Հաշվի առնելով ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում երիտասարդ կադրերի ներգրավման կարևորությունը, աշակերտների համար կրթական ռեսուրսների մատչելիության անհրաժեշտությունն ու կուտակված միջազգային փորձի կիրառման կարևորությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, և “Դասավանդի՛ր, Հայաստան” կրթական հիմնադրամը` ի դեմս կազմակերպության նախագահ Լարիսա Հովհաննիսյանի, այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիր։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ “Դասավանդի՛ր, Հայաստան” կրթական հիմնադրամի հետ իրականացվող ծրագիրը կարևոր է Հայաստանի համար և կրթական, և բարոյական տեսակետից: “Ի դեմս մեր հարգելի գործընկերների՝ Հայաստանում սկսում է ձևավորվել հայկական կամավորական շարժումը, որը, հույս ունեմ, կունենա մասսայականություն և կընդգրկի ավելի լայն շերտեր: Այս գործը կարևոր է մեր երկրի համար, որովհետև ապացուցում է միասնականության և առաքելության գիտակցումը և ամենակարևորը՝ սովորեցնում է մարդկանց բացի սեփական կարիերա անելուց և սեփական ճանապարհով գնալուց նաև օգտակար լինել մյուսներին”, – նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով “Դասավանդի՛ր, Հայաստան” կրթական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդին, ֆինանսավորողների և գաղափարախոսության հիմքում կանգնած բոլոր կազմակերպություններին: “Երբ գործի գլխին կանգնած է նվիրված մարդ, ապա գործի հաջողության կեսն ապահովված է: Ես ուրախ եմ, որ մեր գործընկերները նման մարդիկ են, ովքեր թողնելով հանգիստ կյանքը և լավ աշխատանքը, փորձել՝ հանուն ապագայի իրականացնել լուրջ ծրագրեր՝ գաղափարական որոշակի հիմքերից ելնելով “,- նշել է նախարարը և հատուկ շնորհակալություն հայտնել նաև միջոցառմանը ներկա IDeA և RVVZ բարեգործական հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդին և Teach For All-ի համաշխարհային ցանցի տնօրեն և համահիմնադիր Ուենդի Քոփին: “Հայաստանում շատ ծրագրեր երազից դառնում են իրականություն՝ տարբեր կազմակերպությունների հետևողական ջանքերի շնորհիվ:
Ցանկանում եմ հատուկ շեշտել նաև ամերիկյան գործընկերների ներդրումը, որովհետև Teach For All-ի հիմքում կամավորության գաղափարախոսությունն է, որը ժամանակին ԱՄՆ նախագահ Քենեդին հռչակել է՝ որպես արժեհամակարգի տարածման ձևաչափ: Հայաստանի ներկայությունն այս մեծ կազմակերպությունում հայկական ձևաչափով շատ կարևոր է մեզ համար” – նշել է նախարարը՝ հույս հատնելով, որ ապագայում վերոնշյալ կազմակերպության հետ համագործակցությունը կընդլայնվի:
“Դասավանդի՛ր, Հայաստան” կրթական հիմնադրամի նախագահ Լարիսա Հովհաննիսյանն նշել է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ հիմնադրամն աշխատում է ԿԳ նախարարության հետ: “Մենք սկսել ենք փոքր՝ 14 մասնակցից ընտրված խմբով. վերջիններս ներկայումս դասավանդում են ՀՀ Լոռու, Տավուշի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում: Այս տարի ծրագիրը կընդգրկի նաև Արագածոտնի մարզը: Վստահ ենք, որ ճիշտ ճանապարհին ենք՝ Հայաստանի երեխաներին գերազանց կրթական հնարավորությամբ ապահովեու համար: Մեր ծրագիրը չէր կարող լիարժեք կայանալ՝ առանց ԿԳ նախարարության և ՀՀ մարզպետարանների, ինչպես նաև մեր գործըներ տնօրենների աջակցության, ովքեր մեզ բաց սրտերով են ողջունել իրենց համայնքներում: Հենց այս գործընկերության և մեր մասնակիցների հիանալի արդյունքների շնորհիվ է, որ արդեն այս սեպտեմբերից ավելի քան 50 ուսուցիչ կդասավանդի Հայաստանի ուսուցիչների պակաս ունեցող դպրոցներում: Եվ սա մեր տեսլականի իրականացման միայն սկիզբն է, որի համար Teach For All կազմակերպությունն աշխատում է 40 այլ երկրներում ևս”, – նշել է Լարիսա Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հպարտ է, քանի որ Հայաստանը մուտք է գործել համաշխարհային կրթական հարթակ Teach For All շնորհիվ: Վերջինս ողջ աշխարհում խրախուսում է նորարարական մեթոդների և առաջնորդության ներմուծումը հանրակրթության ոլորտ:
IDeA և RVVZ բարեգործական հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդին իր հերթին նշել է, որ կրթությունը միավորում է աշխարհի բոլոր մարդկանց: “Կան մի քանի բաներ, որոնք ընդհանուր են բոլորի համար՝ անկախ մասնագիտությունից և աշխատանքից: Դա երեխաների առողջությունն է և ապագան: Պետության ապագան կապված է, թե ինչպիսի կրթական համակարգ ունես և ինչպես է դաստիարակվում նոր սերունդը: Այս ծրագիրն օրինակ է, թե ինչպես է Հայաստանը դառնում գլոբալ աշխարհի մի մաս”, – նշել է նա՝ հույս հայտնելով, որ ապագայում ՀՀ բոլոր դպրոցներում կաշխատեն “Դասավանդի՛ր, Հայաստան” կազմակերպության ներկայացուցիչներ:
Teach For All-ի համաշխարհային ցանցի տնօրեն և համահիմնադիր Ուենդի Քոփին նշել է, որ օրերս այցելել է Դիլիջանի միջազգային դպրոցում իրականացվող “Դասավանդի՛ր, Հայաստան” – ի ամառային ինստիտուտ, որի առթիվ հատնել է իր ոգևորությունը: “Շատ կարևոր է տեսնել այն առաջընթացը, որ գրանցել են ծրագրի մասնակիցները: Մենք մեր բոլոր ջանքերը և ռեսուրսները կուղղենք, որ բոլոր հայ երեխաները ստանան գերազանց կրթություն: Ոգևորված եմ, որ Հայաստանը մասնակից է մեր ցանցին” – նշել է նա՝ կարևորելով ԿԳ նախարարության հետ համագործակցությունը, քանի որ, ըստ բանախոսի, ծրագրի շրջանակում աշխարհում ամենամեծ հաջողության հասել են այն երկրները, որոնք արդյունավետ համագործակցել են պետական գերատեսչությունների հետ:
Նշենք, որ նոր ուսումնական տարում “Դասավանդի՛ր, Հայաստան” կրթական հիմնադրամի կողմից ընտրված, բարձր որակավորում ունեցող 33 երիտասարդ մասնագետներ կմեկնեն Հայաստանի մարզեր՝ դասավանդելու մասնագետների պակաս ունեցող դպրոցներում: “Դասավանդի՛ր, Հայաստան” ծրագրի մասնակիցները դասավանդում են հանրակրթական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները՝ շեշտը դնելով հատկապես ճշգրիտ գիտությունների, բնագիտական առարկաների և օտար լեզուների ուսուցման վրա։