ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Շիրակի մարզպետարանում
Շիրակի մարզպետարանում ծխել ցանկացողներին հատուկ վայր է հատկացված՝ շենքի առաջին հարկի հյուսիսային մասի աստիճանահարթակում: Կարեւորն այն է, որ պատին փակցված գրության մեջ ծխելու հասցեն ճշգրիտ ներկայացված է:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ ժամկետում է հաշմանդամ չճանաչելու մասին որոշումը հանձնվում անձին: Եվ խնդրում եմ ասեք՝ ընդհանրապես ի՞նչ ժամկետով է անձին սահմանվում հաշմանդամություն:
Ալիսա Ջահուկյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ջահուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հանձնաժողովի որոշումը: Անձին հաշմանդամ չճանաչելու մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին:
1-ին խմբի հաշմանդամներին եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողներին հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով:
2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամներին հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով:
Վերոնշյալ չափանիշներով պայմանավորված՝ անձին կարող է սահմանվել անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ մինչեւ 18 տարին լրանալը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ հաշմանդամ են համարվում այն քաղաքացիները, որոնք մտավոր կամ ֆիզիկական անլիարժեքությամբ պայմանավորված կենսագործունեության սահմանափակումների պատճառով սոցիալական օգնության եւ պաշտպանության կարիք են զգում: Անձի կենսագործունեության սահմանափակումներ են համարվում կողմնորոշման ու տեղաշարժման, հաղորդակցման, սեփական վարքագծի վերահսկման, ինչպես նաեւ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ունակության լրիվ կամ մասնակի կորուստը: Ի դեպ, հաշմանդամների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանությունը ապահովվում է պետության կողմից դատական կամ օրենսդրությամբ նախատեսված այլ կարգով: Հաշմանդամների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի ոտնահարման մեջ մեղավոր պաշտոնատար անձինք եւ քաղաքացիները ենթակա են պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձը կարող է այդ բնակելի տարածությունում իր ընտանիքի անդամներին բնակեցնել:
Հարություն Եփրեմյան (59 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-188-Ն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերի հիման վրա բնակելի տարածության օգտագործման իրավունք ձեռք բերած անձանց հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաեւ նրանց ընտանիքի անդամները (ամուսինը, անչափահաս երեխաները): (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անձի բնակելի տարածության oգտագործման իրավունքը բնութագրում է որպես բնակելի տարածությունում բնակվելու իրավունք: Բնակելի տարածության oգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց uեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաեւ իր ընտանիքի անդամները (ամուuինը, անչափահաu երեխաները): Եթե բնակելի տարածության օգտագործման իրավունքը բնակվելու իրավունքն է, նշանակում է, որ եթե անձը ձեռք է բերում բնակելի տարածության օգտագործման իրավունք, նրա հետ միաժամանակ այդպիսի իրավունք ձեռք են բերում նաեւ նրա ընտանիքի անդամները՝ անկախ սեփականատիրոջ համաձայնությունից: