ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԽԱԼ ՄԵԿՆԱԲԱՆՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 30-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկային նախարար Արծվիկ Մինասյանի` շաքարավազի փաստացի մենաշնորհն օրինականացնելու մասին արտահայտած միտքը բուռն քննադատությունների ալիք բարձրացրեց, եւ շատերի համար անգամ անհասկանալի մնաց, թե կոնկրետ ինչ է ցանկացել ասել նախարարը:

«Հայաստանի շաքար արտադրող գործարանն այսօր աշխատում է իր հզորության 25-30 տոկոսի չափով: Հիմա հարց է՝ առհասարակ, այդ 25-30 տոկոսն էլ չպետք է թույլ տա՞լ, որ աշխատի, թե՞ ավելի լավ է՝ դու օրենքով իրեն ճանաչես մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես: Ընդունենք ասես՝ դու պետք է առնվազն 90 տոկոս հզորությամբ աշխատես, դու պետք է ապահովես նվազագույնն այսքան աշխատատեղ, այսքան պետբյուջեի մուտքեր, պետք է ապահովես թափանցիկություն: Այդ դեպքում, անկախ նրանից, թե ովքեր են սեփականատերերը, գուցե պետությունը նաեւ աջակցի այդ կազմակերպությանը՝ արտահանում կազմակերպի»,- ասել էր Մինասյանը:
Արդյոք հնչեցված քննադատությունները տեղին էին, եւ, առհասարակ, մենաշնորհը օրենքի դաշտ բերել ասելով՝ նախարարը ինչ նկատի ուներ: «Ժողովուրդ»-ը այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ:
-Դուք վերջերս հայտարարությամբ հանդես եկաք՝ խոսելով մենաշնորհն օրենքի դաշտ բերելու մասին, սակայն այս հայտարարությունը այլ հնչեղություն ստացավ հանրության շրջանում: Կարո՞ղ եք Ձեր միտքն ավելի պարզ եղանակով բացատրել, որպեսզի հստակեցվի, թե Դուք ինչ նկատի ունեիք՝ այդպիսի հայտարարություն անելով:
-Ափսոսում եմ, որ իմ հայտարարությունը ոչ միայն սխալ մեկնաբանվեց, այլեւ դրանում ներգրավվեցին նաեւ տնտեսական ոլորտի հայտնի լրագրողներ, ում համար հարցն առավել քան պարզ պետք է լիներ: Ճշմարտությունից խուսափել, սակայն, չի կարելի: ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի տնտեսական գործունեությամբ ազատորեն զբաղվելու իրավունք: Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները կարող են սահմանվել միմիայն օրենքով եւ այն էլ միայն հանրային շահերի պաշտպանության նպատակով: Այսինքն՝ շուկայում կենտրոնացվածության բարձրաստիճանի ձեւավորումը, այդ թվում մենաշնորհի կարգավիճակը, պետք է սահմանվեն բացառապես օրենքով, ինչը թույլ կտա օրենքով նախատեսել նաեւ այդպիսի վիճակի դեմ կոնկրետ գործողություններ:
-Եւ ի՞նչ պետք է անել:
-Երբ իրական վիճակը եւ օրենքով նախատեսված կարգը միմյանց չեն համապատասխանում, խնդիր է առաջանում օրենքի դրույթները կենսագործելու ուղղությամբ: Ուստի եւ հիմնական խնդիր է համարվում իրականությունը օրենքով սահմանված կարգով ճանաչելը եւ դրան համապատասխան կարգավորիչ մեխանիզմների գործադրումը, այդ թվում, գնագոյացման ողջ շղթան ուսումնասիրելը, գների չհիմնավորված իջեցումն ու բարձրացումը կանխելը, հակամրցակցային համաձայնությունների բացահայտումն ու պատժումը, շուկայում ազատ մուտքի ու ելքի ապահովումը, սպառողների շահերի պաշտպանությունը: Ասվել է այս, ինչը աղավաղված կերպով է ներկայացվել մամուլում: Այս է ասվել, ինչը ասել եմ միշտ որպես ՀՅԴ կուսակցության անդամ, անկախ նրանից, թե ինչ պաշտոն եմ զբաղեցրել:
-Պարո՛ն Մինասյան, Դուք լրագրողներից մեկի հետ զրույցում խոստացել էիք 100 օր պաշտոնավարելուց հետո մամուլի ասուլիսով հանդես գալ, բայց կարծես թե Ձեր խոստումը չեք կատարում:
-Չեմ հիշում, որ շեշտել եմ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ մամուլի ասուլիս տալու մասին, մանավանդ, երբ նշանակման առաջին իսկ օրվանից անկաշկանդ արտահայտել եմ իմ մոտեցումներն ու մտքերը եւ իմ խոսքը չեմ պայմանավորել պաշտոնավարման ժամկետով:
-Պարո՛ն Մինասյան, մեր տեղեկություններով՝ Դուք եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում կայացած խորհրդակցություններից մեկի ժամանակ վիճաբանել եք, անգամ միմյանց «արա»-ով դիմել: Կարո՞ղ եք ասել, թե ինչն էր պատճառը: Ընդհանրապես շատ է խոսվում այն մասին, որ դեռ խորհրդարանական գործունեության տարիներից Ձեր եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերություններում եղած լարվածությունը չի թուլանում:
-Զարմանալի է, որտեղի՞ց այդպիսի տեղեկատվություն. նման բան չկա եւ չի եղել: Հովիկ Աբրահամյանի եւ իմ հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին վարչապետի եւ նախարարի հարաբերությունները` գործնական, հարգալից, միտված կառավարության, մասնավորապես, էկոնոմիկայի նախարարության ծրագրերը կատարելու վճռականության ուղղությամբ:

 

 

 

 
ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՆՈՐՈԳՎՈՒՄ Է

Որքան մոտենում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, այնքան քաղաքական ուժերի քաղաքական ախորժակը բացվում է: Միաժամանակ քաղաքական արենայում հայտնվում են մարդիկ, որոնք ձգտում են նոր քաղաքական ուժի ձեւավորմամբ ուղի հարթել, եւ դարձյալ սկսվել է նոր կուսակցություն բացելու մրցարշավը: Հերթական կուսակցության կենտրոնական գրասենյակն արդեն նորոգվում է: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում պատրաստվում է կուսակցություն հիմնել, սակայն վերջինս դեռ չի շտապում բարձրաձայնել այդ մասին:

«Ժողովուրդ»-ի տեսախցիկը ֆիքսեց նաեւ նորաստեղծ կուսակցության կենտրոնական գրասենյակի վայրն ու այնտեղ արդեն իսկ կատարվող շինարարական աշխատանքները: Նկատենք, որ Հանրապետության 39 հասցեում տեղակայված կուսակացության գրասենյակի վերանորոգման աշխատանքները վերահսկում է հենց Վիկտոր Դալլաքյանի մորաքրոջ տղան: Այն գտնվում է ԲՀԿ-ի նոր գրասենյակի հարեւանությամբ:
Ինչո՞ւ է որոշել կուսակցություն հիմնել: «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հետ՝ պարզելու իր կողմից ստեղծվելիք կուսակցության նպատակները: Սակայն, ի զարմանս մեզ, Դալլաքյանը վստահեցրեց, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, եւ որ ինքն այդպիսի մտադրություններ չունի:
Թե որն է Դալլաքյանի կողմից կուսակցության ստեղծման լուրը գաղտնի պահելու պատճառը, դժվար չէ ասել: Վերջինս լինելով քաղակական դաշտի հնաբնակներից մեկը՝ լավ գիտի «ֆալշ ստարտ»-ի կարեւորությունը, ու թերեւս դրանով է պայմանավորված, որ դեռեւս նպատակահարմար չի գտնում այդ մասին բարձրաձայնել:
Նշենք նաեւ, որ Վիկտոր Դալլաքյանը մի շարք կուսակցություններ է հիմնադրել (մնալով ստվերում). նրա մտավոր ներուժը օգտագործել են շատ կուսակցություններ իրենց ծրագրերը, կանոնադրությունները կազմելու հարցում, ուստի Դալլաքյանի փորձը այս ասպարեզում դժվար է չգնահատել: Հիշեցնենք, որ «միամիտ լոռեցի» Դալլաքյանը եղել է երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի կողմից հիմնադրված «Միասնություն» խմբակցության անդամ, ինչպես նաեւ Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» խմբակցության քարտուղարը:
Հատկանշական է նաեւ, որ Դալլաքյանը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի փաստացի հեղինակը: Տեսնենք՝ ինչ հաջողություն կունենա սեփական, ոչ իշխանական կուսակցություն հիմնելու փորձը՝ հաշվի առնելով մեր երկրում առկա գերկենտրոնացված քաղաքական դաշտը:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՍՄԵՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈ՞Վ
«Ժողովուրդ»-ը շարունակում է դժգոհություններ ստանալ «Գրանդ Քենդի» ընկերության աշխատակիցներից: Այս անգամ հրուշակեղենի արտադրամասի աշխատողներն են բողոքում: Վերջիններս դժգոհում են, որ արդեն մեկ շաբաթ է՝ տնօրինությունը փոխել է հերթափոխների համակարգը: Նախկինում գիշերային հերթափոխի աշխատակիցները հանգստի ժամանակ են ունեցել: Իսկ արդեն մեկ շաբաթ է՝ գիշերային հերթափոխի աշխատանքը սկսվում է երեկոյան ժամը 19.00-ին, ավարտվում առավոտյան 07.00-ին, երեկոյան 19.00-ից կրկին վերադառնում աշխատանքի: Աշխատակիցներն այս խնդրով բազմիցս դիմել են տնօրինության, սակայն ապարդյուն: «Ժողովուրդ»-ը չկարողացավ այս լուրերի առնչությամբ «Գրանդ քենդի»-ից մեկնաբանություն ստանալ, քանի որ մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան:

 

 

ՔՆՈՒՄ Է, ՉԻ ՔՆՈՒՄ
Ինչպես հայտնի է՝ Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահ: «Ժողովուրդ»-ը ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ ԳԱԱ նախագահ է դառնում մի մարդ, որը նիստերի ընթացքում քնելու սովորություն ունի, Հայաստանն էլ համարում է «քոսոտ երկիր»: «Չեմ կարծում, որ մարդը մի բան ասել է, կարելի է դրանից պատմություն սարքել: Կարծում եմ, որ Ռադիկ Մարտիրոսյանն այն մտավորականներից է, որ հեչ այդ մտքով չի ասել: Հիմա եթե գիտնականներն ընտրել են իրենց նախագահին, ով կարող է խոչընդոտել: Կարծում եմ, որ առավել եւս մտավորականների հետ կապված չի կարելի նման ձեւով արտահայտվել, քնում է, չի քնում»,- պատասխանեց Սահակյանը:

 

 

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ
Երեկ՝ հուլիսի 5-ին, ինքնասպան էր եղել Երեւանի բնակիչ, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի, 21-ամյա Ջուլիետա Կարապետյանը: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ինքնասպանությունը կապված է ամբիոնի վարիչ Լալիկ Խաչատրյանի հետ, իբր նա ավարտական քննության օրն ուսանողուհու համար արհեստական խնդիրներ է ստեղծել: Ինքը՝ Խաչատրյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ լուրերն իր դեմ ծավալված կեղտոտ խաղի արդյունք են, քանի որ պատրաստվում է իր թեկնածությունը ներկայացնել ամբիոնի վարիչի պաշտոնի համար: Նշված ուսանողուհու հետ էլ խնդիր չի եղել, քննությունից անցել է երկու ամիս:
Մանկավարժականի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ասաց. «Նման պարագաներում տեղի է ունենում քննություն համապատասխան մարմինների կողմից, եւ վստահ եմ, որ նրանք կպարզեն ամեն ինչ: Ինչ-որ խոսակցությունների շուրջ անել ենթադրություններ, լուրջ չէ: Տարբեր վարկածներ կան: Տեղի է ունեցել ողբերգություն, շատ մեծ ողբերգություն է, որ 20-21 տարեկան աղջիկը զրկում է իրեն կյանքից»:




Լրահոս