ՀՀ ֆինանսների նախարարությունն ընթացիկ ամսում պատրաստվում է թողարկել 13 միլիարդ դրամի պարտատոմս, որից հետո Հայաստանի պետական պարտքը կավելանա նշված չափով կամ դրան համարժեք 27 մլն դոլարի չափով:
Պետական պարտատոմսերը ազատ դրամական միջոց ունեցող անձանց համար հաստատուն շահույթ ապահովող առավել քան հարմարավետ ֆինանսական գործիք են: Սակայն պետական պարտատոմսերի շուկան շարունակում է հանրության լայն շերտերին չհետաքրքրել: Պաշտոնական տեղեկատուներում պետական պարտատոմսերի մասին նշվում է, որ դրանք խնայողությունները պահելու ամենահուսալի եւ ապահով միջոցներն են: Իսկ ամենակարեւորն այն է, որ պետական պարտատոմս գնելու եւ դրա տոկոսավճարները ստանալու միջոցով ստացված եկամուտը չի հարկվում:
Ըստ որոշ գնահատականների` պետական պարտատոմսերը պետական բազմաթիվ պաշտոնյաների համար դարձել են պետբյուջեից գրպանած գումարները «ներդնելու» արդյունավետ միջոց: Այլ կերպ ասած` պետբյուջեից գումարները գողանում են, այնուհետեւ դրանք պետությանը «պարտքով» տալիս:
ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն` այս տարվա հունիսի 27-ի դրությամբ նախորդ ժամանակաշրջանում թողարկված եւ ներկայումս շրջանառության մեջ առկա է 374 միլիարդ 116 մլն 803 հազար դրամի պետական պարտատոմս: Նշված պետական պարտատոմսերից 176 միլիարդ 733 միլիոն դրամը երկարաժամկետ եւ միջին ժամկետայնության արժեկտրոնային ուղենշային պարտատոմսեր են: Նշված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը 14,5 տոկոս է: Այս խմբի մեջ մտնող պարտատոմսերից 19 միլիարդ 488 մլն դրամը, որը թողարկվել է անցած տարվա հոկտեմբերի 29-ին, տասը տարի ժամկետով, ունի 16,16 տոկոս միջին կշռված եկամտաբերություն: Հայաստանում հնարավոր չէ գտնել որեւէ բանկ, որը նման բարձր տոկոսով ավանդներ կընդունի:
Ներկա դրությամբ շրջանառության մեջ գտնվող երկարաժամկետ եւ միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 168 միլիարդ 883 միլիոն 803 հազար դրամ, որոնց ընդհանուր միջին կշռված եկամտաբերությունը կազմում 14,36 տոկոս: Ի դեպ, այս տարվա ապրիլի 29-ին թողարկած 19 միլիարդ դրամ ծավալով, 20 տարի ժամկետով պետական պարտատոմսերի կշռված եկամտաբերությունը նույնպես ռեկորդային բարձր է եւ կազմում է 16,46 տոկոս:
Վերը բերվածից բացի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը թողարկում է նաեւ կարճաժամկետ պարտատոմսեր, որոնց մարման ժամկետները լինում են 13, 26, 39 եւ 52 շաբաթ, կամ այլ կերպ ասած՝ երեք, վեց կամ ինն ամսով եւ մեկ տարով: Ահա, այդ կարճաժամկետ պետական պարտատոմսերից ներկայումս շրջանառության մեջ առկա է 28 միլիարդ 500 մլն դրամ:
Ի դեպ, ընդհանուր 2016 թվականի համար նախատեսված է, որ թողարկվելու է ավելի քան 80 միլիարդ դրամի պարտատոմս, որից 42 միլիարդ դրամն ուղղվելու է պետական բյուջեի դեֆիցիտի ծախսերը հոգալուն: Իսկ 38 միլիարդ 195 միլիոն դրամն էլ հատկացվելու է նախորդ տարիներին եւ այս տարի թողարկված պարտատոմսերի սպասարկմանը, կամ այլ կերպ ասած՝ պետական պարտատոմսեր գնած անձանց եւ ընկերությունների եկամտային տոկոսների վճարմանը: Հարկ է նշել, որ այս տարվա մայիսի 31-ի դրությամբ պետական պարտատոմսերի թողարկման հաշվին պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն արդեն իսկ կազմել է 29 միլիարդ 65 մլն դրամ: Այսինքն՝ պարտատոմսերի թողարկման ճանապարհով դեֆիցիտի ֆինանսավորման համար նախատեսված գումարի 70 տոկոսն արդեն իսկ ծախսվել է: Հիշեցնենք, որ այս տարվա պետական բյուջեի պակասուրդը, կամ նույնն է, թե դեֆիցիտը նախատեսված է մոտ 191 միլիարդ դրամ: Այսինքն՝ ամենեւին էլ բացառված չէ, որ եթե ՀՀ կառավարությունը համոզվի, որ չի կարողանում այլ աղբյուրներից ֆինանսավորել պակասուրդը, ապա կորոշեն նախատեսվածից էլ ավել` լրացուցիչ պարտատոմսեր եւս թողարկել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ, Ի ՎԵՐՋՈ, ԱՍԵԼ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շարունակում է Հայաստանի մարզերում «Ազգային միասնություն շարժման» անվան տակ գրասենյակներ բացել: Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ ինչ նպատակով են այդ գրասենյակները բացում: «Մոտ օրերս կլինի ներկայացուցչական ժողով, Արա Աբրահամյանն էլ մասնակցելու է, այնտեղ բոլոր հարցերի պատասխանը կտանք: Նպատակը մենք վաղուց ենք հայտնել, որեւէ նորություն չենք ասում, ընդհանուր առմամբ երկրի տնտեսական զարգացման խնդիրներին է նվիրված»,- ի պատասխան՝ ասաց Սարգսյանը: Նկատենք, որ այդ գրասենյակներում մարդկանց ոչինչ չեն ասում կուսակցություն ստեղծելու մասին, եւ մարդիկ հույս ունեն, որ իրենք կկարողանան Աբրահամյանի հաշվին գումար վաստակել:
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԽ-Ն
Հուլիսի 2-ին Սերժ Սարգսյանի կողմից հրավիրվել էր ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի շրջանակներում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են «Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության» նախագիծը եւ այլ հարցեր:
Արդյոք շաբաթ օրը հրավիրած նիստի ժամանակ անդրադարձ եղել է ԼՂՀ հակամարտության կարգավորմանը, փորձեցինք ճշտել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից: «Ճիշտն ասած պետք է Հայաստանի նախագահականից ճշտեք, տեղյակ չեմ»- ասաց նա: Իսկ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով տարածվել է մամուլի հաղորդագրություն, որտեղ ամեն ինչ ասված է»: Ամեն ինչ ասվածը ենթադրում է ««Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության» նախագիծը եւ այլ հարցեր» կարճ ձեւակերպումը:
ՏԵԽՆԻԿԱՆ՝ ՎԱՐՁՈՎ
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հունիսի 24-ի ջրհեղեղից հետո մաքրման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեխնիկան դեռ տեղ չի հասել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանից: «Ներկա պահին Ձորակի վրա խցանված հատվածում 3 էքսկավատորներ են աշխատում եւ բեռնատարներ: Այդ հատվածում լրացուցիչ տեխնիկայի անհրաժեշտություն չկա: Բայց քաղաքի ներսում առանձին տեխնիկայի անհրաժեշտություն կա: Տեխնիկայի տրամադրման պահանջով դիմել ենք շինարարական կազմակերպությունների, խոստացել են, որ կօգնեն: Վերջիններս էլ տեխնիկան կտրամադրեն կա՛մ մասնակի վարձատրության, կա՛մ էլ միայն դիզվառելիք ստանալու դեպքում»,- ներկայացրեց քաղաքապետը: Ի դեպ, ըստ քաղաքապետի՝ հուլիսի 2-ի դրությամբ արթիկցիներին օգնելու նպատակով Արթիկի քաղաքապետարանի կողմից հրապարակված հաշվեհամարներին փոխանցվել է ընդամենը 121 հազար դրամ:
ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ (ՇԱԳԱՄ) վարչության անդամ Պավլիկ Մանուկյանի եղբայրը՝ Թաթուլ Մանուկյանը, երկու ամսով կալանավորվել է: Հիշեցնենք, որ հուլիսի մեկին խուզակություններ էին կատարվել Պ. Մանուկյանի՝ Երեւանում գտնվող բնակարանում, Բուժական գյուղում գտնվող, նրա եղբայրներին պատկանող տներում, ՇԱԳԱՄ վարչության անդամ Վիկտոր Դավթյանի՝ Քանաքեռավան գյուղում գտնվող տանը, նույն գյուղի բնակիչ Համլետ Կյուրեղյանի տանը, ՇԱԳԱՄ վարչության անդամ Արմեն Լամբարյանի՝ Սպիտակ քաղաքում գտնվող տանը եւ այլ շինություններում, ՇԱԳԱՄ վարչության անդամ, բելգիաբնակ, «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության՝ Բելգիայի ստորաբաժանման համակարգող Գարիկ Խաչատրյանի՝ Ապարանի ենթաշրջանում գտնվող հայրական տանը, «Նոր Հայաստան» ճակատի աջակից Գագիկ Եղիազարյանի՝ Մասիս քաղաքում գնտվող հայրական տանը, արտադրամասում, ինչպես նաեւ նրա հորեղբոր եւ հորաքրոջ տներում:
ԼԱՐՍԸ ԿԲԱՑՎԻ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 5-ին, ժամը 10։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4X4 թեթեւ մարդատար մեքենաների համար։ Լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի նաեւ Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաեւ ծանրաքարշ) երթեւեկության հնարավորության մասին։
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Անցած շաբաթ օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: «Զրույցի ընթացքում քննարկվել է Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն ուղղված հետագա քայլերի հարցը, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպման արդյունքները զարգացնելու նպատակով», – նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում:
ՍԱ ՕՐԻՆԱ՞Կ Է
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ անդրադարձել է ԸՕ շուրջ ձեռք բերված կոնսենսուսին. «Շատ ուրախ եմ, որ ընդդիմության եւ իշխանության միջեւ այս համաձայնությունը ձեռք բերվեց, քանի որ այն շատ նշանակալի էր: Սա, իհարկե, չի կարող բոլոր խնդիրներին լուծում տալ, սակայն որոշ առումներով փոփոխություններ կլինեն: Այս համաձայնությունը լայնորեն, Հայաստանից դուրս էլ, պատմական նշանակություն ունեցող իրադարաձություն է, սա օրինակ է, թե ինչպես կարելի է սկզբունքները մի կողմ դնել հանուն մեկ գաղափարի»,-ընդգծել է Սվիտալսկին:
ԿԱԶԴՈՒՐՎՈՒՄ Է
Հունիսի 6-ից արձակուրդում գտնվող եւ արտերկրում բուժվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան: ArmLur.am-ի հետ զրույցում մարզպետն ասել է, որ կազդուրման փուլում է. «Երկար չեմ կարող խոսել: Կազդուրվում եմ: Դեռ աշխատանքի չեմ գնում»:
ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼՈՎ
Համաձայն ԼՂ ՊԲ 2016թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի՝ գումարտակների եւ դիվիզիոնի հրամանատարների եւ նրանց տեղակալների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով, ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ հունիսի 28-ից հուլիսի 2-ը անցկացվել են հրամանատարական հավաքներ: «Գործնական եւ ստոգողական պարապմունքների, խմբային վարժանքների տեսքով անցկացված հրամանատարական հավաքների ընթացքում հաշվի են առնվել նաեւ ապրիլյան դիմակայության դասերը, որոնցից կարճ ժամկետներում կատարվել են համապատասխան հետեւություններ եւ քայլեր ձեռնարկվել արձանագրված բացթողումներից հետագայում խուսափելու համար»,-ասված է ՊԲ հաղորդագրությունում: