ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԺԳՈՀ Է
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը վերջին խորհրդակցության ընթացքում դարձյալ դժգոհեց քաղաքում իրականացվող աշխատանքներից: Այս անգամ քաղաքապետի մտահոգության առարկան փողոցների փոսային նորոգումների ու ասֆալտապատման աշխատանքներն են, մասնավորապես «Լոռի ջրմուղկոյուղու» ջրագծերի անցկացման աշխատանքների հետեւանքների վերացումը: Բանն այն է, որ աշխատանքների ավարտից հետո «Ջրմուղկոյուղու» աշխատակիցներն ասֆալտը լցրել են առանց լավ հարթեցնելու: Հատկապես անհարթ ու վտանգավոր է Դեմիրճյան փողոցի երկաթգծի անցումը: Նման որակով իրականացված աշխատանքները Սամվել Դարբինյանը խայտառակություն է համարում` շեշտելով, որ անցած տարի այդ ճանապարհն ուներ բարձրակարգ ասֆալտե ծածկույթ: Քաղաքապետը բողոքեց նաեւ շենքերի բակերը մտնող ջրագծերի աշխատանքներից. «Ոչ մի բան, փաստորեն, էդ մարդկանց վրա չի ազդում, ես ստիպված կլինեմ, երկրի նախագահը հենց որ եկավ, տանեմ, մեկ-մեկ ցույց տամ եւ ասեմ՝ տեսե՛ք, թե էստեղ ինչ ա կատարվում: Դեմիրճյան-Խորենացի խաչմերուկը, եթե Աստված ասֆալտապատ է համարում, մի կերպ ես էլ կհամարեմ: Իհարկե, էդտեղ ո՛չ որակ կա, ո՛չ էլ ձեւ: Իրանց քարուքանդ արած աղբն ու կեղտը մինչեւ հիմա այնտեղ թափված է»:
Սամվել Դարբինյանին չի գոհացնում նաեւ քաղաքում կատարվող աղբահանության գրաֆիկը: Նրա կարծիքով՝ քաղաքն ավելի վաղ` մինչեւ ժամը 8:00-ն, պիտի մաքրվի աղբից: Քանի որ հիմա, երբ քաղաքացին գնում է աշխատանքի, քաղաքը կեղտոտ է տեսնում, իսկ երեկոյան աշխատանքից վերադառնալիս էլ քաղաքն ավելի կեղտոտված է լինում, ստացվում է, որ վանաձորցիները քաղաքը մաքուր չեն տեսնում, ու կարծիք է ձեւավորվում, որ քաղաքում աղբահանություն չկա:

Ա. ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

ԱՀԱԶԱՆԳ
Երեկ «Էկո լուր» կայքում հայտնվել էր մի տեղեկություն, ըստ որի՝ ժամը 13:15-ի սահմաններում երեք որսորդ Ջերմուկի շրջանում` Արփա գետի կիրճերի լանջերին՝ Կեչուտի ջրամբարի մոտ, փորձել են որսալ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծեր:
Ըստ կայքի՝ այս մասին ահազանգել է էկոլոգ Լյուբա Բալյանը, որը ներկայումս ուսումնասիրում է թռչունների միգրացիան այդ շրջանում. «Ես չեմ կարող լուսանկարել որսորդներին, նրանք հեռու են, ես նրանց տեսնում եմ հեռադիտակով: Նրանք չորսն էին, բայց հիմա մնացին երեքը: Այծերն իջել էին ջուր խմելու, եւ նրանք կրակեցին, բայց վրիպեցին, իսկ այծերը թաքնվեցին: Նրանք ուսումնասիրում են տեղանքը որս գտնելու նպատակով»: Դիտորդները զանգահարել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչություն, որտեղից խոստացել են աշխատակիցներ ուղարկել: Լյուբա Բալյանի խոսքով` երեկ՝ երեկոյան, երբ իրենք դարձյալ կատարում էին թռչնադիտարկում, իրենց մոտեցել են մարդիկ, ներկայացել որպես անտառտնտեսության աշխատակիցներ եւ հարցրել, թե նրանք մոտակայքում արդյոք չեն տեսել բեզոարյան այծեր: Հետո գնացել են: Չի բացառվում, որ տեղի անտառապահները ուղեկցորդ են որսորդների համար, որոնք պատրաստ են վճարել մեծ գումարներ Կարմիր գրքի կենդանիներին որսալու համար:

Ս. Հ.




Լրահոս