ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՉԵՆ ԿՐՃԱՏՈՒՄ ՓՈԽՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՍՏԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 12-ի՝ խնայողությունների ռեժիմին անցնելու մասին հայտնի ելույթից հետո, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ՀՀ մարզպետներին հանձնարարել է ե՛ւ մարզպետարաններում, ե՛ւ ենթակա կառույցներում քննարկել օպտիմալացման հնարավորությունները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ կուսումնասիրի մարզպետարանի եւ ենթակա կառույցների օպտիմալացման հնարավորությունները: Ստեղծված միջգերատեսչական խումբը բաղկացած է 9 հոգուց: Ի դեպ, աշխատանքային խումբը օպտիմալացման հնարավորությունները քննարկելիս հաշվի է առել միջազգային փորձը, զբաղեցրած եւ թափուր հաստիքները: Քննարկումներն ավարտվել են հունիսի 3-ին, որից հետո մարզպետարանը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն առաջարկ է ներկայացրել: Սակայն մարզպետները հակված չեն օպտիմալացման գնալու: «Վայոց ձորի մարզպետարանը այս պահին օպտիմալացնելու հաստիք չունի: Մեզ մոտ ուռճացված հաստիքներ չկան: Ավել, թափուր հաստիք չունենք: Հանրակրթական հաստատություններում դեռեւս 2011 թվականին են բոլոր ավել հաստիքները կրճատվել, իսկ 2013 թվականին օպտիմալացում եղավ բժշկական հաստատություններում: Օրինակ՝ օրենքով սահմանված կարգով մարզպետարանը պետք է ունենար 8 ավտոմեքենա, բայց ունենք 6-ը»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ իրենք արդեն տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը ներկայացրել են տվյալները, որ օպտիմալացման ենթակա հաստիք չունեն: Նշենք, որ Վայոց ձորի մարզպետարանն ունի ունի 2 փոխմարզպետ, մեկ խորհրդական եւ երկու օգնական. «Եթե անհրաժեշտ լինի կարող ենք օգնականի մեկ հաստիքն էլ կրճատել եւ վերջ»:
Իսկ, ահա, Շիրակի մարզպետարանն ունի երկու փոխմարզպետ, աշխատակազմի ղեկավար, աշխատակազմի ղեկավարի տեղակալ, երկու խորհրդական եւ երկու օգնական: «Ժողովուրդ»-ը մարզպետ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի մայիսի 12-ի հայտնի ելույթը, արդյոք թվարկված հաստիքները առաջիկայում կկրճատվեն: Սակայն հարցին ի պատասխան՝ մարզպետն արդարացավ. «Ոչ, բոլորն էլ ծանրաբեռնված աշխատում են: Չեմ խոսում աշխատակազմի ղեկավարի աշխատանքի ծավալների մասին: Այնպես որ, մերոնք ծանրաբեռնված աշխատում են»: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ իրենք եւս քննարկում են ե՛ւ մարզպետարաններում, ե՛ւ ենթակա կառույցներում օպտիմալացման հնարավորությունները: «Բայց մենք տարիների ընթացքում նվազեցրել ենք մեր ունեցած հաստիքների թիվը: Այնպես չէ, որ մենք շռայլություններ ենք թույլ տալիս: Բայց այսօրվա դրությամբ կրճատելու հաստիք չունենք»:
Եւ չնայած վարչապետի՝ պետական կառավարման ապարատը ավելի կոմպակտ դարձնելու հորդորներին, Շիրակի մարզպետը ո՛չ մարզպետարանում եւ ո՛չ էլ ենթակա կառույցներում աշխատող կրճատելու անհրաժեշտություն չի տեսնում:
Իսկ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը արդեն սկսել է աշխատողների կրճատման գործընթացը: «Բոլոր տեղերում էլ կրճատումներ ընթանում են: Դրանք վերաբերում են այն աշխատողներին, որոնք թոշակային տարիքից բարձր տարիք ունեն: Այսինքն՝ թոշակային տարիքից անցել է 2-4 տարի»,- տեղեկացրեց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Մարզպետը դժվարացավ նշել, թե վարչապետի՝ մայիսի 12-ի հայտնի ելույթից հետո քանի աշխատող է կրճատվել: «Դա գործընթաց է, տարին փոխվում է, մարդկանց տարիքը լրանում է, եւ իրենց պետք է փոխարինեն նորերը: Դա մեր պարտականությունն է, մեր աշխատանքը, որն էլ կատարում ենք»,- արդարացավ մարզպետ Գյոզալյանը: Հավելենք, որ Արագածոտնի մարզպետարանում նույնպես գործում է փոխմարզպետի 2, աշխատակազմի ղեկավարի՝ 1, աշխատակազմի ղեկավարի տեղակալի՝ 1, խորհրդականի՝ 2, օգնականի՝ 2 հաստիքները: Գյոզալյանը նույնպես այս հաստիքները չի կրճատելու:
Վարչապետի՝ խնայողություններին անցնելու մասին հորդորներին կարծես թե ականջալուր չէ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նշենք, որ վերջինս ունի 3 տեղակալ (հավանաբար, երեքն էլ իրենց քարտուղարուհիներով եւ ծառայողական ավտոմեքենաներով ու վարորդներով, որոնք սնվում են մեր՝ հարկատուներիս հաշվին), 1 աշխատակազմի ղեկավար, 1 աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 3 խորհրդական եւ մեկ օգնական:
Արդյոք Արարատի մարզպետարանում նույնպես կրճատումներ սպասվում են: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ստանալ, քանի որ Արարատի մարզպետը սովորաբար չի բարեհաճում իր հեռախոսազանգերին պատասխանել: Կամ էլ նրա հեռախոսազանգերին պատասխանում է իր միակ օգնականը՝ Նարեկ Ասլանյանը: Հուսանք այս հրապարակումից հետո վարչապետը կանդրադառնա իր հարազատ մարզի մարզպետարանի աշխատակազմի ե՛ւ որակին, ե՛ւ քանակին:
Հարկ ենք համարում նշել նաեւ, որ յուրաքանչյուր փոխմարզպետի տարեկան աշխատավարձը կազմում է 5-7 մլն դրամ: Չենք հաշվում դեռ մյուս ծախսերը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՄՇԱԿՎԵԼ Է ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԻՔ
Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ֆինանսների նախարարության կողմից մշակվել է գնումների հաշվետվողականության համապատասխան մոդուլ, որը հասանելի է հանրությանը: Ըստ վարչապետի՝ այդ մոդուլն այս տարվա հուլիսի 1-ից շահագործվում է պետական կառավարման մարմինների կողմից: «Հայաստանի քաղաքներն այս ծրագրին կմիանան սեպտեմբերի 1-ից»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա՝ դեռեւս մայիսի 26-ին ֆինանսների նախարարությանը հանձնարարել էր գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու աշխատանքներ իրականացնել, գործընթացի տարբեր փուլերում բարելավել թափանցիկությունը՝ յուրաքանչյուր հետաքրքրվող անձի հնարավորություն ընձեռելով էլեկտրոնային գնումների կայքում տեսնել կնքված բոլոր պայմանագրերը, դրանց արդյունքները, մշակել ծրագրային լուծում:
Վարչապետը պետական իշխանության բոլոր մարմիններին հանձնարարեց ակտիվորեն օգտվել հաշվետվողական այդ նոր գործիքից:

 

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ
Ըստ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կրթական ոլորտի բարեփոխումներն այսօր ավելի քան պահանջված են: Նրա պնդմամբ վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը: «Պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ մատչելի, մրցունակ, միաժամանակ հայեցի եւ հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր: Դպրոցի ղեկավարի նշանակումը՝ սկսած նրա հավաստագրումից մինչեւ ընտրություն, պետք է դառնա պարզ ու թափանցիկ գործընթաց: Լուծումներ են պահանջում նաեւ ավագ դպրոցների հիմնախնդիրները, բազմաթիվ կուտակված հարցեր կան մասնագիտական կրթության ոլորտում»,-նշեց վարչապետը:
Ըստ նրա՝ պետք է հատուկ ուշադրություն դարձնել բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման եւ գործունեության առավել արդյունավետ մեխանիզմների կիրառմանը: «Վերանայման ու կատարելագործման կարիք ունեն դպրոց-բուհ անցումն ապահովող կառույցների գործառույթները, նպատակահարմար է այս գործընթացը դարձնել ավելի սահուն՝ նպաստելով բարձրագույն կրթության մատչելիության բարձրացմանը եւ հասարակության սոցիալապես անապահով խավերի ընդգրկմանը: Կրթության եւ գիտության նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լինեն բուհական կրթության արդյունավետության բարձրացումը, համալսարան-աշխատաշուկա կապի սերտացումը»-ասաց նա:
Հ. Աբրահամյանը ԿԳ նախարարին հանձնարարեց հանրակրթության հիմնախնդիրներին ու բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումներին նվիրված խորհրդակցություններ կազմակերպել եւ դրանցից ածանցվող փոփոխությունների ժամանակացուցային առաջարկություններ պատրաստել:




Լրահոս