«ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՐԿ Է» ԱՍՈՂԻ ՏԵՂԸ ԿԱ՛Մ ԲԱՆՏՆ Է, ԿԱ՛Մ ԳԱՂԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն գրող իրավունք ունի «ազատ» ստեղծագործելու այնքան ժամանակ, քանի դեռ ազգային անվտանգության համար խնդիր չի ներկայացնում. այս կարծիքին է երիտասարդ բանաստեղծ Գոռ Հարությունյանը, որի հետ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանում պոետ լինելու դժվարությունների, գրական դաշտը համակարգելու տարբերակների, գրողի քաղաքացիական դիրքորոշման, պայքարող մարդու ապագայի մասին:

-Գո՛ռ, երբ հարցը վերաբերում է արվեստին, այս դեպքում «պետք է»-ներով չեն խոսում: Այդ թվում` գրականության պարագայում չեն կարող լինել պարտադրված կանոններ, պատրաստի բանաձեւեր: Եվ, այնուամենայնիվ, բացառության կարգով կա՞ն «պետք է»-ներ կամ «չպետք է»-ներ, որոնց հարկավոր է հետեւել:
-Կարծում եմ` կան դեպքեր, երբ դրանք անխուսափելի են: Օրինակ` գրողը պետք է նախանձախնդիր լինի լեզվի հարցում. պատկերացնենք` նա ներկայացնում է կերպարի լեզու եւ ինչ-որ կետում գռեհկացնում է այն, ուրեմն պետք է արդարացնի դա՝ բարոյահոգեբանական վիճակով: Բայց եթե ամբողջ հեղինակային տեքստն է գռեհկաբանություն` դա արդեն պետք չէ: Որքան լեզուն պղծենք, մենք` որպես հոմոսապիենս, հետընթաց ենք ապրելու: Ուրեմն դուք որոշեք` պե՞տք է, օրինակ, պոռնո բառամթերքով գրականություն կարդալ (սյուժեների մասին դեռ չեմ խոսում)… Ավելի պատկերավոր ասած՝ պետք է պոռնոֆիլմ դիտե՞լ, թե՞ սիրավեպ. երկուսի դեպքում էլ, մեծ հաշվով, «հանգուցալուծումը» մեկն է, պարզապես մի դեպքում կա կյանք ու փիլիսոփայություն, մյուսում՝ սոսկ պղծություն:
-Գուցե՞ ընթերցողն է ընտրողը` իրեն ինչ է պետք եւ ինչ` ոչ:
-Մի քիչ նայիվ ու «ծրագրային» չէ՞ ամբողջ «մեղքը» բարդել ընթերցողի վրա: Սա դիվային ու դիլետանտական պնդում է շատերի կողմից: Թույլ տվեք նկատել քննություն բռնած մի ճշմարտություն՝ ժողովուրդը անհովիվ ու անգամփռ հոտ է: Եթե դու ապաշնորհ հովիվ ես, հոտին կտանես, քարափից ցած կնետես: Հոտը չի կարող ընտրել հովվի. հովիվը պետք է հոտին գտնի ու ճիշտ ուղղորդի:
-Բա որտեղի՞ց է հովիվ կարգվում, հո չի՞ կարող օդից ընկնել:
-Ժողովուրդն է ծնում, միեւնույն ժամանակ, նա ծնում է նաեւ գայլին: Պարադոքսալ կերպով այդ ժողովուրդը ավելի շատ գայլեր է ծնում, քան հովիվներ: Ուրեմն հովիվը պետք է գիտակցի, թե ինքն ով է եւ զսպելով ցեղի տականքին՝ հոտն անփորձանք տեղ հասցնի: Բայց հոտը չսիրող մարդը չի կարող հովիվ լինել: Իսկ, ցավոք, տականքն անպայման չկարգված, այլ հոտին գտած հովվին գնդակահարում է թիկունքից:
-Անդրադառնալով գրականության պետք է-չպետք է-ներին, ի վերջո, ինչպե՞ս է հնարավոր համակարգել դաշտը:
-Կարծում եմ` կարիք չկա դոնկիխոտյան պայքար մղել: Դաշտը համակարգելը գրականագետների եւ նաեւ պետության մշակութային քաղաքականության գործառույթն է: Այստեղ պետք է ճշտել հենց պետության, ավելի ճիշտ՝ իշխանությունների մշակութային քաղաքականության ցենզը: Ամեն գրող իրավունք ունի «ազատ» ստեղծագործելու այնքան ժամանակ, քանի դեռ ազգային անվտանգության համար խնդիր չի հարուցում իր պիղծ եւ դրսից պատվիրովի գրականությամբ կամ տեքստերով: Թվում է` տարօրինակ բան եմ ասում, բայց հավատացնում եմ Ձեզ` մշակույթը, այդ թվում` գրականությունը, բովանդակային հենքում փչացնելով գեղագիտությունը, ազգային անվտանգությանը սպառնալու անվրեպ զենք է: Այս դեպքում հարկավոր է պետական լծակներ օգտագործել, եւ չեմ վախենա ասել` գրաքննություն մտցնել, բառիս լայն ու լավ իմաստով: Այսինքն՝ եթե արվեստագետը ներքին ցենզուրա չունի եւ վատ գեղագետ է, նրան պետք է «պարտադրել» ազգի շահը սպասարկող գեղագիտություն:
-Լինել բանաստեղծ Հայաստանում, մեր ժամանակներում ի՞նչ է նշանակում: Այստեղ ստեղծագործելու համար պարարտ հող կա՞, իսկ հողը փխրեցնողնե՞ր:
-Ժողովրդական հայտնի ասացվածք կա. «Տերովին տերն ա տարել, անտերին` գելը»: Մոտավորապես նույնը վերաբերում է գրողին: Եթե դու կարողանում ես շուրջդ հավաքել քո գեղագիտությանը համապատասխան խմբավորում՝ թայֆա իմաստով, եթե ունես որոշների քիմքին հաճելի գրական խարիզմա, կարողանում ես գտնել խողովակներ, որտեղից կսնվես, դու հնարավորություն կունենաս գրականությամբ զբաղվելով` ապրել, չասեմ լավ, բայց տանելի պայմաններում: Իսկ եթե որոշել ես լինել նաեւ ակտիվ քաղաքացի՝ քո երկրի տերն ու ծառան, այդ դեպքում «բանադրվում ես», շատ խողովակներ քեզ համար փակվում են: Եթե դու իշխող քաղաքականությանը ծառայություններ չես մատուցում, նշանակում է՝ հույսդ պետք է դնես հետմահու ճանաչման վրա:
-Հիշում ենք, որ «Էլեկտրիկ Երեւան»-ի ակտիվ անդամներից էիք: Ակցիայից մեկ տարի է անցել: Այս ընթացքում ի՞նչ է փոխվել մեզ մոտ, ի՞նչ դասեր քաղեցինք:
-Անկեղծ ասած՝ ինձնից անհամեմատ ավելի ակտիվները կային: Մեծ հաշվով ոչ մի դաս էլ չքաղեցինք, սենտիմենտալ կերպով գնացինք այդ քայլին, իսկ ակցիան կիսաբեմադրված էր, մենք էլ այդ բեմադրության մասսայական տեսարաններն էինք ապահովում: Այսօր ես քաղաքում քայլում եմ, մեքենա եմ վարում եւ զգում եմ, թե որքան հեշտ է մարդուն վերահսկելը: Ժամանակներն իսկապես այլ են. անգամ ընդհատակում գործունեություն ծավալելու հնարավորություն չկա, այսօր այն շատ հանգիստ կարող են կանխել: Ասածս այն է, որ բոլորս ակամա այս կամ այն քաղաքական բեմադրության մասնակից զոհն ենք: Ինքնաբուխ ասվածը վաղուց շատ պայմանական բան է, որովհետեւ քաղտեխնոլոգիաները ծառայեցվում են նեղ անձական շահերի:
-Իսկ ո՞ւր մնաց պայքարող մարդը:
-Պայքարող մարդը սենտիմենտալ մարդն է, որը մեր ժամանակներում խամաճիկի կերպարում է հայտնվում գրեթե միշտ: «Թագավորը մերկ է» ասողի տեղը կա՛մ բանտն է, կա՛մ գաղթը: Ի դեպ, ես միայն քաղաքական պայքարը նկատի չունեմ. խոսքս վերաբերում է բոլոր ոլորտներին: Իսկ ազատության գաղափարից անդին, պատկերացրեք, նույնիսկ հայրենիքի գաղափարը կենսունակ չէ: Ինքս լավատես մարդ եմ, բայց օբյեկտիվությունը լավ բան է. հալածական պայքարից հետո բարոյալքված մարդը հասարակական կյանքում անպիտան է եւ, բնականաբար, հեշտ կառավարելի:

 

 

 

 
«ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Շուտով «Կենտրոն» հեռուստաընկերությամբ կհեռարձակվի նոր բազմասերիանոց ֆիլմաշար: Այն կոչվում է «Վենդետտա» (գլխավոր պրոդյուսեր` Է. Ավագյան, բեմադրող ռեժիսոր` Վ. Սայան, սցենարիստ` Գ. Մեջլումյան): Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց սերիալի գլխավոր դերակատարը` Սարգիս Գրիգորյանը: Ֆիլմաշարում հանդես կգան նաեւ հեռուստադիտողների կողմից ճանաչված դեմքեր Սամվել Սարգսյանը, Սոֆի Դեւոյանը, Անժելա Սարգսյանը, Վահագն Գալստյանը, Արմեն Մարությանը, Արշավիր Փանոսյանը, Կարեն Մկրտչյանը եւ այլք:

Նոր սերիալում Սարգիսը կմարմնավորի բժշկի կերպար, որը ակամայից ներգրավվել է մութ պատմությունների մեջ. «Նա բավական ազդեցիկ ընտանիքից է, որի կյանքը 90 աստիճանով փոխվում է այն բանից հետո, երբ վերջինիս դեմ դավեր են նյութում. հերոսը սխալ վիրահատության հետեւանքով սպանություն կատարելու մեղադրանքով հայտնվում է բանտում: Դրանից հետո ֆիլմաշարը ներկայացնում է կյանքը` ճաղերից այն կողմ, հերոսի սիրային պատմությունները, ապա նրա վերադարձն ու վրեժը»,-պատմեց Սարգիսը` հավելելով, որ ինքը եւս մասնակցություն է ունեցել սերիալի սցենարական աշխատանքներին:
Դերասանը տեղեկացրեց նաեւ, որ նկարահանվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին պատմող եւ իրական իրադարձությունների հիման վրա նկարահանված «Երկրաշարժ» ֆիլմում (ռեժիսոր` Ս. Անդրեասյան): Նախնական տվյալներով` այն Հայաստանում էկրան կբարձրանա նոյեմբերի 17-ին, իսկ մոսկովյան պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 1-ին։
Բացի այդ` Սարգիս Գրիգորյանի երկրպագուները նրան հնարավորություն կունենան տեսնելու Արցախյան ազատամարտի մասին պատմող «Ուշացած վերադարձ» ֆիլմում (ռեժիսոր` Շ. Վարդանյան), որտեղ, ի դեպ, դերասանը կրկին մարմնավորել է բժշկի կերպար: Ֆիլմը, հավանաբար, մեծ էկրան կբարձրանա հաջորդ տարվա մայիսի 28-ին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

ԳՅՈՒԼԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի եւ թուրքական «Դողուշ» ընկերության միջեւ համաձայնագիր է ստորագրվել այն մասին, որ Թուրքիայում կհիմնվի առաջին լուսանկարչական թանգարանը, որում ներկայացվելու են Գյուլերի ստեղծագործությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»¬ը, Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը տեղեկացնում է, որ թանգարանը միջազգային բնույթ է ունենալու: Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Գյուլերը, «Դողուշ» ընկերության նախագահ Ֆերիթ Շահենքը, ինչպես նաեւ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հյուսնյու Աքհանը: Շահենքը հայտնել է, որ թանգարանն իր հովանու ներքո է առնելու Գյուլերի բոլոր ստեղծագործությունները: Որպես թանգարանի շենք օգտագործվելու է Բեյօղլու թաղամասում գտնվող այն շինությունը, որտեղ ծնվել, մեծացել եւ որոշ ժամանակ որպես աշխատավայր է կիրառել լուսանկարիչը: Թանգարանում ներկայացվելու են Արա Գյուլերի գրքերը, նոթերը, անձնական իրերը, մրցանակները, պաստառները, ժողովածուները եւ այլն:




Լրահոս