ԻՆՉՊԵՍ ՄՍԽԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բյուջետային միջոցները մսխելու մի ամբողջ «մշակույթ» է ձեւավորվել: Այդ երույթը ողջ աշխարհում կոչվում է կոռուպցիա, իսկ մեզ մոտ այն դարձել է պետությունը կառավարելու սովորական կենսակերպ: Հայաստանում պետական կառույցների ծրագրային ապահովումների վրա այնքան շատ գումար է ծախսվել եւ ծախսվում, որ զարգացած պետություններն անգամ կնախանձեն: Այս երեւույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն չունի չափման միավոր: Ուստի, երբ ծրագրային ապահովման խնդիրը լուծելու հետ մեկտեղ նպատակ են դրվում պետական միջոցները մսխել, այս դեպքում այն վերածվում է «փողի փոշեկուլի»: Օրերս «Ժողովուրդ»-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվել էր, թե էլեկտրոնային կենսաթոշակային համակարգ ստեղծելու համար որքան գումար է պետբյուջեից հատկացվել, եւ երբվանից է այն գործում: Քանի որ հսկայական միջոցներ ներդրվեցին այդ համակարգի վրա ու դեռ շարունակում են ներդրվել:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեզ տրված պատասխանից տեղեկանում ենք. «Կենսաթոշակային հաշվառման «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ներդրման նպատակով ՀՀ կառավարության 2011 թ. մայիսի 26-ի թիվ 689-Ն որոշմամբ պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությանը 2011 թ. 1-ին կիսամյակում հատկացվել է 84 մլն 500 հազար դրամ»,- նշված է մեզ տրված պատասխանում: Իսկ համակարգը սկսել է գործել 2013-ից: Այսինքն՝ մարդիկ 210 հազար դոլար են ծախսել՝ ընդամենը մեկ ծրագրային ապահովման խնդիր լուծելու համար, ու դեռ պարզ չէ, թե ինչքան պիտի ծախսեն, քանի որ «տեղեկատվական համակարգի կատարելագործման աշխատանքները կրում են շարունակական բնույթ»:
Թերեւս ցանկացած ծրագրավորող կարող է ապացուցել, որ նման գումարով, մեղմ ասած, մի քանի համանման ծրագիր կարելի է ստեղծել:

 
Հայաստանում այս պահի դրությամբ առկա է 73 գրանցված կուսակցություն: Ընթացիկ տարվա ընթացքում ստեղծված նոր կուսակցություններից այս թվի մեջ ներառված են միայն «Լուսավոր Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները: Վերջինս ՕԵԿ-ի իրավահաջորդն է: Այլ կերպ ասած՝ այս տարի հիմնադրված կուսակցություններից միայն մեկն է հասցրել գրանցվել: Բայց ինչպես հայտնի է՝ միայն հունիսին եւ հուլիսի սկզբին արդեն իսկ երեք կուսակցություն է ստեղծվել: Մի քանիսն էլ սպասվում է, որ կստեղծվեն աշնանը: Սակայն այսօր առկա վիճակն արդեն իսկ փաստում է, որ իշխող ՀՀԿ-ից բացի՝ Հայաստանի կուսակցություններից հատուկենտ ներկայացուցիչներ կհամարձակվեն առաջիկա Աժ ընտրություններին միայնակ մասնակցել: Այսինքն՝ նոր ստեղծվող կուսակցությունները եւս չեն հիմնադրվում ընտրություններին ինքնուրույն մասնակցելու համար. բոլորի նպատակը մեկ այլ կուսակցության հետ դաշինք կազմելն ու արդյունքի հասնելն է:

 

 

 
ՀՀ Արարատի մարզի Լանջազատ գյուղն արդեն մի քանի ասմիս է՝ խմելու ջրի խնդիր ունի: Փաստացի գյուղատնտեսական տարին սկսվելուց եւ ոռոգման սեզոնի բացվելուց հետո այս գյուղի խմելու ջրի մատակարարումը խաթարվել է: Լանջազատցիների կարծիքով՝ իրենց ջրի անհետացման պատճառը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եղբայրը՝ Աշոտ Զաքարյանն է, որը գյուղի հարեւանությամբ այգիներ է հիմնել: Իհարկե, պաշտոնական մարմինները հերքում են, որ հենց ՎՊ նախագահի եղբոր պատճառով է Լանջազատի խմելու ջուրն անհետանում, բայց միեւնույն ժամանակ չեն կարողանում հոդաբաշխ պարզաբանել, թե ուր է կորչում ջուրը, որը մարդկանց երաշտի է մատնում: Հայկական իրականությունում մենք վաղուց համոզվել ենք, որ ժողովուրդն իմաստուն է, եւ ծուխն առանց կրակ չի լինում:

 

 

 
Այս տարվա հունիսին «Ժողովուրդ»-ին դիմեց Երեւանի Կայազորի ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը եւ աղմկահարույց մանրամասներ պատմեց ՊՆ-ում տիրող իրավիճակի մասին: Մեղադրանքները հրապարակելուց առաջ փորձեցինք ՀՀ ՊՆ-ից պաշտոնական պարզաբանում ստանալ: Սակայն ՊՆ-ն այս հարցմանը եւս արձագանքեց մեռելային լռությամբ: Ինչը կարծես թե ներքին խմորումների արդյունք է: Բանն այն է, որ ՊՆ լրատվության վարչության պետ Վարդան Ավետիսյանը, որը Սերժ Սարգսյանի համագյուղացին է, եւ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լարված հարաբերություններ ունեն: Նույնիսկ ՊՆ խոսնակին արգելված է ՊՆ կայքի հետ գործ ունենալ: Իսկ ի՞նչ էր հայտնել Ոփանյանը: Ըստ նրա՝ Երեւանի Կայազորի զինվորական դատախազության դատախազ Վարազդատ Բադալյանը 2012 հուլիսի 19-ին ստիպողաբար ցուցմունք է կորզել իր դեմ, թե իբր ինքը կաշառք է վերցրել: «Ես մտածեցի՝ ո՞ւմ դեմ կարամ քյալլա տամ՝ Կոստանյան Գեւորգի՞, թե՞ Օհանյանի… Փրկելով կյանքս՝ ես հեռացա ՀՀ-ից»,- մանրամասնել է Ոփանյանը:

 

 

 
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՎ
ԱՄՆ եւ ՌԴ նախագահները երեկ քննարկել են Ղարաբաղի հիմնախնդիրը: Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ըստ Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ՌԴ-ի ձեռնարկած ջանքերը: Վլ. Պուտինն ամերիկյան պաշտոնակցին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության հարցով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Պուտինն ընդգծել է, որ բանակցությունները կազմակերպելիս Ռուսաստանն ուղղորդվել է հակամարտության գոտում իրադրության անհապաղ կայունացմանը նպաստելու եւ խաղաղ գործընթացի առաջխաղացման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Կողմերը պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում շարունակել համատեղ ակտիվ աշխատանքն այդ կարեւոր ուղղությամբ»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում:
Իհարկե, ինչպես եւ վերջին ամիսներին ռուս-ամերիկյան բոլոր բարձրաստիճան շփումներում՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկվել է սիրիական եւ ուկրաինական թնջուկների հետ համատեղ, այսպես ասած՝ մեկ փաթեթում, սակայն դատելով հաղորդագրության տեքստից՝ այն այս անգամ եղել է առաջնայինը: Ըստ ամենայնի՝ այս հեռախոսազրույցով ամերիկյան կողմը փորձեց ընդգծել, որ կարգավորման գործընթացում իր միանձնյա դերակատարությունը Ռուսաստանը գերագնահատում է եւ առանց ԱՄՆ հետ համաձայնեցնելու՝ ոչինչ չի կարող լինել:
Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին հանդիպումից հետո, երբ նշվեց, որ կողմերը շարունակելու են երեք երկրների նախագահների ձեւաչափով հանդիպումները՝ «ի հավելումն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի», ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ միջազգային մամուլն արձանագրեց. Ղարաբաղի հարցով Ռուսաստանը փորձում է նոր ֆորմատ ձեւավորել՝ ԵԱՀԿ գործընթացին զուգահեռ: Իհարկե, դրանից հետո եղան դիվանագիտական հայտարարություններ, թե մեկը մյուսի լրացումն է, եւ ամեն ինչ համաձայնեցված է, սակայն ինչպես ԱՄՆ նախագահի այս հեռախոսազրույցը, այնպես էլ դրանից առաջ ֆրանսիական կողմի ակտիվությունը ցույց են տալիս, որ Մինսկի խմբի Արեւմտյան համանախագահները անհանգստացած են Ռուսաստանի՝ կարգավորման հարցում դոմինանտ դերակատարություն ունենալու ձգտումներից:
Ի վերջո, արդեն իսկ այն, որ Սանկտ Պետերբուրգում ընթացած փակ խոսակցության մասին տեղեկատվությունը ԱՄՆ-ն եւ Ֆանսիան ստանում են ոչ թե իրենց ներկայացուցիչներից՝ այդ եռակողմ խոսակցությանը չմասնակցած Մինսկի համանախագահներից, այլ ստիպված են լինում դիմել ռուս պաշտոնյաներին՝ որոշակի անհարմարություն է ստեղծում նրանց մոտ: Եվ Օբամա-Պուտին երեկվա հեռախոսազրույցի ընթացքում հնչած եւ Կրեմլի կողմից մեջբերված միտքը, թե ԱՄՆ-ն բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը, պետք է ընկալել որպես ավելին թույլ չտալու մասին զգուշացում:




Լրահոս