ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս սեպտեմբերի 25-ին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՍԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, թե ՀՀ երեք նախագահներին պաշտոնապես կառաջարկի հանդիպել ստեղծված իրավիճակից դուրս գալու որեւէ լուծում գտնելու ակնկալիքով:
Երեկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով այդ հարցին, «Երկիր»-ին ասել է. «Գառնիկ Իսագուլյանի նախաձեռնության ի հայտ գալն անակնկալ էր մեզ համար: Բանն այն է, որ այդ նախաձեռնության մասին հայտարարելու պահից ընդամենը մեկ-երկու օր առաջ պրն. Իսագուլյանը հանդիպել եւ զրույց է ունեցել նախագահ Քոչարյանի հետ, բայց բառ անգամ այդ մասին չի խոսել: Իսկ դրանից հետո հայտարարել է նախագահների հանդիպում կազմակերպելու մտադրության մասին ու Ռոբերտ Քոչարյանի հետ նոր հանդիպման խնդրանքով նամակ է հղել մեր գրասենյակ: Համաձայնե՛ք, որ սա առնվազն անհասկանալի է: Այսպես թե այնպես, մենք չենք պատրաստվում որեւէ կերպ արձագանքել Գառնիկ Իսագուլյանի նամակին»:
Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գառնիկ Իսագուլյանի հետ:
-Պարո՛ն Իսագուլյան, Վ. Սողոմոնյանի գնահատմամբ` անհասկանալի է թե ինչու եք Դուք Ռ. Քոչարյանին նամակ ուղարկել այն դեպքում, երբ դրանից մի քանի օր առաջ հանդիպել եք նրա հետ եւ այդ մասին ոչինչ չեք ասել: Ձեր մեկնաբանությունը:
-Վ. Սողոմոնյանը ճիշտ է ասում, իմ հայտարարությունից մի քանի օր առաջ հանդիպել եւ բավականին երկար զրույց եմ ունեցել նախագահ Ռ. Քոչարյանի հետ: Այդ ժամանակ դեռ նման նպատակ ու ծրագիր չունեինք: Բոլորը փորձում են իմ ասուլիսի եւ իմ գրած նամակների բովանդակությունը նույնացնել: Ես երբեւէ խնդիր չեմ ունեցել պարոն Քոչարյանի հետ հանդիպելու առումով: Գուցե մի քանի օր առաջ հանդիպելը ու հետո նամակով դիմելն ու նորից հանդիպում հայցելը մի քիչ տարօրինակ է: Այդ առումով Վ. Սողոմոնյանի պատասխանը, կարծում եմ, շատ հստակ է:
-Բայց Վ. Սողոմոնյանը հստակ նշում է, որ իրենք չեն պատրաստվում արձագանքել երեք նախագահների հանդիպման շուրջ Ռ. Քոչարյանին ուղղված Ձեր նամակին: Դա ինչպե՞ս եք մեկնաբանում:
-Ես ասել եմ ու կրկնում եմ, որ շատ լավ կլինի՝ ՀՀ-ում իրավիճակը լիցքաթափելու, մթնոլորտն առողջացնելու համար հանդիպեն ՀՀ երեք նախագահները՝ գումարած ԼՂՀ երկու նախագահները եւ երկու վեհափառ հայրապետները: Ես առաջարկել եմ տարբեր ֆորմատներ, նշել եմ նաեւ, որ կարող են լինել այլ ֆորմատներ: Դա զուտ իմ ցանկությունն է, որպեսզի ՀՀ-ում նման բան կայանա: Այդ ցանկությունը եւ իմ գրած նամակներն իրար հետ որեւէ կապ չունեն: Նախաձեռնությունն իմն է, բայց թե դա ինչ ֆորմատով կլինի, երբ կլինի, արդեն ամեն մի լրատվամիջոց յուրովի է մեկնաբանում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս