200 ՄԻԼԻՈՆԸ` ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ մեծ շուքով նշվեց «Էրեբունի-Երեւան 2795»-ը: Տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել տարբեր երկրների պատվիրակություններ: Մերոնք էլ` ի դեմս քաղաքապետարանի, որպեսզի մի լավ «տեսե՛ք, տեսե՛ք» ասեին օտարերկրացիներին, որոշել էին այդ նպատակով ծախսել ո՛չ ավել, ո՛չ պակաս 500 հազար ԱՄՆ դոլար (200 միլիոն ՀՀ դրամ):
Ինչպես ասում են, ուրախ առիթներով փող ծախսելը հաճելի է, սակայն մի երկրի համար, որի բնակչության 35 տոկոսն աղքատ է (դա դեռ պաշտոնական տվյալներով, իսկ իրականում ավելի շատ), 200 մլն դրամը 2 օրվա մեջ ճիշտ տոնական հրավառության պես բաց թողնելու անհրաժեշտությունը գերհատուկ տրամաբանությամբ պետք է ըմբռնել: Աստղերը երգեցին ու պարեցին, այտերին դրոշակներ նկարած քաղաքացիներից ոմանք ձայնակցեցին, կենտրոնաբնակներից շատերն էլ իրենց տների պատշգամբներից հետեւեցին միջոցառմանը, սակայն ծայրամասերում ապրող բազում երեւանցիների համար այդպես էլ անհասկանալի մնաց` ինչու համայնքային բյուջեից նման գումարներ ծախսվեցին, այն դեպքում, երբ արվարձանում ապրող երեւանցու համար խնդիր է անգամ երթուղայինին վճարելիք առայժմ հարյուր դրամը:
«Մենք սիրում ենք Երեւանը եւ ուրախ ենք քաղաքի տարեդարձը տոնել, սակայն երբ կարդացի, որ այդքան գումար են ծախսել մեկ օրվա համար, մտածեցի՝ ինչքան անտեսված ենք մենք, որ մեր երեխաների տարեդարձը նույնիսկ չենք կարող նշել այս պետության տրամադրած աշխատավարձերով: Եթե, իհարկե, աշխատանք լինի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նեղսրտեց Չարբախում ապրող քաղաքացիներից մեկը:
Տարբեր տվյալներով` Երեւանում ապրում է շուրջ մեկ միլիոն մարդ: Համատարած գործազրկության, պետական պարտքերի ու սահմանափակ բյուջեի պայմաններում քաղաքային իշխանությունը կազմակերպել է 200-միլիոնանոց տոնակատարություն: Փորձենք համեմատել, թե ինչպես են իրենց քաղաքների տարեդարձերը նշել շատ ավելի զարգացած ու հարուստ երկրներում: «Ժողովուրդ»-ն առանձնացրել է մի քանի օրինակ.
Մոսկվա՝ 15,5 մլն բնակչություն, տոնի բյուջեն` 6,175 հազար դոլար, 2 օր, 2 տասնյակ միջոցառում:
Կիեւ՝ 2 մլն 850 հազար բնակչություն, տոնի բյուջեն՝ 125 հազար դոլար, 2 օր, 80 միջոցառում:
Թբիլիսի՝ 1 մլն 158 հազար բնակչություն, տոնի բյուջեն` 185 հազար դոլար, 7 օր, 38 միջոցառում:
Օմսկ՝ 1 մլն 180 հազար բնակչություն, տոնի բյուջեն` 357 հազար դոլար, 25 միջոցառում, որոնք տեւել են 7 օր:
Մեզ հուզող հարցերի պատասխանները Երեւանի քաղաքապետարանից լսելու փորձերն անարդյունք եղան, քանզի առավոտից մինչ աշխատանքային օրվա ավարտը քաղաքապետարանի լրատվականի հեռախոսների զանգերին չէին պատասխանում: Բացի տոնական ահռելի բյուջեի մասին հարցից՝ նաեւ ցանկանում էինք պարզել, թե արդյոք հնարավոր չէր այնպես կազմակերպել տոնական միջոցառումները, որ քաղաքի կենտրոնական մի շարք փողոցները չփակվեին, երթեւեկությունն էլ կաթվածահար չլիներ:
Ի դեպ, մեր հավաստի տեղեկություններով՝ «Էրեբունի-Երեւան 2795»-ի միջոցառումների կազմակերպման վրա ծախսվել են նաեւ հավելյալ գումարներ. գործարարների շրջանում հատուկ «դրամահավաք» է անցկացվել, որի արդյունքում տոնակատարությունների բյուջեն հատել է անգամ 200 միլիոնը: «Դրամահավաքին» մասնակցել են Սամվել Ալեքսանյանը, Ռալֆ Յիրիկյանը, Սամվել եւ Կարեն Կարապետյանները, Գարեգին Նուշիկյանը եւ ուրիշներ:
Հ.Գ. Նախորդ տարի «Էրեբունի-Երեւան 2794»-ը 90 միլիոն էր արժեցել: Հիմնականում Ռուսաստանից ժամանած կիսամերկ աստղերն էին քաղաքի տոնին ելույթ ունեցողները, ինչը ոչ թե զարմացրել, այլ զզվեցրել էր երեւանցիներին: Այս տարի, թերեւս, մարդիկ նաեւ զարմացած էին. 500 հազար դոլարը 2 օրում հօդս ցնդեց:




Լրահոս