Արդեն մի քանի օր է, ինչ ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունները, Վերին Լարսի անցակետի փակման առիթից օգտվելով, շեշտակի բարձրացրել են ավիատոմսերի գները: Ընդ որում, թանկացրել են ամենամեծ պահանջարկ վայելող Երեւան-Մոսկվա, Երեւան-Սոչի ավիատոմսերը: Եւ չնայած սրան՝ Հայաստանում ոչ մի պետական կառույց այս խնդրով չի զբաղվում: Ասել է, թե ավիատոմսերի շուկան բարձիթողի է ու անվերահսկելի:
Ավիատոմսերի վաճառքով զբաղվող մի շարք ընկերություններ ու զբոսաշրջային գործակալություններ «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ թանկացումներ եղել են բոլոր ուղղություններով: Իսկ, ահա, Երեւան-Մոսկվա եւ Երեւան-Սոչի ուղղություններով ավիատոմսերի սակագները թանկացել են ավելի քան 50 տոկոսով: Օրինակ՝ «Միրեյքլ» տուրիստական ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ մինչեւ Վերին Լարսի անցակետի փակումը իրենց ընկերությունը Երեւան-Մոսկվա ուղղության ավիատոմսը գնորդին առաջարկել է 51-52.000 դրամով: «Նույն ուղղությամբ ունենք նաեւ մինչեւ 92-95 հազար դրամանոց ավիատոմս: Իսկ Երեւան-Սոչի ավիատոմսերը մեկ-երկու ամիս առաջ վաճառվում էին 43 հազար դրամով, ապա դարձան 78 հազար դրամ, հիմա վաճառվում են 165 հազար դրամով»,- ներկայացրեց տուրիստական ընկերության աշխատակիցը:
Հիշեցնենք, որ ավիաշուկայի կարգավորման նպատակով ՀՀ կառավարության՝ 2015թ հուլիսի 16-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Էկոնոմիկայի նախարարությանը եւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը առաջարկել էր ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան` գների, ուղղությունների, թռիչքների ժամկետների ու պայմանների առումով: Մի քանի օրից կլրանա վարչապետի այս հանձնարարության մեկ տարին, բայց ավիաշուկայում դրական ոչ մի փոփոխություն չի արձանագրվել: Եւ հերթական անգամ համոզվում ենք, որ ավիատոմսերի շուկան անվերահսկելի է ու գտնվում է խայտառակ վիճակում: Տուրիստական ընկերությունները եւ ավիատոմսերի վաճառքով զբաղվող գործակալությունները՝ օգտվելով առիթից, որ Վերին Լարսի անցակետը փակ է, կրկնակի բարձրացնում են ամենաշատ վաճառվող Երեւան-Մոսկվա, Երեւան-Սոչի ուղղությունների ավիատոմսերը՝ այսպես ստանալով գերշահույթներ եւ մնալով անպատիժ:
Այնուամենայնիվ, որ պետական մարմինն է առաջին հերթին վերահսկում ավիատոմսերի շուկան: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը նախ դիմեց էկոնոմիկայի նախարարություն: Պարզվեց, որ վերոնշյալ նախարարությունը ուղղակի չի կարող գնալ եւ ավիաընկերությանը պարտադրել ավիատոմսերի գինն իջեցնել: Ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարությունը՝ որպես պետական կառույց, դրա իրավունքը չունի: «Էկոնոմիկայի նախարարությունը ավիափոխադրումների գնային քաղաքականության հարցում կարգավորիչ դեր չունի: Ազատ շուկայական հարաբերություններ են»,- պատասխանեցին նախարարությունից: Ի դեպ, գրեթե նույն պատասխանը ստացանք քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից. «Այդ հարցը մեր լիազորություններից դուրս է»: Իսկ ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից Վերին Լարսի անցակետի փակման արդյունքում ավիատոմսերի գների անհիմն բարձրացման հետ կապված էլ ԷՆ-ից հայտնեցին, որ հարցը ուսումնասիրում են: Նկատենք, որ մինչեւ էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրի, ամփոփի, ապա եզրակացություն կազմի, արդեն շատ ուշ կլինի ավիատոմսերի սակագների կարգավորման համար, քանի որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը երեկ հայտարարեց, որ Վերին Լարսի անցակետը այսօր փորձնական կբացեն:
Այսքանից հետո պետք չէ զարմանալ ավիատոմսերի շուկայում տիրող խայտառակ իրավիճակից: Եթե մի ոլորտ չի վերահսկվում որեւէ պետական կառույցի կողմից, ապա դրական պատկեր ակնկալել պետք չէ:
Չնայած էկոնոմիկայի նախարարության արդարացումներին, նկատենք, որ արդեն երկու տարի է, ինչ ՀՀ կառավարությունը որդեգրել է բաց երկնքի քաղաքականություն, սակայն դեռեւս էական առաջընթաց չկա: Մինչդեռ խոստանում էին, որ բաց երկնքի քաղաքականության արդյունքում ավիատոմսերի գները 10-50 տոկոսով կնվազեն: ինչպես տեսնում ենք՝ այս ոլորտում հակառակ պատկերն է:
Ինչեւէ: Վերին Լարսի անցակետի փակումից չարամտորեն օգտվող տուրիստական գործակալությունների հարցով «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Մեր հարցին ի պատասխան՝ ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանն ասաց, որ մի շարք ուղղություններով ավիատոմսերի գների բարձրացման հարցի հետ կապված հանձնաժողովը երեկ կազմակերպել է աշխատանքային քննարկում: Ամրագրվել է, որ այն ավիաընկերությունները, որոնք ըստ մի շարք բողոքների՝ Լարսի անցակետի փակումից հետ բարձրացրել են ավիատոմսի արժեքը, հանդիսանում են ոչ ռեզիդենտ ընկերություններ: «ՀՀ ՏՄՊՊՀ-ը արդեն իսկ դիմել է ՌԴ հակամենաշնորհային ծառայությանն ու ԵԱՏՄ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով հանձնաժողովին՝ խնդրի վերաբերյալ համատեղ ուսումնասիրություն կատարելու նպատակով»,- տեղեկացրեց ՏՄՊՊՀ մամլո խոսնակը:
Մեզ մնում է սպասել եւ հուսալ, որ այս կառույցը իսկապես հետեւողական կլինի բարձրացված խնդրի լուծման հարցում: Իսկ մյուս պատկան կառույցները կարթնանան իրենց թմբիրից եւ զգոնություն կցուցաբերեն՝ ոլորտը ինչ-որ կերպ կարգի բերելու ջանքեր գործադրելով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«Yandex Taxi»-ԻՆ ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հուլիսի 1-ից Հայաստանում գործում է «Yandex Taxi» օնլայն ծառայությունը: «Yandex Taxi»-ն շուկայում առանձնանանում է նրանով, որ առաջարկում է 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար:
ArmLur.am-ի թղթակիցը զրուցել է «Yandex Taxi»-ի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ.
-Պարո՛ն Խուդավերդյան, ինչո՞ւ եւ ինչպե՞ս որոշեցիք նման ծրագիր մեկնարկել Հայաստանում.
-Հայաստանն ու Երեւանն ինձ համար շատ հետաքրքիր են, ես ծնվել ու մեծացել եմ այստեղ, եւ այս ծրագիրն հայրենիքում իրականացնելու պատճառներից մեկն էլ դա է, իհարկե, կան նաեւ այլ պատճառներ: Առաջինը, թերեւս այն է, որ կա մեծ շուկա, եւ արժեքներն էլ գրեթե նույնն են, ինչ արտասահմանյան երկրներում, եւ երկրորդը, որ փոքր տարածքում պատվերները շատ են, եւ վարորդները կկարողանան ավելի շատ գումար վաստակել:
-Կխնդրեի նշեիք, թե ինչո՞վ է պայմանավորված տաքսի ծառայության ցածր սակագինը, եւ ուրիշ ինչո՞վ է այն մյուսներից տարբերվելու:
-Ամենակարեւոր գործոնը «Yandex Taxi»-ի տեխնոլոգիաներն են, որոնք թույլ են տալիս աշխատանքն ավելի էֆեկտիվ դարձնել, սերվիսն էլ իր հերթին ավելի հարմար եւ հուսալի:
Հնարավոր է հարց առաջանա, թե ինչով է այն հարմար ու հուսալի. հարմար է, որովհետեւ մարդիկ պատվիրելով մեքենա՝ քարտեզով կարող են հետեւել, թե ինչպես է այն գալիս, իրենց մոտ գրանցվում է վարորդի անունը, իսկ հուսալի է, որովհետեւ դու արդեն գիտես, թե ում հետ ես ճանապարհ գնալու, եւ պատահական անձինք լինել չեն կարող:
Իսկ սակագինը ցածր է, որովհետեւ մենք օգտվելով մեր նավիգացիոն մեխանիզմներից՝ կարողանում ենք հասկանալ, թե տվյալ պահին պատվիրողին որ մեքենան է ավելի մոտ, եւ այդպիսով հնարավորինս կրճատում ենք ծախսերը: Նաեւ կարեւոր մի բան էլ պետք է նշել. հաճախորդները վճարում են այն տարածքի համար, որը իրենք հատել են մեքենայով եւ ոչ երբեք իրենց սպասելու համար:
-Նման ցածր սակագնով աշխատելը որքանո՞վ է շահութաբեր, եւ հնարավո՞ր է՝ ապագայում սակագինը բարձրանա.
-Իհարկե, գումարի մասով լուրջ ձեռքբերումների հնարավոր է լինում հասնել միայն 6-8 ամիսների ընթացքում, եւ հիմա շահույթի մասին խոսելը դեռ վաղ է: Իսկ սակագնի բարձրացում, ես հույս ունեմ, որ չի լինի: Այնումենայնիվ, եթե հանկարծ կատարվի էլ, մեծ տարբերություն չի լինի:
-Նախքան նախագծի մեկնարկը կառավարության շենքի դիմաց մի խումբ տաքսու վարորդներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ընդդեմ «Yandex Taxi»-ի, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
-Ես անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ովքեր են եղել այդ մարդիկ, բայց մեծ մասամբ մարդիկ, առանց խնդրի բուն էությունը հասկանալու, դրան դեմ են արտահայտվում: Բայց ես հույս ունեմ, որ տաքսու վարորդները ժամանակի ընթացքում կհասկանան, որ սա ավելի ձեռնտու է, ավելի հարմար, եւ ամեն ինչ ինքն իրեն իր տեղը կընկնի:
-Թիմն արդեն ձեւավորվել է, չէի՞ք ասի՝ քանի վարորդներ են միացել Ձեզ, եւ արդյո՞ք գոհ եք առաջին օրվա արդյունքներից:
-Մենք Երեւանում 11 տաքսի ընկերությունների հետ ենք սկսել համագործակցել, թիմում կան արդեն 250 վարորդներ, որը բավականին լավ արդյունք է: Իսկ պատվերների մասով կարող եմ ասել, որ Երեւանը գրանցեց լավագույն արդյունքն առաջին օրվա համար:
Զրուցեց ԼԻԼԻԹ ՇԱԲՈՅԱՆԸ