ԱՍՏՎԱԾ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ, ՈՐ ՉՓԼՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի վարչական շրջանի Արցախի 61 հասցեի եռահարկ վթարային շենքում 12 ընտանիք է ապրում: Այդ մարդիկ արդեն երկար տարիներ է, ինչ ապրում են մշտական վախի մեջ` շենքի փլուզման վտանգն աչքերի առջեւ: Մինչդեռ պատկան մարմիններն ամենեւին չեն շտապում շենքի ուժեղացման նախագիծը հաստատելու կամ էլ սեփական կյանքը վտանգող բնակիչներին տեղափոխելու հարցում:
Նշված շենքը գտնվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչությանը ենթակա «Լիճ» կոմբինատի հաշվեկշռում: Շենքի առաջին եւ երկրորդ հարկերը կառուցվել են 1960-ականներին, իսկ երրորդ հարկը` 1970թ.: Այն նախատեսված է եղել որպես «Լիճ» կոմբինատի վարչական կառույց: 80-ականներին նոր կոմբինատի տնօրինությունը թույլատրել է իր աշխատակիցներին բնակվել տվյալ շենքում: Ի դեպ, «Լիճ» կոմբինատն այժմ վերանվանվել է եւ դարձել «Պահուստ» ՊՈԱԿ: Նախկինում այն գտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայության տակ, սակայն հետո անցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: ՀՀ ԱԻՆ-ի պատասխանատվության տակ անցնելուց հետո նախարարության կողմից շենքի ուժեղացումը եւ վերանորոգումը կատարելու նպատակով կազմվել եւ սահմանված կարգով շահագրգիռ մարմիններին է ներկայացվել ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:
Հավելենք, որ «Հայ սեյսմշին»-ի կողմից տրված եզրակացության համաձայն՝ շենքի կրող պատերը գտնվում են վթարային վիճակում, ինչի համար էլ պահանջվում է շենքի անհապաղ ուժեղացում:
Վթարային շենքի բնակիչների խոսքով՝ արդեն երկու-երեք տարի է, ինչ շենքի ուժեղացման նախագիծը ներկայացված է, սակայն դեռ դրական տեղաշարժ չկա: Միայն անցյալ տարի ինչ-որ մարդիկ են եկել, առանց ներկայանալու չափագրումներ կատարել ու նորից հեռացել:
51-ամյա Սոֆյա Սահակյանը 24 տարի է՝ իր ամուսնու, որդու եւ դստեր հետ ապրում է նշված շենքում: «Այս տարիների ընթացքում ով ինչպես կարողացել է, կա՛մ հեռացել է շենքից, կա՛մ էլ ինչ-որ չափով վերանորոգել իր բնակելի տարածքը: Նույնիսկ Էրեբունի վարչական շրջանի թաղապետն է հրաժարվել մեզանից»,-հիասթափված նկատեց տիկին Սոֆյան:
Իսկ Սուսաննա Ղարիբյանը, որը 17 տարի ապրում է Արցախի 61 հասցեում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ամեն տարի պարտադիր Երեւանի քաղաքապետարանից եւ «Պահուստ» ՊՈԱԿ-ից համապատասխան մարդիկ գալիս են, չափագրումներ անում ու հեռանում. «Երեւի մոռանում են, որ հարցին, ի վերջո, պետք է լուծում տան: Այնպիսի տպավորություն է, որ դարակներում դրված հին փաստաթղթերը վերցնում են, թերթում, նայում, հետո նորից ծալում ու դնում»:
Բնակիչները «Պահուստ» ՊՈԱԿ-ից պարբերաբար հետաքրքրվում են, թե ինչ փուլում է իրենց շենքի ուժեղացման գործը, սակայն ապարդյուն:
«Չնայած հիմա այդ ամրացումն էլ չի օգնի, քանի որ շենքի ճակատային մասն արդեն աստիճանաբար փլվում է: Ապրում ենք ու Աստված կանչում, որ ոչ ոքի ոչինչ չլինի: Ու այսպես երկար տարիներ է, ինչ սպասում ենք հրաշքի: Այս ընթացքում էլ մեր երիտասարդ տղաները խուսափում են ամուսնանալուց»,-լրացրեց տիկին Սուսաննան:
Շենքի մյուս բնակիչները` Խալաթյան ամուսինները, գրեթե ամեն տարի վերանորոգում են իրենց բնակարանը. «Հենց բաղնիքի պատը փլվում է, տան մի անկյունից տեղափոխվում ենք մյուս անկյուն, ու այսպես հաջորդաբար: Ի՞նչ անենք»:
«Ժողովուրդ»-ն այս խնդրի շուրջ զրուցեց «Պահուստ» ՊՈԱԿ-ի պետ Սամվել Խաչատրյանի հետ, որը փոխանցեց. «Հիմա գործը կադաստրում է, եւ ընթանում է գրանցման պրոցեսը: Դա ավարտելուց հետո կշարունակվեն հետագա քայլերը. շենքը կհանվի ՊՈԱԿ-ի հաշվեկշռից, եւ կսկսվի սեփականաշնորհման գործընթացը, որի ավարտից հետո շենքը կհանձնվի բնակչությանը»: Զրույցի ավարտին Ս. Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ ՊՈԱԿ-ը բավականաչափ գումար չունի շենքը վերանորոգելու եւ ամրացնելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս