ԱՐՏԱՌՈՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆ ՉԵՄ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական դաշտում վերջին շրջանում շարունակվում են մեկը մյուսի հետեւից կուսակցություններ հիմնադրվել: Իհարկե, դժվար չէ կռահել, որ այս հանգամանքը պայմանավորված է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եւ իրենց տեղերը դաշտում ապահովելու համար:

Բայց նորաստեղծ կուսակցությունները ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ քաղաքական դաշտի վրա. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ-ի հիմնադիր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, քաղաքական դաշտում մեկը մյուսի հետեւից շարունակվում են կուսակցություններ ստեղծվել: Ձեր կարծիքով այս գործընթացը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ քաղաքական դաշտի վրա:
-Ես ողջունում եմ նոր կուսակցությունների ստեղծմանը, եթե այդ կուսակցություններն իսկապես քաղաքական դաշտում ասելիք եւ անելիք ունեն, եթե չունեն, ապա տարօրինակ է, թե ինչի համար են ստեղծվում: Նորաստեղծ կուսակցությունների մեջ կան քաղաքական գործիչներ, որոնց ես հարգում եմ եւ իրենց գործունեությունը բարձր եմ գնահատում: Բայց կան նաեւ ինձ համար անհասկանալի մարդիկ, գործիչներ: Ժամանակը ցույց կտա, թե իրենք ինչ անելիքներ կունենան քաղաքական դաշտում, համենայնդեպս, պարզ է, որ կուսակցություններն ստեղծվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններում ինչ-որ դերակատարում ունենալու համար: Որքանով դա իրենց մոտ կստացվի, այդ արդեն ժամանակը ցույց կտա:
-Քաղաքական ինչպիսի՞ աշուն եք կանխատեսում եւ, առհասարակ, Դուք ինչպիսի՞ գործունեություն եք պատրաստվում ծավալել աշնանը:
-Ես արտառոց քաղաքական աշուն չեմ կանխատեսում: Սովորական գործընթաց է` օրենքով սահմանված: Պարզ է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակացությունները, քաղաքական ուժերը, քաղաքական դեմքերը պետք է ավելի ակտիվանան, ինչ-որ ծրագրերով հանդես գան, ինչ-որ գործունեություն ցուցաբերեն եւ այլն: Ինքս՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, զբաղվելու եմ նույն գործունեությամբ, ինչ-որ նախկինում, այսինքն՝ կատարելու եմ իմ պարտականությունները:
-Իսկ Ձեր քաղաքական ապագան ինչպե՞ս եք պատկերացնում: Առաջիկայում Ձեզ խորհրդարանում տեսնո՞ւմ եք եւ այս անգամ որ կուսակցության ցուցակով եք առաջադրվելու, նորից ՀՀԿ-ի՞:
-Եթե որեւէ ցուցակով մասնակցելու լինեմ, դա, բնականաբար, պետք է լինի նույն այն ցուցակը, որով մասնակցել եմ նախորդ ընտրություններին: Իսկ թե կմասնակցեմ, թե ոչ կամ ընդհանրապես ով կմասնակցի, թե չի մասնակցի, որոշումները կայացվելու են ավելի ուշ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, այժմ ՄԻԱԿ կուսակցությունն ի՞նչ գործունեություն է ծավալում:
-Մենք քաղաքական թիմի մաս ենք եւ գործունեություն ծավալում ենք այդ թիմի շրջանակներում, այդ թիմի խնդիրներն ու նպատակներն իրագործելով, նոր բան չկա եւ չի լինելու:
-Պարո՛ն Մարտիրոսյան, հանրությունը իշխանության նկատմամբ կորցրել է իր վստահությունը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ իշխանությունը ինչպե՞ս է պատրաստվում լուծել մանդատներ ստանալու հարցը:
-Գիտեք, վիճելի հարց է, վստահություն կա, թե չկա իշխանության նկատմամբ, կամ ում նկատմամբ կա ընդհանրապես վստահություն, ում նկատմամբ չկա: Ավելի ստույգ այդ մասին կարելի է խոսել ընտրություններից հետո: Ընտրությունների արդյունքներն են, որ վկայում են վստահության կամ անվստահության մասին այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ:

 

 

 
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԵՐԲԵՔ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉԻ ԶԻՋԻ

Նորաստեղծ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի` հունիսի վերջին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի մասին «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Եվ այսպես՝ մեր տեղեկություններով` Վարդան Օսկանյանը այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաեւ մի շարք հեղինակավոր ամերիկյան փորձագետների հետ` քննարկելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Առանցքային կետը եղել է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը: «Համախմբում» կուսակցության ղեկավարը փորձագետներին ներկայացրել է ԼՂՀ ինքնորոշման խնդրի կարեւորությունը` նշելով, որ եթե միջազգային հանրությունը ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում Ադրբեջանը չի համարձակվի միջազգային հանրության դեմ գործողություններ անել: Օսկանյանն ընդգծել է՝ եթե միջազգային հանրությունն ուզում է, որ խնդիրը լուծվի, պետք է այդ ուղղությամբ գործուն քայլեր անի:
Քննարկումների ընթացքում ՀՀ նախկին արտգործնախարարն իր գնահատականն է տվել նաեւ քառօրյա պատերազմի դրդապատճառների, ինչպես նաեւ դրանից հետո ստեղծված իրավիճակի հետ կապված` ներկայացնելով իր տեսակետը հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Վարդան Օսկանյանն իր հանդիպումների ընթացքում նաեւ փորձել է ամերիկյան կողմին վստահեցնել, որ անիմաստ է Հայաստանի վրա ճնշումներ գործադրել տարածքների զիջման մասով, քանի որ հայկական կողմը երբեւիցե այդ քայլին չի գնա:
Հաշվի առնելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում փորձագետների դերը շատ կարեւոր է, իսկ հեղինակավոր փորձագետների կարծիքը երբեմն վճռորոշ է լինում կարեւոր քաղաքական որոշումների կայացման հարցում, հուսանք, որ ՀՀ նախկին արտգործնախարարի ներկայացրած փաստարկներն ու բարձրացրած հարցերը որոշակի արձագանք կունենան:
Հավելենք, որ Վարդան Օսկանյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել նաեւ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրենսդրական հարցերով օգնական Բրիթանի Բեյլոյի հետ` քննարկելով թե՛ արտաքին հարաբերություններին, թե՛ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԱՂՄԿԱԼԻ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Անելիք» բանկի սպանված իրավաբանի գործն ուղարկվեց դատարան: Հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացության հետ միասին նախաքննություն իրականացնող մարմինը նաեւ դատարան է ուղարկել «Փարքինգ Սիթի սերվիս» ՓԲԸ ստացված տեսանկարահանվող սարքերի տեսագրությունները, որտեղ, ամենայն հավանականությամբ, երեւում է, թե ինչպես են կրակում իրավաբանի ուղղությամբ: Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երեւանի Վարդանանց 14 շենքի մոտ Աշտարակի բնակիչ Մկրտիչ Պողոսյանը հրազենից արձակած կրակոցով սպանել էր «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ, 32-ամյա Հովհաննես Աթանյանին: Մկրտիչ Պողոսյանը բանկի հետ պարտք ու պահանջի խնդիր էր ունեցել: Նշված քրեական գործը ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ սպանված Հովհաննես Աթանյանի հայրը՝ Լեռնիկ Աթանյանը, եղել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր:

 

 

ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՀ-ԵՐԻՆ
Գրեթե ամեն տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բարձրաձայնում է ԲՈՒՀ-երում ուսանողական խորհուրդների քաղաքականացվածության խնդրի մասին: «Ժողովուրդ»-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից փորձեց պարզել, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պատրաստվում են արդյոք այս խնդիրը լուծել: «Այս ամսվա վերջին կներկայացնենք հասարակական քննակման բարձրագույն կրթության մասին օրենքը, որտեղ բարձրագույն կրթության, խորհուրդների հարցը, կառուցվածքների հարցը, ուսանողական խորհուրդների դերը, ամեն ինչ հստակեցված է լինելու, եւ պետք է փորձենք բերել Եվրոպական ստանդարտների»,- պատասխանեց նախարարը: Հարցին, թե ինչ երաշխիք կա, որ առկա իրավիճակը չի պահպանվի, նա պատասխանեց. «Վստահաբար եմ ասում, եթե խորհուրդն անկախ լինի, եւ ձեւաչափն այդպես ընտրվի, եւ համալսարաններին տանք մեծ ինքնավարություն, որը նախագծում գրված է, խնդիրը կկարգավորվի»:

 

 

ԷԼԻ ՊԱԿԱՍԵԼ Է
Ինչպես հայտնի է՝ պանիրը, մածունը մեր կերակրացանկի առանցքային տեղ զբաղեցնող սննդատեսակներից են: Սակայն այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչպես հացի, այնպես էլ պանրի եւ մածունի արտադրության ծավալները նվազել են: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերոնշյալ ժամանակահատվածում պանրի արտադրության ծավալները 1.2 տոկոսով նվազել են, իսկ մածունի արտադրության ծավալները՝ 3.4 տոկոսով: Մանսագետները պանրի արտադրության ծավալների նվազումը նույնպես պայմանավորում են Հայաստանում սպառողների գնողունակության անկմամբ եւ բնակչության թվաքանակի նվազմամբ:




Լրահոս