ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հանրապետական ու դեմոկրատ թեկնածուներ Թրամփն ու Քլինթոնը այլեւս վճռականորեն սկսել են միմյանց դեմ անհաշտ պայքարը: Երկու թեկնածուներն էլ համարվում են երկրի ողջ պատմության մեջ այդ բարձր պաշտոնին իրապես հավակնող ամենահակասական կերպարները առանց բացարձակ հեղինակության: Այդ հարցում, անշուշտ, առաջատարը Դոնալդ Թրամփն է, որն իր վերջին գործողություններով վաստակեց նաեւ հակասեմիտականի «պատիվը»:
Թվիթերի միջոցով ընտրողների հետ շփվել նախընտրող Թրամփը օրերս այդ հարթակում իր հիմնական մրցակցին քննադատող մի ֆոտոկոլաժ էր հրապարակել, որտեղ, որպես «երբեւէ գոյություն ունեցած ամենակոռումպացված թեկնածու», որակվում էր հենց Հիլարի Քլինթոնը: Այդ ձեւակերպումը արվել էր վեցակողմ աստղի պատկերի վրա: Նկատենք, որ այդպիսի աստղը համարվում է «Դավթի աստղ»՝ խորհրդանշելով ժամանակակից հրեական ինքնությունն ու հուդաիզմը: Եվ պատահական չէ, որ լրատվամիջոցները հապճեպորեն կենտրոնացան Թրամփի այդ «չար» կատակի վրա՝ ենթադրելով, որ նախագահի թեկնածուն կոռումպացված Քլինթոնին պատկերում է հրեական խորհրդանիշների ֆոնին: Ամերիկյան հասարակական-քաղաքական կյանքում հակահրեականության ցանկացած դրսեւորում բավականին լուրջ քննադատության է հանդիպում, ինչը Թրամփը եւ նրա քարոզչական թիմը պարտավոր էին գիտակցել: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում լրատվամիջոցների մեծ մասը պատկանում է Դեմոկրատական կուսակցությանը հարող շրջանակներին եւ Թրամփի վրիպումը հեշտությամբ ներկայացվեց իբրեւ լուրջ ու չարամիտ դիտավորություն:
Հանուն արդարության՝ հարկ է նկատել, որ Թրամփի քարոզչական թիմն առաջին անգամ չէ, որ ռասիստական բնույթի հաղորդագրություն է տարածում համացանցում եւ դրան համահունչ ձեւակերպումներով համեմում իր ելույթները: Այդ ամենից էլ հաջողությամբ օգտվում են հակառակորդները՝ պնդելով, որ մեկ անգամ կարելի է սխալվել անընդունելի նյութեր հրապարակելու հարցում, նույնիսկ երկու կամ երեք անգամ, սակայն այսպիսի պահվածքը արդեն վերածվում է Թրամփի քարոզարշավի առանցքային բաղադրիչի: Իրավամբ, ավելի քան 6 անգամ Թրամփի նախընտրական շտաբը հրապարակել է վիրավորական բնույթի հայտարարություններ կամ նկարներ, սակայն անմիջապես ներողություն խնդրել դրա համար եւ հեռացրել գրառումը: Այս անգամ եւս կրկնվեց նույնը: Հանրապետական թեկնածուի շտաբը շտապեց հավաստիացնել, որ որեւիցե միտում չի եղել նույնացնելու հրեականությունն ու Քլինթոնի կոռումպացվածությունը՝ շեշտելով, որ վեցաթեւ աստղը նույն հաջողությամբ կարելի է մեկնաբանել որպես ոստիկանական շերիֆի աստղ: Թրամփի շտաբի հայտարարության համաձայն՝ շերիֆի աստղը ուղեկցել է գրառմանը՝ ցանկանալով ցուցադրել, որ Քլինթոնը քրեական հանցանք է գործել եւ նրա գործունեությունը հարկ է ընկալել հենց այդ տիրույթում: Ըստ այդմ, անթույլատրելի է ցանկացած նույնականացում հակասեմիտականության հետ, որը խափանում է լուրջ բանավեճն ու շեղում հասարակության ուշադրությունը Քլինթոն ամուսինների անազնիվ վարքագծից: Թրամփը պնդել է, որ ամերիկացիների քննարկմանը պետք է դրվի ոչ թե գոյություն չունեցող հակասեմիտականությունը, այլ Հիլարիի ամուսնու՝ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հանդիպումը ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետտա Լինչի հետ: Հիշեցնենք, որ նախկին նախագահը իբր պատահական հանդիպում էր ունեցել Լինչի հետ, ինչից, ըստ իր իսկ խոսքերի՝ լիովին անտեղյակ է եղել Հիլարի Քլինթոնը: Թրամփը կարծես արտահայտել է բոլորի զարմանքը՝ շեշտելով, որ հիմար պետք է լինել հավատալու համար, որ նախկին նախագահն ու գործող գլխավոր դատախազը պատահականորեն հանդիպել են օդանավակայանում: Հայտնի է, որ պետքարտուղար եղած ժամանակ Հիլարի Քլինթոնի պաշտոնական լիազորությունների չարաշահմանը վերաբերող ԱՄՆ դաշնային հետաքննության բյուրոյի քննությունը դեռեւս ընթացքի մեջ է: Ուստի Քլինթոնները պետք է ջանք չխնայեն գործը կարճելու ուղղությամբ, ինչն էլ իրավացիորեն վերածվել է Թրամփի քննադատության թիրախի: Եվ, ահա, ըստ նրա՝ խուսափելու համար իրական հիմնախնդիրների շուրջ բանավեճից՝ Քլինթոնն ու նրա կողմնակիցները փորձում են շեղել հասարակության ուշադրությունը:
Հիշենք, որ ՀՀ նախագահի՝ 2008թ. ընտրություններում Հայաստանի իշխանությունները նույնաբնույթ մի մարտավարություն էին ընտրել իրենց հիմնական մրցակից, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Հայտնի է, որ վերջինիս կինը ազգությամբ հրեա է, ինչն էլ հաջողությամբ դարձել էր իշխանության քարոզչամեքենայի խաղաքարտը, որով նրանք հակասեմիտական կեցվածք էին որդեգրել: Հետաքրքիր է, որ այն ժամանակ այդ փաստը արձանագրել էին հենց ամերիկյան դիվանագետները՝ հետեւողականորեն քննադատելով իշխանության այդօրինակ պահվածքը: Ավելին՝ ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը դիվանագիտական հանդիպումների ընթացքում հարցը բարձրացրել էր գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների առաջ: Հայաստանյան իշխանությունները ձգտում էին շեղել հասարակության ուշադրությունը հրատապ հարցերի քննարկումից՝ կենտրոնացնելով «հրեական դավադրություն», «ջհուդամասոնական խաղեր» եւ նմանատիպ այլ դատարկ թեմաների վրա եւ խաղալով հասարակության բնական վախերի հետ: Պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանի շարժման հզորությունը խափանելուց հետո, իշխանությունները դադարեցրին այդ ամոթալի քարոզչությունը եւ հակասեմիտականության թեման հապճեպորեն անհետացավ իշխանական լրատվամիջոցներից: Արդ, եթե ԱՄՆ-ում քննադատում են Թրամփի «հակահրեականությունը», ապա Հայաստանում պախարակվում էր Տեր-Պետրոսյանի «հրեամետությունը»: Այսպիսի գործելաոճը բնորոշ է բոլոր այն քաղաքական խմբերին, որոնք ձգտում են շեղել հասարակության ուշադրությունը՝ այն կենտրոնացնելով անկարեւոր հարցերի վրա եւ միաժամանակ գաղտնաբար լուծելով իրենց խնդիրները:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱԿՈՒՐՍԵՑՈՒ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՊՈԱԿ-ԻՆ
Սեւանա լճի մաքրման, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում գիտական ուսումնասիրությունների, պարկի արգելավայրի պահպանման եւ այլ ծրագրերի անվան տակ յուրաքանչյուր տարի պետբյուջեից հսկայական գումարներ են դուրս գրվում: Մինչդեռ Սեւանա լճի խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլեւ բազմանում են:
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին այս տարի հատկացրել է 269 մլն 424 հազար դրամ գումար: Տեղեկացանք, որ ՊՈԱԿ-ին հատկացված գումարը ծառայելու է «Սեւան ազգային պարկի» պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման համար: Այդ թվում 9 մլն դրամ հատկացվել է պարկի 7 հա տարածքի վրա անտառտնկման միջոցառումներ իրականացնելու համար, իսկ գիտական ուսումնասիրությունների իրականացման համար՝ 15 մլն 700 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 243 մլն 824 հազար դրամ հատկացվել է պարկի պահպանության ծառայությունների՝ աշխատակիցների կողմից պետական արգելոցի եւ արգելավայրի տարածքներում ստուգումների եւ շուրջօրյա հերթապահությունների համար, բացատրական եւ քարոզչական միջոցառումների կազմակերպման եւ իրականացման, արդյունքների ամփոփման ու վերլուծության համար: Արդյոք դրանք կազմակերպվում, իրականացվում կամ ամփոփվում են, հայտնի չէ: Բայց այն, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տնօրինում է մի մարդ, ով բացարձակ տեղյակ չէ բնապահպանական խնդիրներից, դա վաղուց բոլորին հայտնի փաստ է: Եւ բնապահպանության նախարարությունը շարունակում է դա անտեսել:
Տեղեկացնենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տնօրեն չունի: Իսկ տնօրենի պարտականությունները դեռեւս 2013 թվականից մինչ օրս կատարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Գնդոյանը: Նա Սերժ Սարգսյանի համակուրսեցին է: Թերեւս սա է պատճառը, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը այդպես էլ չի զբաղվում Սեւանա լճի հիմնախնդիրների լուծմամբ, ինչի համար էլ որ ստեղծված է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱՎԵՐԻ ԳՈՂՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
Դիլիջանի բնակիչ, 1975թ. ծնված Վահե Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 23-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտքի դուռը հրելու եւ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում գտնվող, Արմինե Թամրազյանին պատկանող տան բակ եւ շինություն հանդիսացող թռչնաբնի փականը բացելով՝ այնտեղից գաղտնի հափշտակել է ընդհանուր 45 հազար դրամ արժողությամբ 8 հավ եւ աքաղաղ: Վ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Գողությունը, որ կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով): Սույն հոդվածը նախատեսում է 500 հազարից 1 միլիոն դրամ տուգանք, կամ 2-5 տարի ազատազրկում: Վ. Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում հունիսի 14-ին, հունիսի 24-ին եւ հուլիսի 1-ին նշանակված դատական նիստերին Վ. Ավետիսյանը չի ներկայացել: Դատարանը հունիսի 14-ին եւ 27-ին ոստիկանության Դիլիջանի բաժին գրություններ է ուղարկել՝ խնդրելով ամբաստանյալին պարտավորեցնել ներկայանալու դատական նիստին: Հունիսի 30-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի պետը գրությամբ դատարանին հայտնել է, որ Դիլիջան քաղաքի բնակիչ Վահե Ավետիսյանին հնարավոր չի եղել հայտնաբերել, քանի որ նա բնակության վայրից բացակայում է: Հուլիս 1-ի նիստից առաջ մեղադրողը միջնորդել է փոխել Վ. Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը եւ նրա նկատմամբ հայտարարել հետախուզում: Հուլիսի 1-ին դատավոր Զոյա Զաքինյանը բավարարել է այդ միջնոդությունը եւ գործի վարույթը կասեցրել մինչեւ Վ. Ավետիսյանի հայտնաբերումը:
ԲՈԹԻՆ ՉԻ ԴԻՄԱՑԵԼ
Հուլիսի 3-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ջուջեւան գյուղում հուղարկավորել են 1952թ. ծնված Հենրիկ Բաբաջանյանին: Վերջինս նախկինում Ղուբաթլուի հայաբնակ գյուղերից մեկում գյուղապետ է աշխատել, վերջին տարիներին անկողնային հիվանդ էր, կաթված էր տարել: Հունիսի 24-ին Աբովյան քաղաքում, նախկին «Սիրիուս» գործարանի տարածքում գործող «Առողջ սունկ» ՍՊԸ արտադրամասում հաստոցը քաշել, սպանել է 22-ամյա Հմայակ Բաբաջանյանին: Հենրիկ Բաբաջանյանը Հմայակի հորեղբայրն էր: Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանն ասաց, որ Հենրիկն իմանալով երիտասարդ եղբորորդու մահվան բոթը, հանկարծամահ է եղել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ