ՄԻՋՆՈՐԴՆԵՐՆ ԱՐԱԳԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այլեւս ակնհայտ է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների միջնորդները փորձում են գործընթացն արագացնել՝ ինչ-որ փաստաթղթի ստորագրման հասնելու նպատակով: Հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին օրերին հնչած հայտարարությունները վկայում են այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկա շաբաթներին պլանավորում են Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ նոր հանդիպում կազմակերպել, որի ընթացքում արդեն հնարավոր բանակցությունները կթեւակոխեն կոնկրետ փաստաթուղթ քննարկելու փուլ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս արագացման պատճառը ապրիլի քառօրյա պատերազմն է, բայց իրականում ստեղծված իրավիճակն ավելի լուրջ է:
Կասկածից վեր է, որ միջնորդների համար ակնհայտ է՝ եկող տարվա խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի կառավարման համակարգը լրջագույն փոփոխության է ենթարկվելու, եւ անկախ նրանից՝ գործող իշխանությունները կլինեն ղեկի մոտ, թե ոչ, ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները ներկայիս ֆորմատով այլեւս չեն կարողանա շարունակվել: Հայաստանը ներկայացնող պաշտոնյան, տվյալ դեպքում ապագայում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այլեւս հնարավորություն չի ունենա միանձնյա որոշում կայացնելու: Հետեւաբար բանակցությունները կթեւակոխեն անվերջության փուլ: Ուստի նման պայմաններում լրիվ սպասելի է միջնորդների ձգտումը՝ փորձել առաջիկա ամիսներին խնդիրը վերջնականապես լուծել՝ Սերժ Սարգսյանից զիջումներ կորզելով: Արդյոք Հայաստանի իշխանություններին կհաջողվի ստեղծված իրավիճակում խուսափել փաստաթուղթ ստորագրելուց եւ բանակցությունները երկարաձգել մինչեւ եկող տարվա ԱԺ ընտրությունները, առաջիկա ամիսներին պարզ կդառնա:

 

 
Դեռեւս անցած տարվա սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունել էր ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված մի շարք պատգամավորների, որոնք փաստացի ոչ մի խմբակցությունում ընդգրկված չեն: Այդ հանդիպումը կազմակերպվել էր սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ հանդիպման ժամանակ պատգամավորները փորձել են Սերժ Սարգսյանից պարզել, թե նա ինչպես է պատկերացնում իրենց քաղաքական հետագա ճակատագիրը: Ի պատասխան՝ Սարգսյանը բոլորին պատասխանել է, թե՝ կասեմ: Հանդիպումից անցել է շուրջ մեկ տարի, նախընտրական գործընթացները գնալով ակտիվանում են, սակայն մեծամասնականով ընտրված պատգամավորները այդպես էլ չեն կարողանում իրենց համար պարզել, թե ինչ ճակատագիր է իրենց սպասում, արդյոք ՀՀԿ-ի ցուցակում իրենց համար եւս տեղ կգտնվի, չէ որ տարիներ շարունակ, իբր անկախ լինելով հանդերձ՝ հնազանդ ծառայել են իշխանություններին: «Կասեմ»-ը ուշանում է:

 

 
Երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կառավարման համակարգը օպտիմալացնելու մասին, շատերին թվաց, որ դրանից հետո գոնե Հայաստանի գերուռճացված չինովնիկական համակարգի աշխատակազմի թիվը մի փոքր կկրճատվի: Սակայն այսօր արդեն՝ վարչապետի հայտնի ելույթից երկու ամիս անց, ակնհայտ է, որ կրճատումները ցավոտ են հենց համակարգի համար ու լավագույն դեպքում եզակի բնույթ են կրելու: «Ժողովուրդ»-ի հարցումները ցույց են տվել, որ մարզպետարաններից միայն մեկում՝ Արագածոտնում են մտորում ինչ-որ կրճատումներ կատարելու մասին: Իսկ, օրինակ, Շիրակում ուսումնասիրել, ուսումնասիրել են եւ հանգել են այն եզրակացության, որ իրենց աշխատակազմն առանց այդ էլ շատ «օպտիմալ» է: «Բայց մենք տարիների ընթացքում նվազեցրել ենք մեր ունեցած հաստիքների թիվը: Այնպես չէ, որ շռայլություններ ենք թույլ տալիս: Բայց այսօրվա դրությամբ կրճատելու հաստիք չունենք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

 

 
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը նախատեսված է պաշտոնյաների համար, որոնք տարբեր քրեական գործերի շրջանակում ազատազրկման են դատապարտվել կամ գտնվում են կալանքի տակ: «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Հովհաննես Հակոբջանյանի հետ եւ ի թիվս այլ հարցերի՝ փորձել է պարզել մի հարցի պատասխան. տարիներ շարունակ դատապարտյալների հարազատները բարձրաձայնում են ՔԿՀ-ներում «զոն նայողի» ինստիտուտի գոյության մասին: Ի՞նչ է անում կալանավայրի ղեկավարը՝ այս ինստիտուտի հնարավոր դրսեւորումները զսպելու համար: «Սա այն հիմնարկն է, որտեղ «զոն նայող» հասկացություն չկա ու չի կարող լինել, որովհետեւ այստեղ բոլորն էլ պագոնով մարդիկ են: Ի՞նչ «զոն նայելու» մասին է խոսքը: Այստեղ ինչ կա նայելու, մենք ենք նայում, ադմինիստրացիան է նայում»,- վստահեցրել է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը:

 

 
ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐԸ
ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո Հովհաննես Հովսեփյանը երեկ տվել է իր գործունեության մեջ ամենաերկար հարցազրույցը՝ շուրջ 10 րոպե, որի կեսը վերաբերում էր իր նախորդի եւ նրա ընտանիքի բիզնես գործունեությանը: Ու կարելի է արձանագրել, որ Հովսեփյանը այս ամիսների ընթացքում մի բան լավ սովորել է՝ խուսափել կոնկրետ հայտարարություններ անելուց: Նա խոսում է ամեն ինչի մասին՝ ոչինչ չասելով կամ լավագույն դեպքում արտահայտելով մտքեր, որտեղ նորություն կամ իրականություն գտնելը անհույս զբաղմունք է:
Այսպես՝ Հովսեփյանը երեկ խոսել է ԱԺ-ում մեծ աղմուկով քննարկված ու քննադատված հարկային օրենսգրքի նոր փաթեթի մասին, որն, իհարկե, առաջին ընթերցմամբ ընդունվել է, բայց դժգոհություններ է հարուցել խորհրդարանի ինչպես գործարարությամբ, այնպես էլ քաղաքականությամբ զբաղվող պատգամավորների կողմից: ՊԵԿ նախագահը երեկ հայտարարել է, թե. «Կան որոշակի առաջարկություններ, նկատառումներ, չեմ ուզում մանրամասնությունների մեջ մտնել, փորձում ենք դիտողությունները, առաջարկությունները անել, նոր տանել ԱԺ: Մի բան կարող եմ վստահեցնել, որ նոր օրենսգիրքը մի նպատակ է հետապնդում՝ բարելավել բիզնես միջավայրի հավասար պայմանների ստեղծումը»: Դե, իհարկե, բիզնես միջավայրի ստեղծման համար են որոշել գործադիրում այնքան խստացնել հարկատեսակները, որ մարդիկ ստիպված լինեն վաճառել ունեցվածքը եւ հեռանալ երկրից: Այս դեպքում արդեն կծաղկեն բոլոր այն ընտանիքները, որոնք որեւէ առնչություն ունեն իշխանական բուրգի հետ: Այնպես, ինչպես դասավորվել է կասկածելի կրթական անցյալով հայտնի Հովհաննես Հովսեփյանի կյանքը:
Երեկ, երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես է լինում, որ մեր երկրում միլիոնավոր աղքատների կողքին հարուստ պաշտոնյաներ կամ պաշտոնյաների ընտանիքներ են ապրում, Հովսեփյանը ջանալով փրկել իր նախորդին՝ թիրախի սլաքն իր վրա վերցրեց ու իջնելով բարձունքից՝ եւս մեկ անգամ պարզաբանեց. «2002-ին լրացրել եմ հայտարարագիրս՝ որպես նախագահականի կադրերի վարչության պետ, կտեսնեք, որ իմ հայտարարագրում 14 տարի հետո մեծ բան չի փոխվել: Դա կպցնել ինձ, որ ես հարստացել եմ կամ, չգիտեմ, կան մեծ գումարներ, փորձել դա համադրել պաշտոնների հետ, բացարձակապես չի համապատասխանում: Ամբողջ աշխարհը գիտի իմ եկամուտները որտեղից են… Աստված տվել է, որ մեր ընտանիքը հարուստ ընտանիք ա, դրանով միայն հպարտ եմ»: Դե, իհարկե, հպարտանալու սահմանադրական իրավունքը ՊԵԿ նախագահից որեւէ մեկը չի կարող վերցնել, սակայն մի քիչ խորը մտածելու դեպքում Հովսեփյանը չպետք է հպարտանար, քանի որ 14 տարի լինելով պետական բարձրաստիճան պաշտոնյա՝ չի կարողացել նպաստել այնպիսի երկրի կայացմանը, որտեղ Աստծո անունը տալով միայն իշխող կլանն է հարստանում:




Լրահոս