Այսօր առավոտյան ՀՀ Քննչական կոմիտեն խուզարկություններ է կատարում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երիտասարդ աջակիցներ Հովհաննես Հարությունյանի (Արարատի մարզ, գ. Բյուրավան) և Սմբատ Բարսեղյանի (Շիրակի մարզ, գ. Արևշատ) տներում: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Շտաբը։
«Խուզարկել են նաև ազատամարտիկ Պավել Մանուկյանի որդու` Արամ Մանուկյանի ընկեր Վահե Մանուկյանի`Հրազդան քաղաքում գտնվող տունը: Վահե Մանուկյանը Պավել Մանուկյանի որդու ծառայակից ընկերն է և որևէ առնչություն չունի «Նոր Հայաստան»-ի և կամ առհասարակ քաղաքական գործունեության հետ: Նա երեկ մասնակցել է Պավել Մանուկյանի որդու ծննդյան տարեդարձի արարողությանը:
Թերևս, այդ հանգամանքն է պատճառ դարձել նրա տունը խուզարկելու համար: Մեր ունեցած տվյալներով` Վահե Մանուկյանի տանը խուզարկության պահին ոչ մեկը չի եղել, այդ պատճառով այնտեղ մուտք են գործել դուռը ջարդելու միջոցով:
Սմբատ Բարսեղյանը և Հովհաննես Հարությունյանը կանչվել են հարցաքննության: Վահե Մանուկյանին հարցաքննության կանչելու մասին տեղեկություն չկա:
Այս պահի դրությամբ խուզարկությունները չեն ավարտվել»,- նշված է հաղորդագրության մեջ: