Վերջին տարիներին անշարժ գույքի գործակալություններում ավելի շատ են դժգոհում գործարքների քանակի կտրուկ նվազեցումից: Այս շուկայում գործունեություն ծավալող տնտեսվարողները որպես հիմնական խնդիր մատնանշում են գնորդների բացակայությունը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա մայիսին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 14658 գործարքներ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները կազմել են 15400: Ստացվում է, որ այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, 742-ով պակաս գործարք է իրականացվել անշարժ գույքի նկատմամբ: Ըստ անշարժ գույքի գործակալության աշխատակիցների՝ անշարժ գույքի շուկայում ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկը ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումն է: Այսինքն՝ այն ընտանիքների եկամուտները, որոնք գոյանում են արտերկրում աշխատող հարազատների ուղարկած գումարի հաշվին, վերջին երկու տարում կտրուկ նվազել են, ինչն էլ իր բացասական հետեւանքն է ունեցել անշարժ գույքի շուկայի վրա: Բացի տրանսֆերտների կրճատումից՝ դոլարը բավականին թանկացել է: Իսկ Հայաստանում անշարժ գույքի գործարքները հիմնականում կատարվում են դոլարով: ՌԴ արտագնա աշխատանքի մեկնածների կամ այնտեղ ապրողների մի մասը, դա հաշվի առնելով, Հայաստանում գտնվող իրենց տները վաճառել են, իսկ դոլարը Ռուսաստան տարել: Ընդ որում, գույքը վաճառել են շուկայականից երեսուն տոկոս ավելի ցած գնով:
Անշարժ գույքի վաճառքով զբաղվող Կարեն Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ պակասել է նաեւ այն գնորդների թիվը, ովքեր գույքը վարկերով են ձեռք բերում: Անշարժ գույքի գործակալի դիտարկմամբ՝ պատճառն այն է, որ նրանց մի մասը խնդիրներ է ունենում վարկերի վերադարձելիության հետ կապված: Արդյունքում նրանց վարկային պատմությունները «փչանում են», եւ նրանք այլեւս չեն կարողանում նոր վարկ վերցնել:
Անշարժ գույքի գնորդների բացակայության արդյունքում նրանք, ովքեր չեն կարողանում վաճառել իրենց բնակարանները, այն գրավադրում են: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից գրավադրումը կազմել է 13.4 տոկոս: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրավադրումը կազմել է 8.8 տոկոս: Շատ է նաեւ այն քաղաքացիների թիվը, որոնք իրենց բնակարանները գրավադրում են բանկերում, վարկային կազմակերպություններում, բայց չկարողանալով մարել վարկային պարտավորությունները՝ այդ բնակարանները մնում են բանկին:
Նշենք, որ այս տարվա մայիսին ՀՀ-ում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից 24.5 տոկոսը կազմել է վաճառքը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 25.9 տոկոս: Այս տարվա մայիսին վարձակալումը կազմել է 4.3 տոկոս, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 3.9 տոկոս: Այս տարվա մայիսին անշարժ գույքի նկատմամբ գործարքների 35.3 տոկոսը իրականացվել է Երեւանում: Սա վկայում է այն մասին, որ Երեւանում կենտրոնացվածությունը մեծ է:
Եւ չնայած սրան՝ արդեն մի քանի տարի է՝ Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ-ի գների էական փոփոխություններ չեն արձանագրվել: Օրինակ՝ Նոր Նորքի զանգվածում բնակարանների 1 քմ-ն վերոնշյալ ժամանակահատվածում թանկացել է ընդամենը 1000 դրամով, Ավան վարչական շրջանում՝ 900 դրամով, իսկ Էրեբունի վարչական շրջանում՝ 300 դրամով: Ինչ վերաբերում է Կենտրոն վարչական շրջանին, ապա այստեղ գները պահպանվել են:
Թե առաջիկա ամիսներին ինչ զարգացումներ տեղի կունենան անշարժ գույքի շուկայում, առայժմ դժվար է կանխատեսել: Ըստ մասնագետների՝ Հայաստանում անշարժ գույքի շուկան փոքր-ինչ ակտիվացնելու համար նախեւառաջ անհրաժեշտ է հիփոթեքային վարկերի պայմանները հեշտացնել եւ յուրաքանչյուր ընտանիքի համար դարձնել մատչելի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԸՆԴԴԵՄ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան, Կոթի եւ Ոսկեպար գյուղերի 1255 բնակիչ նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին եւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Ինչպես հայտնեց Կոթիի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արթուր Մանթաշյանը, իրենք նամակի մեջ նշել են, որ նամակը ստորագրողները կազմում են նշված գյուղերի փաստացի բնակչության 80 տոկոսը: Ըստ Ա. Մանթաշյանի՝ դիմումատուները դեմ են Ադրբեջանին սահմանակից համայնքների խոշորացմանը, ցանկանում են, որ գոնե այս փուլում այն չիրականացվի, քանի որ մինչեւ 2017 թվականի վերջը Հայաստանի բոլոր համայնքներն են խոշորացվելու: Նրանք նշել են, որ համայնքների խոշորացումով խախտվում է ՀՀ Սահմանադրությունը եւ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի 7-րդ գլուխը: Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի խոշորացվող համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
ՍԵԼԱՎՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՔԱՆԴԵԼ ԵՆ
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ հուլիսի 2-ին տեղացած հորդ անձրեւներից առաջացած սելավները կրկին մեծ վնաս են հասցրել Իջեւան քաղաքին, քանդել համայնքային նշանակության ճանապարհները: Իջեւանի բնակիչները դժգոհում են հաճախակի տեղացող անձրեւներից, որոնք վնասում են պտղատու այգիներից ակնկալվող բերքը: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնեց, որ հունիսի 16-ին տեղացած հորդ անձրեւներից առաջացած սելավները հող, քարեր, ավազ են լցրել քաղաքի տարածքով ձգվող միջպետական ավտոճանապարհին: Քաղաքային կոմունալ ծառայությունը մաքրել է ճանապարհը: Սելավները վնասել են Ասլանյան, Մետաղագործների, Տերյան, Պռոշյան, Թավրիզյան, Սայաթ-Նովա եւ այլ փողոցներ: Իջեւանի կոմունալ ծառայությունը 2 ամբարձիչի միջոցով խիճ է տեղափոխել, հարթեցրել համայնքային ճանապարհները, դրանք բարեկարգել: Իջեւանի ավագանու անդամ Սամվել Չիբուխչյանը հայտնեց, որ սելավներից քանդված համայնքային ճանապահների վերականգնումը տեւել է ավելի քան մեկ շաբաթ: Կոմունալ ձեռնարկությունը հազիվ էր վերականգնել ճանապարհները, հուլիսի 2-ին սելավները նոր վնաս պատճառեցին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները երեկ առավոտվանից փակ են պահել Երեւան-Գողթ ճանապարհը: ArmLur.am-ը Գողթ համայնքի ղեկավար Արավազդ Հակոբյանի հետ հեռախոսազրույցում պարզել է, որ երեկ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը գրություն է ուղարկել գողթեցիներին եւ նրանց վստահեցրել, որ Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագրով չի նվազի Գողթ համայնքի հողատարածքների համար անհրաժեշտ ջուրը: Սակայն գյուղացիները չեն պատրաստվում բացել ճանապարհը, նրանք նշում են, որ իրենց ոչ մի գրություն չի հետաքրքրում, ճանապարհը փակ են պահելու մինչեւ չեղյալ չհայտարարվի Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը:
Նշենք, որ Գեղարդալիճը գտնվում է Աժդահակի ստորոտին՝ (2800մ) բարձրության վրա: Գեղարդալիճի բարձրացման եւ սնուցման ծրագիր կա, որով պետք է կառուցվի 2-րդ ջրատարը: Լճի բարձրացման դեպքում ջրից կօգտվեն եւս մի քանի համայնքներ: Գեղարդալճի տարողությունն ընդամենը 2.4 միլիոն խորանարդ մետր է, եւ եթե այնտեղից այլ գյուղեր ջուր տեղափոխեն, գյուղացիների հողատարածքների ոռոգման համար ջուր չի մնա:
Գյուղապետի խոսքով՝ Կոտայքի մարզպետը երկուշաբթի օրը ամբողջությամբ պատրաստ նախագծով ժողովրդի հետ կփորձի բանակցություններ վարել։
ԼԱՐՍԸ ԴԵՌ ՓԱԿ Է
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տեղեկացմամբ՝ նախօրեին գիշերը տեղացած հորդառատ անձրեւի պատճառով, ելնելով անվտանգությունից, Լարսի սահմանային անցակետի փորձնական բացումը 4X4 թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար հետաձգվել է: Նախնական տվյալներով՝ ավտոճանապարհը փորձնական կբացվի հուլիսի 6-ին: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ԿԱՐԿՈՒՏԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Երեկ Շիրակի մարզի Վահրամաբերդ, Մարմաշեն, Կապս համայնքների բնակիչները փակել են համայնքներ տանող մարզային նշանակության ճանապարհահատվածի Գյումրի-Մարմաշեն հատվածը՝ պահանջելով, որ մարզային իշխանությունների ներկայացուցիչներն այցելեն համայնքներ ու տեղում ծանոթանան կարկուտի հասցրած վնասների չափին: Վահրամաբերդ համայնքի ղեկավար Աղվան Մարտիրոսյանը armlur.am-ի հետ զրույցում ասել է, որ մարզպետարանի աշխատակիցների հետ բոլոր հարցերը քննարկվել են, եւ որոշվել է, որ տեղադրվելու է եւս երեք կամ չորս հակակարկտային կայան: Համայնքի ղեկավարն ընդգծել է, որ գյուղն ունեցել է երկու հակակարկտային կայան, եւ կարկուտի ժամանակ երկուսն էլ գործել են: Նշենք, որ այսօր առավոտյան Շիրակի մարզպետը պետք է հանդիպի համայնքների ղեկավարների եւ բնակիչների հետ: