ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ակնաշեն գյուղում

Այս արագիլն ընկել է իր բնից եւ մնացել օդում կախված: Սակայն, բարեբախտաբար, գյուղի բնակիչների համառ ջանքերի շնորհիվ հաջողվել է փրկել արագիլի կյանքը:

 

 

 
ՀԱՐՑ. Ես «Խնայբանկում» ունեմ ավանդ իմ անունով: Ուզում եմ տեղեկանալ, թե ե՞րբ կարող եմ ստանալ իմ ավանդը:

Կարապետյան Ջուլիետա Հովհաննեսի (ք. Երեւան, Մալաթիա-Սեբաստիա համայնք)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետով եւ ՀՀ կառավարության 23.04.2014թ.-ի N460-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է մինչեւ 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող, ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:
Քանի որ 1939թ. ծնված կենսաթոշակառու եք, ապա Ձեր կարգավիճակով չեք համապատասխանում վերոգրյալ իրավական ակտերով սահմանված սոցիալական խմբերից որեւէ մեկին, ուստի փոխհատուցում ստանալու համար չեք կարող հաշվառվել ավանդների փոխհատուցման ծրագրում: Այդ իրավական ակտերով ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով բացառություններ կամ որեւէ այլ արտոնություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 19.05.2014թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշմամբ նախատեսված է իրականացնել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց սոցիալապես խոցելի ավանդատուներին օգնության տրամադրման շարունակական ծրագրեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, եթե տարեցի ավանդի իրավունքի ճանաչումից հետո անապահովության միավորի որոշման սահմանված չափանիշների բարելավման կապակցությամբ նրա ընտանիքի անապահովության միավորը հավասարվել է «0» միավորի, ապա նա շարունակում է պահպանել ավանդի փոխհատուցման իրավունքը ցմահ:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ հնարավորինս մանրամասն ներկայացնել անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու ժամկետները:

Իրինա Միքայելյան (42 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատերը համարվում է հաշվառումից հանված դիմումը ներկայացնելու պահից, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ներառված է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում: Նման դեպքում գործակալությունը դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, հարցում է ուղարկում հանձնաժողովին տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցման հիման վրա գործակալությունը անհատ ձեռնարկատիրոջը հանում է հաշվառումից կամ մերժում է այն` հիմք ընդունելով հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը: Ընդ որում, վերոնշյալ տեղեկանքը անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվելու դեպքում հարցում կատարելու անհրաժեշտությունը վերանում է:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանումը չի ազատում վերջինիս հարկային պարտավորությունները կատարելուց, ինչպես նաեւ չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում սահմանված պատասխանատվությունից:




Լրահոս