Եթե հավատալու լինենք ՀՀ գործող իշխանություններին, ապա ՀՀ քաղաքացիներս մեր երազանքների Հայաստանում կապրենք 20 տարի անց, իսկ դա տեղի կունենա 2030-ական թվականներին նոր միայն: Համենայնդեպս, իշխանության ներկայացուցիչներն ամենաբարձր մակարդակով պարբերաբար նման խոստումներ են հնչեցնում եւ շեշտում՝ այդ ամենը` 20 տարի անց:
Նման կարգի հայտարարություններ հնչեցրել է անձամբ Սերժ Սարգսյանը: Դեռ 2011թ. օգոստոսին «Միասին» երիտասարդական ճամբարի անդամների հետ հանդիպման ժամանակ նա ասել էր. «20 տարի անց Հայաստանը կլինի լիակատար ժողովրդավարական, իրավական պետություն: Այն, որ հենց այդպես էլ կլինի, եւ որ մեր սոցիալական խնդիրների ճնշող մեծամասնությունը կլուծվի, դրանում ես բացարձակապես չեմ կասկածում: Եվ դրանում մեծ է լինելու ձեր դերը` երիտասարդության դերը»: Ընդ որում, այս միտքը նա տարբեր առիթներով կրկնել էր նաեւ հետագայում:
Նույն թեզն է առաջ տանում նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Շաբաթ օրը Մոսկվայից վերադառնալիս նա հենց ինքնաթիռի մեջ հարցազրույց է տվել ու ներկայացրել իր թեզերը: «Որեւիցե մեկը մեզ վրա ճնշում չի գործադրել, որպեսզի մենք մտնենք Մաքսային միություն: Դա մեր հավասարակշռված, հաշվարկված մոտեցումն է, որը, մեր համոզմունքով, բխում է հայ ժողովրդի շահերից: Եվ մենք գիտակցում ենք, որ սա չափազանց կարեւոր որոշում է, որը մոտակա 20 տարիների ընթացքում լրջագույն հետեւանք է ունենալու»,-իր երկրորդ թեզը շարադրել է նա:
Այս խոսքերը, թերեւս, պատահական չեն, ոչ էլ զուգադիպություն: Այլ սա Սերժ Սարգսյանի իշխանության «փիլիսոփայությունն է»: Փաստորեն, իշխանություններն իրենք էլ են խոստովանում սեփական անկարողությունը, եւ որ իրենց օրոք Հայաստանը լիակատար ժողովրդավարական ու իրավական պետություն չի լինի, որ այսօրվա իրենց քայլերը լավագույն դեպքում 20 տարի հետո հետեւանքներ կունենան: Միայն թե անհասկանալի է, թե այդ դեպքում ինչ պետք է անի այսօրվա հասարակությունը, մինչեւ այդ 20 տարին անցնի, մինչեւ գա իշխանությունների խոստացած պայծառ ապագան: Էլ չենք ասում այն մասին, որ երաշխիքներ չկան, որ 20 տարի անց իրոք կյանքի կկոչվեն խոստումները: Առավել եւս, որ իշխանությունների այսօրվա վարած քաղաքականությունից հետո դեռ հարց է` արդյոք կհաջողվի 20 տարվա ընթացքում շտկել իրավիճակն ու երկիրը դուրս բերել կործանման ուղեգծից:
Այնպես որ, սրանով իշխանությունները պարզապես իրենց վրայից գցում են պատասխանատվությունն ու ժողովրդին փորձում սնել սին հույսերով` հայտնի ֆիլմի հերոսի նման անընդհատ կրկնելով. «Միգուցե վաղը, իսկ միգուցե վաղը չէ մյուս օրը»:
«Ժողովուրդ»-ը փորձեց իշխող կուսակցության` ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից ճշտել, թե ինչու են իշխանությունները շեշտում 20 տարի անց արտահայտությունը: Պարզվեց` պարոն Սահակյանը չգիտեր. «Ինչը որ չգիտեմ, չեմ կարող պատասխանել: Ես 20 թիվը չեմ պատկերացնում, թե ինչ է, ինչու է ասվում վարչապետի կողմից»: Այնուամենայնիվ, Գ. Սահակյանը նկատեց. «Այնպես չէ խնդիրը, որ եթե մտնենք Մաքսային միություն, երկու ամսում Հայաստանում ամեն ինչ լավ կլինի: Դա տնտեսական զարգացման տեմպերից մեկն է, իսկ Մաքսային միությունը գործոններից մեկն է»: Նա նաեւ նշեց, թե որքան տնտեսական աճը բարձր տեմպեր ունենա, այնքան Հայաստանը կլինի բարեփոխված պետություն. «Դա 20 տարի կտեւի, թե 30՝ ես չեմ կարող ասել»: Մեր հարցին, թե արդյոք իշխանություններն այս ամենը չեն ասում` պատասխանատվությունն իրենց վրայից գցելու համար, Սահակյանը բնականաբար, բացասական պատասխան տվեց. «Պատասխանատվությունը միշտ էլ իշխանությունների վրա է, եւ ոչ մեկը պատասխանատվությունից չի խուսափում: Այսինքն` հանկարծ մի որոշիչ անձ կամ թիմ կա, որն ասում է` երկու տարի անց Հայաստանը Ֆրանսիա կամ Ամերիկա՞ կդառնա: Դա ընթացք է, պետությունների աճելու ընթացք է»:
ԴՅՈՒՄԱՅԻ ՈՃՈՎ` 20 ՏԱՐԻ ԱՆՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ