Այն, որ մեր երկրում հուշարձանների գերակշիռ մեծամասնությունը գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում, հայտնի է բոլորին: Այդ թվում եւ` միջազգային համապատասխան կառույցներին, եւ լավ է, որ գոնե նրանք փորձում են ինչ-որ բան ձեռնարկել հուշարձանները փրկելու համար։
Օրերս Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը ներկայացրել է մշակութային ժառանգության 67 oբյեկտներից բաղկացած ցանկ, որում ներառված հուշարձանները կարող են քանդվել տնտեսական, քաղաքական, սոցիալական գործոնների, ինչպես նաեւ բնության ուժերի ազդեցությամբ: «World Monuments Watch 2014» ցուցակում ներառվել է նաեւ Հայաստանի հյուսիսում՝ Լոռու Դսեղ գյուղից 2 կմ դեպի հյուսիս-արեւմուտք տեղակայված Սբ. Գրիգորի վանքը: Այն խիտ կանաչապատված է, գտնվում է ձորի մոտ, եւ այնտեղ կարելի է հասնել բացառապես ոտքով: Փորձագետների խոսքով՝ պատմական վանական համալիրի նշանակության ավելացումը, ինչպես նաեւ այն որպես զբոսաշրջային օբյեկտ ներկայացնելը կլինի առաջին քայլը՝ ուղղված այն պաշտպանելուն: Ամենայն հավանականությամբ, որոշակի գումարներ կհատկացվեն վանքը կարգի բերելու համար, բայց մեզ լավ հայտնի է, թե ինչպես են ծախսվում դրանք։
Ի դեպ, Արեւմտյան Հայաստանի Կարս նահանգում գտնվող Մրենի տաճարը նույնպես ընդգրկվել է ոչնչացման վտանգի տակ հայտնված 41 երկրների 67 հուշարձանների շարքում։ Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Կարս նահանգի տարածքում՝ Թուրքիա-Հայաստան սահմանի թուրքական մասում գտնվող Մրենի տաճարը հայտնվել է Հուշարձանների համաշխարհային ֆոնդի ցուցակում։ Նման ցուցակ կազմվում է 1996 թվականից սկսած՝ ամեն 2 տարին մեկ։ Նշենք, որ Մրենի տաճարը ներկայումս փլուզման վտանգի տակ է: 638թ. կառուցված տաճարը համաշխարհային արվեստի գլուխգործոց է եւ հայկական ճարտարապետության Ոսկե դարի ստեղծագործություն: Մեզ մոտ ընդունված է ամեն վատ բան համեմատել թուրքի, թուրքականի հետ, սակայն գրեթե համոզված ենք, որ տվյալ դեպքում Արեւմտյան Հայաստանում գտնվող հուշարձանի նկատմամբ, ելնելով քաղաքական եւ տնտեսական շահերից, թուրքերն ավելի ուշադիր եւ հոգատար կլինեն, քան թե հայերս՝ մեր իսկ հուշարձանների նկատմամբ։
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐՆ ՈՒ ՄՐԵՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ