ԶԻՆՎՈՐԸ ՀԱՍԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ, ԲԱՅՑ ՉԻ ԲՈՒԺՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա պատերազմի թեժ մարտերի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայող Արման Լազգյանը, ով տեղափոխվել է Գերմանիա՝ բուժում ստանալու, կրկին անեանելի վիճակում է հայտնվել:

Բանն այն է, որ զինածառայողն իր հարազատների եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի երկարատեւ պայքարից հետո, ի հեճուկս պաշտպանության նախարարության եւ բուժանձնակազմի, կարողացավ Գերմանիայում բուժվելու հնարավորություն ստանալ: Պարզվում է՝ այստեղ եւս Արմանը լուրջ խնդրի առաջ է կանգնել՝ չկարողանալով տեղավորվել համապատասխան կլինիկայում:
Զինվորի հարազատներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գերմանիայում գտնվող վիրավոր զինվորի մոտ առողջական խնդիրներ են առաջացել:
Որքանո՞վ էր նպատակահարմար զինվորին արտերկիր տեղափոխելու որոշումը: Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք առողջապահության նախարարություն՝ հընթացս հետաքրքրվելով, թե ինչ տեղեկություն ունեն զիվորի առողջական վիճակի մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը տեղեկացրեց. «Այն պահից սկսած, երբ զինծառայողները ցանկություն հայտնեցին բուժվել արտերկրում եւ հրաժարվեցին Հայաստանում բուժվելու հնարավորությունից, չնայած հանձնաժողովի գնահատականին, որ նրանք կարող են բուժվել այստեղ, իրենք նախընտրեցին մեկնել արտերկիր: Մենք մշտապես նրանց կողքին ենք թե՛ լոգիստիկ, թե՛ ֆինանսական միջոցների հայթայթման հարցերում: Առաջին իսկ օրից պարբերաբար կապի մեջ ենք գերմանացի մասնագետների հետ: Ծանր վիրավորում ստացած եւ բուժումը շարունակելու նպատակով Գերմանիա տեղափոխված զինծառայող Արման Լազգիյանի առողջական վիճակը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւս զինվոր Արման Լազգյանի բուժման նպատակով Գերմանիա մեկնելու հարցի շուրջ մայիսի 12-ին կայացած քննարկման ժամանակ ասել էր. «Ծնողները հայտնեցին իրենց տեսակետները: Իհարկե, մենք այս հարցում չենք կարող զերծ մնալ հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք ե՛ւ ծնողներից, ե՛ւ հարազատներից, բայց շատ սթափ կարողացանք քննարկում ծավալել: Իրենք էլ համոզվեցին, որ Հայաստանում հնարավոր են բուժման այն եղանակները, որոնք նրանք տեսնում են արտերկրում, սակայն ծնողները պնդում են արտերկիր տանելու տարբերակը: Մենք պարտավորվածություն ենք զգում ծնողների առջեւ եւ այդ աշխատանքները կազմակերպելու ենք իրենց հետ համատեղ»:
Քանի որ զինվորի առողջական խնդրին թեժ արձագանքել էր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ուստի «Ժողովուրդը»-ը զրուցեց նրա հետ՝ հասկանալու համար, թե ինչ տեղեկություն ունի նա, ի՞նչ վիճակում է գտնվում զինվորը:
«Արմանի հետ ես անընդհատ խոսում եմ: Վերջին անգամ այսօր եմ ֆեյսբուքով խոսել: Ֆեյսբուքով գրել եմ, նա պատասխանել է, որ դեռեւս այն կլինիկայում է, որտեղ ֆիզիոթերապեւտիկ բուժում չեն անում: Մի քանի օր առաջ պառկելախոցը նորից վիրահատեցին: Անհամբեր սպասում եմ, որ տեղափոխեն վերականգնողական կենտրոն»,- տեղեկացրեց Բախշյանը:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կարիք կար տեղափոխել Արմանին Գեմանիա, չէ՞ որ շատ վիրավոր զինվորներ կան, որ այստեղ են շարունակել իրենց բուժումը եւ որոշակի դրական արդյունքի են հասել: Մեր այս հարցին ի պատասխան՝ Երեւանի ավագանու անդամն ասաց. «Որոշ վիրավորների մոտ փոփոխություն կա, բայց նրանք չունեն այն լուրջ խնդիրը, որն ուներ Արման Լազգյանը: Նրա ողնուղեղը վնասված է, դա շատ լուրջ խնդիր է: Ի վերջո, ծնողները հավատում են, որ Գերմանիայում իրենց որդու բուժումն ավելի արդյունավետ կլինի: Ոչ մեկ չի կարող ծնողին համոզել հակառակը»:
Նշենք, որ Արման Լազգյանն այս պահին իր ծնողների հետ գտնվում է Գերմանիայում: Սակայն դեռեւս ֆիզիոթերապեւտիկ բուժում չի ստացել: Նա սպասում է, որ իրեն հրավիրեն վերականգնողական կլինիկա՝ բուժումը շարունակելու համար:
Այս ողջ պատմությունից «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Բախշյանը մի դաս է քաղել. «Ոչ մի գումար բավարար չի, որպեսզի այդպիսի վնասվածք ունեցող վիրավորի բուժեն: Այնտեղ երկարատեւ տարիների բուժում է պահանջվում: Հայաստանը՝ որպես պետություն, լավ կլինի այդ սարքավորումները մեր հիվանդանոցներում տեղադրի, որպեսզի ստիպված չլինենք արտերկրում բուժում փնտրել»:
Այնուամենայնիվ, նկատենք, որ ինչքան էլ գովաբանում են, որ մեր առողջապահական ոլորտը որոշակի առաջընթացներ է գրանցում, այնուամենայնիվ, նշված պատմությունը փաստում է, որ չունենք համապատասխան սարքավորումներ, եւ մարդիկ չեն վստահում հայրենի առողջապահական կենտրոններին՝ գերադասելով հասնել արտերկրի հիվանդանոցներ: Ցավոք, այնտեղ էլ ամեն ինչ իդեալական չէ, ինչպես մենք ենք պատկերացնում: Օրինակը մեր զինվորն է, որը դեռ սպասում է առողջանալու իր հերթին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 
ՈՍՏԻԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է, ՈՐ ԳՅՈՒՂԱՊԵՏ ԴԱՌՆԱ

Այս կիրակի ՀՀ Սյունիքի մարզի Ախլաթյան համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել է երեք թեկնածու՝ ՀՀԿ-ական Անաստաս Բաբայանը, ՀՅԴ-ական Արկադյա Բադալյանը, ով նույն գյուղի դպրոցում աշխատում է որպես ուսուցիչ, եւ անկուսակցական Հովհաննես Հակոբյանը:

Ընտրությունների թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արկադյա Բադալյանի եւ Հովհաննես Հակոբյանի հետ:
Անկուսակցական Հովհաննես Հակոբյան
-Պարո՛ն Հակոբյան, հաշվարկե՞լ եք, թե մոտավոր քանի ձայն կհավաքեք:
-Անկեղծ ասած՝ հաշվարկել եմ, բայց ռեալ չէ: Անկանխատեսելի է: Ստույգ չեմ կարող ասել: Ներքին ձայնս հուշում է, որ լավ կլինի:
-Փող բաժանելո՞ւ եք, որ Ձեզ ընտրեն:
-Միանշանակ չէ: Ինչպես կարող է նման բան լինել:
-Ընտրություն՝ առանց փո՞ղ…
-Դե, սա գյուղի ընտրություն է… ես դրան դեմ եմ:
-Դուք անկուսակցական եք, իսկ ընտրվելու դեպքում ո՞ր կուսակցություն կանդամագրվեք:
-Ես դեռ անկուսակցական եմ, բայց ընտրվելու դեպքում կանդամագրվեմ ՀՀԿ-ին: Ես եղել եմ պետական աշխատող ու հասկացել եմ, որ ՀՀԿ-ն միշտ ճիշտ է եղել:
-Որտե՞ղ եք աշխատել: Ինչո՞ւ հիմա չեք աշխատում:
-Ես ոստիկան եմ աշխատել եւ ազատվել եմ որպեսզի գյուղապետ ընտրվեմ:

ՀՅԴ-ական Արկադյա Բադալյան
-Պարո՛ն Բադալյան, ինչպե՞ս եք համոզում բնակիչներին, որ Ձեզ ընտրեն:
-Ես անուն ունեմ գյուղում, որոշակի հեղինակություն ունեցող մարդ եմ, ես դռնեդուռ չեմ ընկնում, որ ձայն հավաքեմ: Ես նույնիսկ ընտրական թիմ չունեմ:
-Գյուղերում շատ դեպքերում թեկնածուները ընտրվում են ունեցած բարեկամների մեծ թվի շնորհիվ…
-Ես այդ հարցում մինուս եմ: Իմ բարեկամները դրսում են: Այստեղ իմ աղջկա ընտանիքն է՝ երեք հոգի, իմ ընտանիքը՝ 4 հոգի, եւ մի հորեղբոր տղա՝ 3 հոգի: Այսինքն՝ բարեկամներով ունենք 10 ձայն: Իսկ մյուս թեկնածուներն իրենց բարեկամներով 40-50 ձայն ունեն: Բայց դա ինձ չի վախեցնում:
-Իսկ փող կբաժանե՞ք…
-Ես մանկավարժ եմ, փող չունեմ: Անհարմար է գյուղացուն ընտրությունների համար փող առաջարկեմ, դա ինձ համար խիստ վիրավորական է:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ՃԻՇՏ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանի կողմից երեկ ստորագրված մի շարք հրամանագրեր հույս են ներշնչում, որ իսկապես բանակում սկսված փոփոխությունները կարող են դրական ելք ապահովել:
Երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, հիասթափությունը մեծ էր ինչպես բանակի ներսում, այնպես էլ քաղաքացիական կյանքում, քանի որ հանուն արդարության պետք է նշել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի հրամանատար աշխատած տարիներից Մովսես Հակոբյանը այնքան էլ դրական իմիջ չուներ: Բազում արարքների մեջ մեղադրվեց: Ու Ալիկ Միրզաբեկյանին պաշտոնանկ անելուց հետո նրան Մովսես Հակոբյանով փոխարինելը ամենեւին դրական գնահատականի չարժանացավ: «Ում էր պետք այս նշանակումը, եթե ոչինչ չէր փոխվելու, ինչ տարբերություն Միրզաբեկյանի ու Հակոբյանի միջեւ»- ահա, այսպիսի արձագանք ստացավ այդ նշանակումը:
Սակայն երեկվա նշանակումները նույնիսկ բանակում որակվեցին որպես «ճիշտ սերնդափոխություն», քանի որ բարձրաստիճան զինվորականներ դարձան մի շարք կորպուսների հրամանատարներ, որոնք իրականում բանակի դժվարություններն իրենց ուսերի վրա կրելով՝ կարողացել են չվարկաբեկվել, չանվանարկվել:
Տեղեկացնենք, որ երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվեց Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար` ազատվելով ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
ՀՀ ՊՆ երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվեց նաեւ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը՝ նշանակվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այսինքն՝ զբաղեցրեց Մովսես Հակոբյանի նախկին պաշտոնը:
Դրական կարելի է համարել նաեւ գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի նշանակումը: Նա, ազատվելով ՀՀ ՊՆ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, նշանակվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ: Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից մայիսի 20-ին ազատված Մելսիկ Չիլինգարյանը նախ կալանավորվեց՝ չարաշահումների մեղադրանքով, ապա առողջական խնդիրների պատճառով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվեց ստորագրությամբ՝ քաղաքից չբացակայելու մասին:
Հավելենք, որ բանակային կորպուսների հրամանատարներ նշանակվածներն էլ պրոֆեսիոնալ սպաներ են: Գնդապետ Վալերիկ Քոչարյանը նշանակվել է ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, Դավիթ Մանուկյանը՝ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար։ Իսկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովը նշանակվել է երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ հինգ տարի ժամկետով:
Հուսանք՝ ժամանակն ու ՊՆ-ում առկա բարքերը պաշտոնի բարձրացում ունեցողներին չեն փոխի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս