«ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՍ Է ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ` բացահայտելով նրանց էության առանձնահատկությունները, «գաղտնազերծելով» վերջիններիս կյանքից քչերին հայտնի դրվագներ: Այս անգամ մեր զրուցակիցը մի շարք ֆիլմերից, հեռուստանախագծերից եւ ներկայացումներից հայտնի դերասանուհի Նաիրա Մովսիսյանն է: Հեռուստադիտողները կհիշեն նրա մարմնավորած վառ կերպարները «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմում, «Կյանքի կարուսել», «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալներում:

-Նաիրա՛, լույսը բացվելուն պես շտապում եք…
-Բալիկիս մոտ:
-Սարք, առանց որի կյանք չունեք:
-Չկա նման բան. ես տեխնիկայից կախվածություն չունեմ: Չեմ կարող խաբել, ասել, թե, օրինակ, առանց հեռախոսի կամ հեռուստացույցի ապրել չեմ կարող: Դրանք եթե չլինեն էլ, իմ կյանքում ոչինչ չի փոխվի:
-Բառեր կամ արտահայտություններ, որոնք հաճախ եք կիրառում:
-«Մամ ջան»-ը: Պարզապես դրան փոխարինող համարժեքը չկա:
-Հարեւանների հետ Ձեր հարաբերություննե՞րը:
-Բավական լավ: Երբեմն այցելում ենք միմյանց, ինչով կարողանում ենք, իրար օգնում ենք:
-Ի՞նչը կարող է նյարդայնացնել Ձեզ կենցաղում:
-Ժամանակի դանդաղ ընթացքը: Նայում եմ մարդկանց եւ ինձ թվում է, թե նրանք շատ դանդաղ են շարժվում: Գուցե պատճառն այն է, որ ինքս արագաշարժ մարդ եմ:
-Միշտ վախենում եք չհասցնել…
-Չէ, ես միշտ հասցնում եմ այն, ինչ ուզում եմ. դա մարդու ցանկությունից է կախված:
-Երկիր, որը Ձեզ առանձնակի գրավել է:
-Շվեյցարիան եւ Հոլանդիան: Կուզենայի լինել նաեւ ԱՄՆ-ի մի շարք նահանգներում. ես ընդամենը երեքում եմ եղել, դա, կարծում եմ, քիչ է:
-Ձեր եղանակը, տարերքը:
-Այնքան խառն եմ (ծիծաղում է): Ե՛վ սառն եմ, ե՛ւ ջերմ, ե՛ւ փոթորիկ եմ, ե՛ւ խաղաղ ալիք:
-Հարյուր տոկոսանոց վստահություն ունեք…
-Ինքս ինձ վրա. դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է նպատակասլացությանը: Եթե ես մի բան ուզում եմ, անպայման անում եմ:
-Արվեստի մարդու եւ մյուսների տարբերությունը:
-Մեզ համար գոյություն չունի մեկ գույն, այլ այդ գույնի տարբեր երանգներ: Եթե մեկ ուրիշը տեսնում է կետ, ապա մենք այդ կետի մեջ փնտրում ենք այլ տարբեր կետիկներ: Ինձ հարցնում են, թե կուզեմ արդյոք, որ իմ դուստրն էլ դերասանուհի դառնա, ասում եմ՝ միայն դա կուզեմ: Ես եւ մանկավարժ մայրիկս արվեստի հետ կապված հարցերի առնչությամբ շատ դժվար ճանապարհ ենք անցել, ուստի չեմ պատկերացնում՝ ինչ կանեմ, եթե աղջիկս ուրիշ մասնագիտություն ընտրի:
-Ձեզ հնարավոր է հունից հանել, եթե…
-Եթե ինձ խաբեն. այդ դեպքում միայն:
-Անհավանական դեպք, որը պատահել է Ձեզ հետ:
-Ամբողջ կյանքս է անհավանական (ծիծաղում է): Անհավանական էր իմ` թատերական ինստիտուտ ընդունվելը, քանի որ հազարավորների միջից նկատեցին ինձ: Մորս դաստիարակությունն է` պարտությանը պետք է նորմալ նայել: Ես չէի մտածել, որ կարելի էր նաեւ հաղթել: Բայց հիմա խորհում եմ, ասում եմ` փառք Աստծո, շատ բան հեշտ է ինձ տրվել կյանքում: Մտածում եմ ու հասկանում, որ ավելի վատ էլ է լինում, իսկ ես դժվարություն չեմ կրել, ինձ դա թույլ չի տրվել: Երբեւէ չեմ տառապել` ինչ-որ բանի հասնելու համար, այսինքն` կաշվիցս դուրս չեմ եկել: Մտածել եմ, որ պետք է լավ սովորել, լավ խաղալ, արել եմ բաներ, որոնք պետք է կա՛մ լավ անեի, կա՛մ չանեի:
-Հանուն սիրո պատրաստ եք նույնիսկ:
-Պատրաստ չեմ: Եթե խոսքը վերաբերում է սիրուն ծնողի նկատմամբ, ապա հանուն նրա պատրաստ եմ ամեն ինչի, բայց տղամարդու դեպքում, ոչ: Կներեք, բայց այդ տղամարդը չէ ինձ լույս աշխարհ բերել: Ես մի հարթության մեջ եմ դիտարկում սեր հասկացությունը, բայց ծնողին եւ սիրելի տղամարդուն չի կարելի նույնիսկ մի նժարի վրա դնել:
-Խենթություն, որ երբեք չեք անի:
-Թռիչք օդապարիկով: Ես վախենում եմ ոչ թե ինձ համար, այլ ներքեւում սպասող մարդկանց: Անորոշ է` կիջնես, թե ոչ: Թեեւ ասեմ, որ իմ կյանքում արել եմ որոշ խենթություններ, օրինակ` 5 մետր բարձրությունից ցատել եմ ջրի մեջ, գլաչմուշկներով սարեր-ձորեր եմ կտրել…
-Ներում եք, բայց հիշում եք, թե՞ հակառակը:
-Ներում եմ, հիշում եմ եւ շարունակում եմ շփվել տվյալ մարդու հետ: Չեմ ներում միայն սուտը:
-Մարդն անմահ է, երբ…
-Իմ համոզմամբ` մարդը կենդանի է միայն իր ֆիզիկական գոյության ընթացքում: Մենք կարող ենք ասել, որ, օրինակ, այսինչ գրողը կամ նկարիչն անմահ է, բայց այդ մարդուն դա ի՞նչ կտա: Մարդն իր ֆիզիկական կենդանության օրոք է կենդանի, իսկ դրանից հետո կենդանի է միայն հասարակության համար, իրեն դրանից ոչինչ:

 

 

 
Ո՞Վ Է ՓՈՐՁՈՒՄ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

Մի շարք հեռուստասերիալներից եւ հումորային ծրագրերից հայտնի դերասանուհի Մարգարիտ Խաչատրյանին անհայտ անձը վարկաբեկելու միտում ունի:

Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ արդեն մի քանի օր է, ինչ Facebook սոցիալական ցանցում իր անունով եւ իր նկարով պրոֆիլ է բացվել, որն ընկերության առաջարկ է ուղարկում դերասանուհու մտերիմներին, ծանոթներին, զրույցի է բռնվում վերջիններիս հետ, ապա Մարգարիտ Խաչատրյանի անունից ոչ պարկեշտ բովանդակությամբ հաղորդագրություններ ուղարկում նրանց: «Մեկին իմ անունից գրել էր, իբր ես շատ գինովցած եմ, կիպ զգեստ եմ ինձ գնել, հետո արդեն այդ ստահակը զոռ էր տվել իր սեքսուալ երեւակայությանը: Բոլորին կոչ եմ անում նախ ուշադիր լինել. եթե ես իրենց ընկերների ցանկում կամ, իմ «նմանակին» մի՛ ընդունեք ձեր ընկերների շարք, ստուգե՛ք` արդյոք ընկերության առաջարկ ուղարկողը իսկապես ես եմ եւ հետո զարմանում եմ` ինչու են ոմանք ֆեյքի հետ այդքան երկար շարունակում զրուցել, պարզապես դադարեցրեք երկխոսությունը»,- ասաց նա` հավելելով, որ իրեն ճանաչողները կփաստեն` ինքն ընդունակ չէ նման քայլի:
Մեր այն հարցին, թե արդյոք դիմել է իրավապահ մարմիններին, դերասանուհին պատասխանեց. «Ես այդպիսի քաշքշուկների մեջ ընկնելու հավես չունեմ: Ամեն դեպքում իմ ընկերները դիմել են համապատասխան մասնագետների, ապահովագրել են իմ ֆեյսբուքյան պրոֆիլը եւ, բացի այդ, բոյկոտել են ֆեյք էջը»:
Մենք նաեւ հարցրինք` արդյոք Մ. Խաչատրյանը կասկածներ ունի, թե ով կարող էր նման քայլի դիմել. «Ոչ, անկեղծ եմ ասում` կասկածներ բացարձակապես չունեմ: Ես ինչո՞ւ պետք է թշնամիներ ունենամ. ինքս կոնֆլիկտային անձնավորություն չեմ»,-շեշտեց նա:
Դերասանուհին չբացառեց, որ եթե իր համբերության բաժակը մի օր լցվի, նա, այնուամենայնիվ, հնարավոր է` դիմի ոստիկանություն:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Ինչպես հայտնի է` հուլիսի 2-ին Նովոռոսիյսկ քաղաքում անցկացվել է «ԾՏՐրՍՏռ ձջպս 2016» երիտասարդ կատարողների մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Նարեկ Մակարյանը: Նա ավելի վաղ նշել էր, որ մեկնում է մրցույթի` միայն հաղթանակի ակնկալիքով: Փաստորեն, երգիչը արդարացրեց հույսերը: Նարեկը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը, մասնակցելով 15-րդ հոբելյանական «ԾՏՐրՍՏռ ձջպս» միջազային մրցույթին, արժանացել է հաղթանակի: Ուզում եմ մեծագույն շնորհակալական խոսքս հղել իմ սիրելի Սամվել եւ Արմինե Գրիգորյաններին: Սա համարում եմ թիմային աշխատանք. մենք եւս մեկ անգամ մեր հայրենիքի պատիվը բարձր պահեցինք` ծածանելով մեր հաղթական դրոշը Նովոռոսիյսկ քաղաքում»:
 

 

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
76 տարեկան հասակում մահացել է իրանցի կինոռեժիսոր, այդ երկրում «Ոսկե արմավենու ճյուղի» միակ դափնեկիր Աբբաս Կիարոստամին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նշենք, որ 2016թ-ի մարտին Կիարոստամիի մոտ ախտորոշվել էր ստամոքսաաղիքային ուղու քաղցկեղ։ Մահվան պահին նա բուժում էր անցնում Ֆրանսիայում։
Հշեցնենք, որ կինոռեժիսորը ստացել է Կաննի գլխավոր մրցանակը 1997թ-ին «Բալի համը» ֆիլմի համար, որը պատմում էր ինքնասպանության որոշում ընդունած տղամարդու մասին։ Դա Կիարոստամիի կարերայում յոթերորդ ֆիլմն էր, որը նա սկսել էր նկարահանել դեռ մինչեւ 1979թ-ի Իսլամական հեղափոխությունը։
 

ՆՈՐ ԸՆՏՐՅԱԼ ՈՒՆԻ՞
Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ, մոդել Քիմ Քարդաշյանի քրոջը` ռեալիթի շոուների աստղ Քլոե Քարդաշյանին, Լաս Վեգասում տեսել են երգիչ, դերասան Թրեյ Սոնգզի ուղեկցությամբ` The Cromwell գիշերային ակումբից դուրս գալիս: «Նրանք միասին են եկել Վեգաս, Թրեյը այստեղ ելույթ պետք է ունենար, իսկ Քլոեն ամբողջ գիշեր VIP օթյակից նրա համերգն էր դիտում: Հետո նրանք միասին երեկույթի են գնացել»,- հայտնում է Entertainment Tonight պարբերականի աղբյուրը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի երգիչը դադարեցրել էր հարաբերությունները իր ընկերուհու՝ Տանյա Հենրիի հետ:




Լրահոս