ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Մոսկվա կատարած այցից անգամ 3 օր անց ՌԴ կառավարության պաշտոնական կայքը չի անդրադարձել ՀՀ վարչապետի հետ ՌԴ փոխվարչապետներ Իգոր Շուվալովի եւ Արկադի Դվորկովիչի հանդիպմանը: Թեեւ ՌԴ կառավարության կայքում առանձին բաժին կա` «Փոխվարչապետների աշխատանքի մասին» խորագրով, որտեղ տեղադրվում են նրանց հանդիպումների մասին լուրերը: Սա, թերեւս, լավագույնս արտացոլում է ՀՀ իշխանությունների հանդեպ ՌԴ-ի վերաբերմունքը: Համեմատության համար նշենք, որ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակին եւ այդ մասին հաղորդագրություն տարածել:

ՇՈՒՏՈՎ ԿԼՈՒԾՎԻ
Աշխատանքի պետական տեսչության աշխատակիցներն անելանելի վիճակում են հայտնվել: Ահազանգելով «Ժողովուրդ»-ի խմբագրություն՝ նրանք պատմեցին, որ մինչ օրս աշխատավարձ չեն ստացել եւ չգիտեն էլ, թե ում դիմեն: «Մեր տեսչությունը նախկինում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ էր, սակայն այժմ ուզում են միավորել ՀՀ առողջապահության նախարարության սանիտարահիգիենիկ պետական տեսչությանը: Ու քանի որ ներկա պահին այդ միավորման պրոցեսն է ընթանում, ուստի մենք չգիտենք՝ ումից պահանջենք մեր աշխատավարձերը: Երկու նախարարություններում մեկը մյուսի վրա են գցում պատասխանատվությունը»,-մտահոգված ասաց աշխատակիցներից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով չենք նշում: «Ժողովուրդ»-ը փորձեց նախ պարզաբանում ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, որտեղից հայտնեցին, որ շուտով խնդիրը կկարգավորվի: Տեսնենք:

ԱՆՕԳՆԱԿԱՆ
Նախօրեին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Լոռու մարզի Հալավար գյուղում գայլերը հարձակվել եւ հոշոտել են բնակիչներից մեկի 5 խոշոր եղջերավոր անասուններին: Համայնքի ղեկավար Սարգիս Հակոբջանյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ գրեթե ամեն շաբաթ գայլերը հարձակվում են եւ հոշոտում բնակիչների անասուններին: «Անցյալ շաբաթ գայլերը հոշոտել են երկու խոշոր եղջերավոր անասուն, նախորդ շաբաթ՝ 16 ոչխար, հինգ ձիու քուռակ, էլ ո՞րն ասեմ»,-զայրացած ներկայացրեց համայնքապետը: Նրա խոսքով՝ այս մասին տեղեկացված են համապատասխան մարմինները: «Հիմա էլ մարդկանց որսորդական հրացաններ չեն բաժանում, հակառակը, ասում են՝ դուք գնե՛ք, մենք կգրանցենք: Բայց դե նրանք էլ հրացան գնելու հնարավորություն չունեն»,-դժգոհեց Հակոբջանյանը՝ ընդգծելով, որ տուժած ընտանիքներին ո՛չ համայնքապետարանն է փոխհատուցում տալու, ո՛չ էլ մարզպետարանը:




Լրահոս