ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՈՆՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»
Իսպանիայի Բիլբաո քաղաքում «Մեծ սաղավարտ»-ի 6-րդ խաղարկության եզրափակիչ փուլն ավարտվեց Լեւոն Արոնյանի հաղթանակով: Մրցաշարին մասնակցում էին նաեւ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) եւ Մայքլ Ադամսը (Մեծ Բրիտանիա):
Վերջին՝ 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Շ. Մամեդյարովի հետ եւ պահպանեց առաջատարի դիրքը: Հիշեցնենք, որ Լ. Արոնյանն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ արժանացավ այս մրցանակին, իսկ առաջին անգամ նա «Մեծ սաղավարտ»-ում հաղթել էր 2009թ.:

ՄԵԶ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՈՉ-ՈՔԻՆ
Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն այս օրերին Լեհաստանում մասնակցում է Եվրո-2015-ի առաջին որակավորման փուլի երկրորդ խմբի մրցաշարին: Երկրորդ խաղում Հայաստանի պատանիները 1:0 հաշվով հաղթել են մրցաշարի տանտեր Լեհաստանին եւ, ինչպես Ռումինիան, վաստակել 4 միավոր։ Լեհաստանն ու Լիտվան ունեն 1-ական միավոր:
Հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մասնավորապես նշել է, որ հաջորդ փուլ դուրս գալու համար մեզ բավարարում է նաեւ ոչ-ոքին, սակայն եթե փորձեն խաղալ այդ արդյունքի համար, դատապարտված կլինեն պարտության. «Այդ պատճառով Լիտվայի հետ մրցավեճում խաղադաշտ ենք դուրս գալու հաղթանակի համար: Լիտվան հեշտ մրցակից չէ, բայց մենք գիտենք նրանց թույլ կողմերի մասին եւ եթե կազմակերպված խաղ ցուցադրենք, ապա կարող ենք հաղթել»:

ՂԱԶԱԽՆԵՐԻՆ ԷԼ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ
Երեկ կայացավ Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների 2015թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը, որն ավարտվեց 1:2 հաշվով՝ հօգուտ ղազախների:
Մինչ այս մեր հավաքականն անցկացրել էր երեք հանդիպում, որոնցից երկուսն ավարտել էր պարտությամբ, մեկը հաղթանակով: 12 միավորով առաջատարն Իսլանդիան էր, 2-րդ տեղում էր Ֆրանսիան (9), իսկ 3-5-րդ տեղերը 3-ական միավորով կիսում էին Հայաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հավաքականները։ Ուշ երեկոյան հանդիպեցին նաեւ խմբի առաջատարներ Իսլանդիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։

ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Երեկ՝ առավոտյան, Հայաստանի ազգային հավաքականը եւ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Իտալիա։ Այսօր՝ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում, Հայաստանի հավաքականը Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում կհյուրընկալվի Իտալիայի թիմին: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս