«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ԱՂՄՈՒԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ խմորումները շարունակվում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին աշխատանքից ազատվել են ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուղադարյանը եւ ՔԿՀ-ի տնտեսական մասով պետի տեղակալ Էդիկ Գրիգորյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ այս հեռացումները պատահական չեն եղել, դրանք կապված են ՔԿՀ-ում դատապարտյալների դժգոհության եւ օրերս իրավապահների կողմից իրականացված աղմկալի չարաշահումների հետ:

Եվ այսպես՝ այս տարվա մայիսի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում աղմկահարույց չարաշահումներ էին հայտնաբերվել, ինչից հետո ժամանակավորապես դադարեցվել էին ՔԿՀ պետի լիազորությունները: Վերջինիս փոխարինեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, որին մարտի 2-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ազատել էր պաշտոնից` քրեական տարրերի հետ «սեղան նստելու համար»:
Ինչպես նկատեցիք՝ Սերոբ Հարությունյանի մուտքը ՔԿՀ այդքան էլ բարեհաջող չի սկսվել: Բանն այն է, որ ՔԿՀ-ի նորանշանակ պետը կալանավայրի նիստուկացում որոշ փոփոխություններ է իրականացրել, ինչը դատապարտյալների սրտով չի եղել: Մասնավորապես, նա հրահանգել է դռների դիտանցքները փակ պահել: Հատկապես առաջին հարկի խցերի համար այդ ճեղքերի բացվածքը կարեւոր է, քանի որ օդափոխության հնարավորություն է տալիս: Ուստի նոր պետի խստացումը դատապարտյալների շրջանում արդեն իսկ լուրջ դժգոհություններ է առաջացրել: Սա էլ դեռ քիչ է, Սերոբ Հարությունյանը դատապարտյալների առաջ պայման է դրել. եթե նրանք քրեակատարողական հիմնարկի տրամադրած ուտելիքը չվերցնեն, ապա դրսից ուղարկված ուտելիք եւս չեն ստանա: Արդյունքում, դատապարտյալները պարտադրված վերցնում են ՔԿՀ-ի տրամադրած ուտելիքը: Իսկ, ահա, մեզ հետ զրույցում դատապարտյալների հարազատները հայտնել էին, որ ՔԿՀ-ի տրամադրած սնունդը այնքան վատն է, որ անհնար է ուտել: Նրանց խոսքով՝ բոլորը սնվում են դրսից ուղարկած սնունդով, իսկ ՔԿՀ-ի տրամադրած սնունդը լցնում են զուգարանները:
Բանը հասավ նրան, որ նորանշանակ պետի իրականացրած փոփոխություններն այն աստիճան սրեցին իրավիճակը, որ դատապարտյալները թուք ներարկեցին իրենց, իսկ նրանցից մեկն էլ ոտքերը գամեց հատակին:
Այս ամենի արդյունքում բարձրացված աղմուկից հետո ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանին այլ ելք չի մնացել, քան ՔԿՀ ներսում որոշակի փոփոխությունների գնալը, ասել է, թե դատապարտյալների կողքին կագնել՝ հնարավոր նոր աղմուկից խուսափելու համար: Եվ այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ նախօրեին աշխատանքից ազատվել են «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուղադարյանը, ՔԿՀ-ի տնտեսական մասով պետի տեղակալ Էդիկ Գրիգորյանը: Ըստ ՔԿՀ-ում շրջանառվող լուրերի՝ Սմբատ Բուղադարյանի ազատումը կապված է դատապարտյալների խցերի դիտանցքները փակելու եւ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետ, իսկ, ահա, ՔԿՀ-ի տնտեսական մասով պետի տեղակալ Էդիկ Գրիգորյանի հեռացումը կապված է դատապարտյալներին պարտադրված անորակ սնունդ տրամադրելու հետ: Ըստ ամենայնի, վարչությունը վերոնշյալ պաշտոնյաներին հեռացրել է դատապարտյալների սիրտը շահելու համար եւ, դեռ ավելին, որոշել է դատապարտյալների խցերի դիտանցքները կեսօրից մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն բաց թողնել:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուղադարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ դժգոհություն է հասունացել իր անվան շուրջ եւ, առհասարակ, նա ինչ կապ ունի ՔԿՀ-ում հայտնաբերված չարաշահումների հետ:
-Պարո՛ն Բուղադարյան, Ձեզ հեռացրել են աշխատանքից, ո՞րն է պատճառը:
-Չեն հեռացրել, տեղափոխել են այլ պաշտոնի:
-Մեզ հասած տեղեկություններով՝ Ձեզ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռացրել են այն պատճառով, որ Դուք եք հրահանգել դատապարտյալների խցերի դիտանցքները փակել, ինչն էլ հանգեցրել է մեծ աղմուկի:
-Ընդհանրապես կապ չունի դրա հետ:
-Դուք արդեն մի քանի տարի է, ինչ ՔԿՀ-ում եք աշխատում, միգուցե նորանշանակ պետի հետ չհարմարվեցի՞ք:
-Կապ չունի:
-Իսկ այդ դեպքում ինչի՞ հետ կապ ունի:
-Սա հո առաջին դեպքը չէ, որ տեղափոխել են: Մեկ ամիս առաջ Սեւանում էի: Ես «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ երկու անգամ եղել եմ, մեկը 2009 թվականից մինչեւ 2014 թվական, հետո 7-8 ամիս ուրիշ տեղ եմ եղել, հետո եկա Նուբարաշեն պետի տեղակալ, հիմա էլ ուրիշ տեղ եմ տեղափոխվում:
-Ո՞ւր են տեղափոխել Ձեզ:
-«Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ:
-Ինչպես գիտեք՝ 2016 թվականի մայիսի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում լուրջ չարաշահումներ էին հայտնաբերել, եւ ժամանակավորապես դադարեցվել էին ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները: Դուք նրա տեղակալն եք եղել եւ գիտեք, թե ինչ չարաշահումներ էին եղել:
-Ի՞նչ չարաշահում, լուրջ եմ ասում՝ ինքը իր դիմումի համաձայն է դուրս եկել:
-Իսկ Դուք մարդկային մոտեցում եք համարո՞ւմ այսօրվա գերծանրաբեռնված խցերում դիտանցքները փակելը:
-Բաց էլ թողնում էինք, իրանք իրենց կապրիզներն էին ցույց տալիս, նորանշանակ պետը նորմալ մտածող մարդ է, բաց է թողնում, իրենք շատ դեպքերում շանտաժի են դիմում: Ես չեմ ուզում որեւէ մեկին քննադատել, իրենք էլ իրենց աշխարհն ունեն եւ ուզում են իրենցն առաջ տանեն, աշխատողի մասին վատը մի մտածեք, շատերը քրտնաջան աշխատում են, ու չգիտես ինչու՝ կալանավորի ասածը լուրջ են ընդունում: Ազնիվ մարդիկ էլ շատ կան, բայց կան, որ շանտաժի են գնում:
-Բայց սա միակ աղմկահարույց դեպքը չէ, որ առնչվում է Ձեր անվան հետ: Դուք հայտնի եք նաեւ նախկին դատապարտյալ Արտակ Հակոբյանին ծեծի ենթարկելու գործով, դա՞ էլ է սուտ:
-Նա հայտնի շանտաժիստ է:
-Նորմալ եք համարում, որ Ձեզ անընդհատ տեղափոխում են տեղից տեղ: Մի՞գուցե այնքան խնդիրներ եք ստեղծել, որ չգիտեն՝ ինչպես փրկեն իրավիճակը:
-Բայց ինչի համար, միգուցե մի մարդ շատ մի տեղ մնում, լճանո՞ւմ է (ծիծաղում է Ք.Մ):

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԱՆՏԵՂՅԱԿ ԵՎ ԱՆՏԱՐԲԵՐ
Արդեն երկու շաբաթ է, ինչ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր ՍԷֆիլյանը գտնվում է կալանքի տակ: Հիշեցնենք, որ 2016թ. հունիսին 20-ին ՀՀ քննչական կոմիտեն կալանավորել էր Ժիրայր Սէֆիլյանին, քանի որ մայիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի ժամանակ մեքենաներից մեկում հայտնաբերվել էր զենք-զինամթերք, ինչը վերագրվեց Սէֆիլյանին: Այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նշենք, որ անցել է տեւական ժամանակ, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ինչ կապ ունի Ժիրայր Սէֆիլյանը հայտնաբերված զենք-զինամթերքի հետ, ում է նա տվել զենք, կամ ով է ասել իրավապահներին, թե հենց Ժիրայր Սէֆիլյանն է նրանց զենք տվել: Առեղծվածային այս պատմության գործով նախաքննությունը դեռեւս շարունակվում է: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, մինչ օրս հայտնի չէ, թե ինչ կապ ուն Ժիրայր Սէֆիլյանը այս պատմության հետ: Վերջինիս բռնել են այն բանի համար, որ ուրիշ մարդկանց մոտ զենքեր են հայտնաբերել ու ասում են, որ այն Ժիրայր Սէֆիլյանինն է: Ինչքանո՞վ է, ըստ Ձեզ, լուրջ այս մեղադրանքը:
-Ոչ մի բանից տեղյակ չեմ, ոչինչ չեմ կարող ասել:
-Փաստորեն, Ձեզ նման դեպքերը չեն հուզում: Իսկ Դուք ի՞նչ երաշխիք ունեք, որ Ձեզ հետ նման կերպ չեն վարվի: Գուցե գտնվեն զենք ունեցողներ, որոնք ցուցմունք կտան, որ դրանք Ձերն են, ու ստացվում է՝ Ձեզ պետք է կալանավորե՞ն: Առայժմ քննչական կոմիտեն մեղադրանքի այլ հիմնավորման մասին չի հայտարարում:
-Ոչ մի բանի չեմ տիրապետում, ոչինչ չեմ կարող ասել: Հիմի ինչ կլինի ինձ հետ, վաղը, Աստված վերեւն է, ներքեւը ես եմ: Երաշխիքը մամուլի ազատությունն է, որը մենք այսօր ունենք: Քաղաքացիական հասարակության ձեւավորումն էլ վերջին ժամանակներս գնում է առաջ:Դեպի դրան ենք գնում:
-Ինչպես գիտենք՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ով ուզում է, կարող է գնալ ու 800 հա կորցրած տարածքները հետ վերցնել: Ժիրայր Սէֆիլյանն էլ հայտարարել էր, որ պատրաստվում է ազատագրել այդ հողերը: Ինչո՞ւ հենց նա կալանավորվեց: Դուք այդ զուգադիպության մեջ տարօրինակ ոչինչ չեք տեսնո՞ւմ:
-Եթե այդպիսի հայտարարություն եղել է, բացարձակ ոչ: Իսկ եթե ինչ-որ ձերբակալմանը նախորդող գործողություններ են եղել, ուրեմն այդպես է եղել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԱՌԱՎԵԼ ԿՈՐԾԱՆԻՉ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական էսկալացիայի վերսկսումը կարող է առավել կործանիչ լինել, քան ապրիլյան իրադարձությունները: Այս մասին ասված է ԼՂ հակամարտությանը նվիրված Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում: Կազմակերպությունը նշում է, որ «Երկիր-երկիր» դասի հրթիռների կիրառման լուրջ ռիսկ կա, իսկ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը կարող է մեծ լինել: Մեկնաբանելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում երրորդ երկրների դերը՝ ՄՃԽ-ն նշում է, որ Ռուսաստանն առանցքային միջնորդ եւ անվտանգության երաշխավոր է հանդիսանում: «Թուրքիան ռազմական գործակցություն, կարեւոր էներգետիկ համագործակցություն, քաղաքական եւ տնտեսական սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ: Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները լարված են: Իրանն էլ դեռեւս որոշում է իր դիրքը տարածաշրջանի հանդեպ, սակայն ձգտում է մեծ դեր խաղալ: Շահերը համընկնում են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, սակայն Մոսկվան, որն իրեն գլխավոր միջնորդ է համարում, փորձում է ամրապնդել այդ տարածաշրջանում իր դիրքերը»,-ասվում է զեկույցում:

 

 

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՆԴՈՐՐ
Հուլիսի լույս 5-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում շարունակել է տիրել հարաբերական անդորր, բացառությամբ հարավային եւ հյուսիսարեւելյան ուղղությունների: Նշված հատվածներում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հակառակորդը հիմնականում ինքնաձիգերից եւ գնդացիրներից մի քանի ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:




Լրահոս