպցիայի դեմ պայքար ծավալելով:
«2017 թվականին ընդառաջ մենք վստահ ենք, որ ՀՀԿ-ն, գործող իշխանությունն իր բանդիտական հակումներով ունի զրոյական վարկանիշ Հայաստանի Հանրապետությունում, եւ ակնհայտ է, որ ապագա խորհրդարանական ընտրությունները, ՏԻՄ ընտրություններն ընթանալու են Հանրապետական կուսակցության եւ ՀՀԿ-ին սպասարկող բանդային հատուկ գործընթացներով եւ հանցագործություններով»,- կանխորոշեց Մկրտչյանը:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 

ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ
Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ մարտի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպի քրգործն քննվում է շուրջ 4 ամիս, սակայն նախաքննություն իրականացնող մարմինը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, դեռեւս չի համարձակվել միջադեպի բոլոր ականատեսներին հրավիրել եւ հարցաքննել որպես վկա: Հիշեցնենք, որ նշված օրը երեք երիտասարդներ, որոնց մեջ եղել է նաեւ ոստիկանության Գորիսի բաժնի պետի նախկին տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրը` Արթուր Գեւորգյանը, որոշել էին կանանց տոնը նշել «Դիանա» ռեստորանում, սակայն նրանց թույլ չէին տվել ներս մտնել: Ավելի ուշ ռեստորան էր եկել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանը, որը երիտասարդների հետ վեճի էր բռնվել եւ ծեծի ենթարկել նրանց: Տեսանյութում պարզ երեւում է, որ միջադեպին ներկա են նաեւ մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը` Ասպուր Ավետիսյանը, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը: Սակայն ՀՔԾ-ն այդպես էլ չի համարձակվել դատախազներին եւ քննիչին վկա ճանաչել եւ հրավիրել հարցաքննության: Փոխարենն այս օրերին քննիչները կանչում են այլ վկաների եւ միջադեպի տեսանյութը ցույց տալով՝ փորձում են համոզել` մի՞թե սա ծեծ է: Հետաքրքիր է` ծեծը պոզով ու պոչով է լինո՞ւմ: Էլ չենք խոսում այն մասին, որ ծեծից հետո էլ քաղաքացու «գլխին էին գործ սարքել» ու բանտ ուղարկել:

 

 

ՀՐԱՀԱՆԳՆ ՈՒ ՊԱՊԸ
Ինչպես գիտենք՝ 2016 թվականի հունիս 24-ից 26-ը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը այցելել էր Հայաստան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջինիս այցին ընդառաջ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հատուկ հրահանգ է տրվել ամեն ինչ անել, որպեսզի «Հիմնադիր խորհրդարանի» անդամները որեւէ կերպ պաստառներով բողոքի ակցիաներ չիրականացնեն: Իսկ եթե ոստիկանները չկարողանան կանխել ակցիաները, ապա դա կդիտվի իբրեւ թերացում` այդտեղից բխող հետեւանքներով: Հենց այս հրահանգն է եղել պատճառը, որ անգամ «Հիմնադիր խորհրդարանի» եւ, առհասարակ, ցանկացած պաստառով քաղաքացու քայլերը իրավապահների կողմից կանխվեցին` բերման ենթարկելով ոստիկանություն եւ որոշ ժամանակ անց ազատ արձակելով:

 

 

ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում 11.8 տոկոսով նվազել են գարեջրի արտադրության ծավալները: Օղու արտադրության ծավալները նշված ժամանակահատվածում նվազել են 13 տոկոսով: Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա հունվար-մայիսին գինու արտադրության ծավալները 11.1 տոկոսով ավելացել են:
Տեղեկացնենք, որ hանքային ջրերի արտադրության ծավալները նույնպես նվազել են 2.5 տոկոսով: Գուցե ամառային սեզոնը կնպաստի գարեջրի եւ հանքային ջրերի արտադրության ծավալների մեծացմանը:




Լրահոս