Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին եւ կառույցի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Նրանք Երեւան էին ժամանել՝ մասնակցելու ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում անցկացվելիք արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կարեւորել է միջազգային հարթակներում ՀԱՊԿ անդամ երկրների կողմից փոխադարձ կենսական շահերի հաշվի առնելու սկզբունքային պայմանավորվածության հետեւողական իրականացումը:
Այս հանդիպումից ընդամենը օրեր առաջ էլ ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Դրանով հիմք է դրվում հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ համակարգի ստեղծման համար Հայաստանի եւ Ռուսաստանի պետական սահմանների շրջանակում: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ ոչ բոլոր անդամներն են միասնական դիրքորոշումներ ունենում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է անդամներից մեկի շահերին առնչվող խնդիրներին: Այդ առումով իր ուրույն ու սեպարատ քաղաքական շահերն է առաջ մղում Ղազախստանը, Բելառուսը երբեմն անհասկանալի վարք է դրսեւորում, հաթաթա տալիս Մոսկվային, հետո ջերմ բարեկամական կոչեր անում, դե, իսկ Ռուսաստանն էլ, ժամանակը գիտի, մեկ զենք է վաճառում դաշնակցի թշնամի Ադրբեջանին, մեկ գազային պայմանագրով ճնշում նրան, մեկ էլ փորձում միասնական պաշտպանության վահանով ՆԱՏՕ-ին հակակշռել Հայաստանով: Այս ամենը, առաջին հերթին, ազդում է Հայաստանի շահերի վրա, քանի որ Հայաստանն է, որ ունի անվտանգության շատ կոնկրետ եւ վերահաս սպառնալիք, ու Դաշինքի ցանկացած անհավասարակշիռ մոտեցում մեր թշնամու մոտ առաջացնում է Հայաստանի մեկուսացման ընկալում, որն ավելի է գրգռում նրա ագրեսիվ վարքը: Ահա, թե ինչու Սերժ Սարգսյանը բաց տեքստով նշում է, որ չպետք է միջազգային հարթակներում այնպիսի հայտարարություններ ու գործողություններ իրականացնել, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են հարվածել դաշնակցի շահերին՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ ՀԱՊԿ գրեթե բոլոր դաշնակիցները այս կամ այն չափով ու ձեւով աջակցում են Ադրբեջանին՝ սկսած զենքի վաճառքից: Երեւանը, ըստ էության, հասկացնում է, որ եթե կարեւոր է արտաքին քաղաքականության ընդհանուր համակարգումը, ինչի համար տեղի է ունենում այս հանդիպումը, ապա պետք է նաեւ դիրքորոշումները համընկնեն, այլապես եթե դիրքորոշումները շարունակեն խաչաձեւվել, ապա դա հանգեցնելու է շահերի հակադրման, որի պարագայում որեւէ դաշինք չի կարող հեռանկար ունենալ: Իհարկե, նախագահի այս խոսքը հիմնականում ուղղված էր դեպի Մոսկվա, մանավանդ, որ ՀՕՊ համաձայնագիրը նոր է ընդունվել: Այս կերպ նա փոձում է վերջինի ուշադրությունը հրավիրել տվյալ հանգամանքի վրա, որպեսզի նա թույլ չտա մյուս դաշնակիցներին ակնհայտ հակահայկական կամ պրոադրբեջանական հայտարարություններ անել եւ գոնե ֆորմալ առումով պահել դաշնակցային պարտավորությունները: Երեւանը փորձում է հենվել հետեւյալ հաշվարկների վրա.
1. Հասկացնել Մոսկվային, որ ՀՕՊ համաձայնագիրը չի կարող արդյունավետ աշխատել, եթե Դաշինքն իրենով ինտեգրացիոն միավոր չէ, ու արտաքին քաղաքականությունը տարբերվում է ռազմական ֆորմալ համաձայնագրերից՝ այդ թվում նկատի ունենալով, որ Մոսկվան զինում է Բաքվին: Բացի այդ՝ Անկարան ներողություն խնդրեց ռուսական խոցված ինքնաթիռի համար, եւ կարող է Մոսկվայի հետ ջերմացնել հարաբերությունները, ինչն ուղղակիորեն կհարվածի միասնական ռազմական համագործակցության խորացմանը, քանի որ Թուրքիան Հայաստանի համար անվտանգության սպառնալիք է:
2. Ապահովել Դաշինքի կոնսոլիդացիայի գոնե ֆորմալիզացիա: Դա կարող է ինչ-որ չափով պրեւենտիվ նշանակություն ունենալ Բաքվի համար, որն այլեւս ռազմական գործողություններ սկսելու որոշում ընդունելուց առաջ կսկսի որոշակիորեն հաշվի առնել ՀԱՊԿ-ի գործոնը, իսկ Ռուսաստանն էլ կկարողանա փոքր-ինչ բարձրացնել սեփական քաղաքական պրոյեկտի հեղինակությունը:
3. Թուրքալեզու Ղազախստանին հասկացնել, որ ինքն ընտրել է քաղաքական, տնտեսական ու ռազմական աշխարհաքաղաքական ուղղություն, որտեղ չպետք է առաջնային համարվեն աշխարհաքաղաքական այլ վեկտորներ:
Կարճ ասած՝ Սերժ Սարգսյանը զգում է ՀԱՊԿ-ի պատճառած դիվանագիտական վնասներն ու չի տեսնում դրա քաղաքական-ռազմական օգուտները եւ փորձում է ինչ-որ ազդակներ հղել Կրեմլ: Բայց խնդիրն այն է, որ մենք սկզբում հավանության ենք տալիս ծրագրերին, հետո սկսում դիվանագիտություն բանեցնել, որն արդեն խնդիրներ է ստեղծում: Հիմա մնում է սպասել եւ տեսնել, թե ՀՕՊ համաձայնագիրն ինչպիսի քաղաքական կամ դիվանագիտական ամրագրում կստանա այս հանդիպման շրջանակներում:
ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ
ԱՐԹԻԿՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՓՈՂ ՉՈՒՆԻ՞, ՈՐ ԱՐԹԻԿՑԻՆԵՐԻՆ ՕԳՆԻ
Ինչպես հայտնի է՝ հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում արթիկցիները մեծ վնասներ են կրել: ՀՀ կառավարությունը մինչեւ 4.6 մլն դրամ կհատկացնի` հեղեղի հետեւանքով տուժած յուրաքանչյուր ընտանիքի բնակարանները նորոգելու եւ խնդիրները վերացնելու համար: Սակայն արթիկցիները դժգոհ են կառավարության սահմանած փոխհատուցման չափից: «Ժողովուրդ»-ը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, արթիկցի Մուշեղ Պետոյանից հետաքրքրվեց, թե նա ինչով է օգնել արթիկցիներին:
-Պարո՛ն Պետոյան, Դուք կոնկրետ ինչո՞վ եք օգնել արթիկցիներին:
-Ես կոնկրետ ինչո՞վ կարող եմ օգնել: Ես օգնելու ի՞նչ տարբերակ ունեմ:
-Գուցե՞ դրամական աջակցություն եք ցուցաբերել…
-Միայն հոգեպես:
-Հոգեպե՞ս…
-Կողքներին եմ կանգնել: Ես ժողովրդի կողքին եմ, իրենց հետ եմ: Ամեն օր էլ ես իրենց հետ եմ: Մեր տունն էլ է ավերվել: Նույն վիճակում մեր տունն է: Ֆինանսական ինչ կարգի օգնություն կարող եմ ես տալ: Ես որտեղից գումար վեր ունեմ, որ իրենց տամ: Այս ամսվա աշխատավարձս բաժանելու եմ 12 տան վրա:
-Որքա՞ն է կազմում Ձեր աշխատավարձը:
-600 հազար դրամ: Այդ նույն վիճակում էլ ես եմ: Այն 12 ընտանիքները, որոնք առավել շատ վնաս են կրել, նրանցից մեկն էլ մենք ենք: Այսինքն՝ իմ հայրական տան առաջին հարկը կիսով չափ ջուրը լցվեց, գույքը վնասվեց: Դուք տեղյա՞կ եք:
-Այսինքն՝ ՀՀ կառավարությունը Ձեզ նույնպես փոխհատուցելո՞ւ է, թե՞ հրաժարվելու եք կառավարության փոխհատուցումից՝ հորդորելով այն բաշխել մնացած տուժող ընտանիքներին:
-Ես չգիտեմ, դա ծնողներիս տունն է, իրենք կորոշեն:
-Պարո՛ն Պետոյան, համառորեն լուրեր են շրջանառվում, որ Դուք առաջադրվելու եք Արթիկի քաղաքապետի առաջիկա ընտրություններում: Ճի՞շտ են այդ տեղեկությունները, թե՞ ոչ:
-Դեռ որոշված չէ:
-Բայց մտածո՞ւմ եք այդ ուղղությամբ:
-Չի բացառվում: Դեռ վերջնականապես որոշում կայացված չէ: Մեր արթիկցիների հետ պետք է քննարկեմ եւ վերջնական որոշում կայացնեմ, ապա Ձեզ տեղյակ կպահեմ:
Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնենք, որ Արթիկում տարածված լուրերի համաձայն՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը Ռուսաստանի Անապա քաղաքում շքեղ ռեստորանային համալիր է կառուցել:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԱՐՏՀՈՒՆՁԸ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը 38 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: Կոթին գտնվում է հարթավայրային տեղանքում, բնակավայրի շրջակա բարձրունքները ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ են, որը պարբերաբար գնդակոծում է գյուղի ցանքատարածությունները, Կոթիի տները, շինությունները: 2015 թվականին ադրբեջանական գնդակոծության պատճառով առանց հնձելու մնացին Կոթիի բնակիչներին պատկանող հացահատիկի 27.5 հեկտար արտերը: Դրանց տերերին պետական բյուջեի միջոցներից մաս-մաս դրամական փոխհատուցում տրվեց: Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը դժվարացավ նշել գյուղի հացահատիկի արտերի քանակը: Նա հայտնեց, որ արտերը նախորդ տարվա աշնանացանից պակաս են: Կոթիում հացահատիկահավաք կոմբայն չկա: Գյուղապետը հայտնեց, որ իրենք հացահատիկահավաք կոմբայններ են հրավիրել Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանից, սակայն կոմբայնավարները, վախենալով ադրբեջանական գնդակոծության վտանգից, հրաժարվում են սահմանամերձ Կոթի մեկնել: Ֆելիքս Մելիքյանը մտավախություն հայտնեց, որ արտհունձի ժամանակ ադրբեջանական զինուժը կարող է գնդակոծել բերքահավաքով զբաղված խաղաղ բնակիչներին:
ԳԵՏԸ ՍՐԲԵԼ-ՏԱՐԵԼ Է
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում հունիսի 10-ին տեղի ունեցած հեղեղները մեծ վնաս են տվել գյուղացիական տնտեսություններին: Վարարած գետերը վնասել են տարածաշրջանի հիդրոտեխնիկական կառույցները: Բերդ քաղաքում վարարած Տավուշ գետը սրբել-տարել է քաղաքի բնակիչ Արթուր Երկանյանին պատկանող մոտ 1000 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի բերրի շերտը: Գետը վնաս է տվել նաեւ Բերդի այլ բնակիչների հողատարածքներին: Տավուշի վարարած հոսանքը քշել-տարել է մեկուկես մետր բարձրությամբ, ավտոմեքենաների կմախքներից կառուցված կամուրջ, նաեւ ռազմական նշանակության կամուրջ: Սելավներից վարարած Տավուշը Բերդի ճանապարհաշինական ընկերության տարածքը հեղեղելով՝ քշել-տարել է այդտեղ կուտակած մեծ քանակությամբ ավազը: Տավուշ գետը վնաս է պատճառել նաեւ շինարարական աշխատանքներ կատարող «Տավուշշին» ընկերությանը, որի տարածքում գործող կաթի վերամշակման ձեռնարկությունը եւս տուժել է գետի վարարումից՝ լցվելով ցեխով ու քարերով: Բերդի քաղաքապետարանը գետի վարարումից պատճառված վնասների չափերի մասին տեղեկատվությունը ներկայացրել է Տավուշի մարզպետարան: Առայժմ, սակայն, պարզ չէ՝ արդյոք կառավարությունը որեւէ կերպ կփոխհատուցի բնական տարերքից տուժած Բերդի տարածաշրջանի բնակիչներին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ