ԱՎԵԼԻ ՎԱՏ, ՔԱՆ ԳԻՏԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զորի Բալայանի` Վլադիմիր Պուտինին ուղղված աղմկահարույց բաց նամակի հրապարակումից հետո բոլորին հուզում է մեկ հարց. արդյոք այդ նամակը համաձայնեցված էր ՀՀ իշխանությունների հետ: Անկախ այդ նամակում հնչեցված փաստարկների եւ ձեւակերպված առաջարկի ընդունելի կամ անընդունելի լինելուց, մեկ բան է` երբ ինչ-որ մոռացված հասարակական գործիչ փորձ է անում հիշեցնել իր մասին` հանդես գալով իր` այնքան հոգնեցնող երկարաշունչ ոճով, մեկ այլ բան` երբ դա արվում է ռուսական եւ եվրոպական ամենօրյա, ամենժամյա ճնշումների տակ գտնվող Բաղրամյան 26-ի նախաձեռնությամբ: Ինքը` ծերունի հրապարակախոսը, հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը «աբսալյուտնո» տեղյակ չէ այդ նամակից: Այս տարբերակի օգտին է խոսում այն, որ եթե նախագահականի տեքստագիրների թիմը խառը լիներ այս «պրոեկտին», ապա նամակը կունենար փոքր-ինչ ավելի «ընթեռնելի» ծավալներ: Համաձայնեք, որ առնվազն «վատ տոն» է` օտար երկրի նախագահից պահանջել ընթերցել մի ամբողջ 17-էջանոց նամակ: Սակայն չի բացառվում, որ այս դեպքում պարզապես Զորի Բալայանը թույլ չի տվել նսեմացնել իր հրապարակախոսական ամբիցիաները եւ նամակը համաձայնել է հեղինակել միայն սեփական ոճով շարադրելու պայմանով: Այդպես է դա, թե ոչ` դժվար է ասել, քանի որ մինչեւ երեկ գիշեր Բաղրամյան 26-ում այս հարցի շուրջ լռություն էր: Սակայն հետեւելով Զորի Հայկովիչի ռուսապաշտության մառազմատիկ դրսեւորման հետեւորդների քանակին, ակնհայտ դարձավ, որ «այս խմորը դեռ շատ է ջուր վերցնելու», եւ սա ընդամենը Բալայանի նախաձեռնությունը չէ: Մասնավորապես, նոմենկլատուրային մտավորականության վառ ներկայացուցիչ Ռազմիկ Դավոյանը, որը գրեթե երբեք իր «թանկագին» կարծիքը չի արտահայտում երկրի համար կարեւորագույն որեւէ հարցի շուրջ, այս անգամ շտապեց պաշտպանել իր գրչակից ընկերոջը, ընդ որում` Հայաստանի համար էլ ավելի նսեմացուցիչ շեշտադրումներով: Նրան հետեւեց պալատական պարգեւներ ստացած եւս մեկ պոետ` Արտեմ Հարությունյանը, որը նույնպես շտապեց ողջունել «Զորիկի նախաձեռնությունը»: Դե, իսկ այնպիսի դեմքեր, ինչպիսին Արտավազդ Բայաթյանը կամ Վարդան Դեւրիկյանն են, ընդհանուր «մտավորականության ֆոնի» ապահովման համար էին: Իսկ արդեն քաղաքական դաշտում երեկվա դրությամբ գործարկվել էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ): Առաջին հայացքից «Չի կարող պատահել» հայտնի տրագիկոմեդիայի վերնագիրը հիշեցնող այս իրավիճակը, թվում է, ընդամենը ծերունական ընկճախտով տառապող մի քանի հոգու անհաջող մտավարժանքների արգասիքն է, սակայն իրավիճակն առավել խորը ուսումնասիրելու դեպքում` կարծես թե տեսանելի է դառնում այն իրական վտանգը` պատերազմի վտանգը, որը կարող է 21-րդ դարում եւս մեկ «Նամակ ռուսաց թագավորին» երկնելու պատճառ դառնալ:




Լրահոս