ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Երգիչ Արմոյի անակնկալ ամուսնությունը շատերին զարմացրեց: Պարզվում է՝ երգիչը հայկական ավանդական հարսանիք չի ունեցել: Մեղրամիսն ու հարսանիքը համատեղել են ու 7 օրով մեկնել Դուբայ: Արմոն սիրելիի հետ ծանոթացել է «Ֆեյսբուք»-ով: «Սկսեցի գրել նրան, սակայն երկար ժամանակ չէր պատասխանում իմ նամակներին: Նրա հետ խոսելն ինձ համար սկզբունքի հարց էր դարձել, քանի որ անընդհատ գրում էի, իսկ նա համառորեն չէր պատասխանում»,-նշել է երգիչը: Սկզբնական շրջանում սոցիալական ցանցով են շփվել, որոշ ժամանակ անց` ապրիլին, հավանած աղջկան տեսնելու ու սիրո խոստովանություն անելու համար Արմոն մեկնել է Ֆրանսիա, որտեղից էլ Անիի հետ միասին եկել են Հայաստան: Որոշ ժամանակ այստեղ մնալուց հետո Անին մեկնել է Ֆրանսիա՝ քննությունները հանձնելու, հետո վերադարձել Հայաստան, ու նրանք սկսել են միասին ապրել:

ԱՆԱԿՆԿԱԼ
Օրեր առաջ դերասանուհի Հասմիկ Վերդյանը հենց ներկայացման ավարտին Պարոնյան թատրոնի բեմում ամուսնության առաջարկություն է ստացել: «Զգուշացե՛ք, կանայք են» ներկայացման վերջում Հասմիկին է մոտեցել սիրելին ու առաջարկել ամուսնանալ իր հետ: Դերասանուհու ընտրյալը նույնպես դերասանական կրթություն ունի, սակայն այժմ բիզնեսով է զբաղվում Մոսկվայում: Հասմիկի համար էլ առաջարկությունն անակնկալ է եղել. «Մինչ մենք հանդիսատեսի ծափերն էինք ստանում, Կարենը բեմ բարձրացավ եւ ասաց` Հա՛ս, ես քեզ սիրում եմ, կամուսնանա՞ս ինձ հետ, ու տվեց մատանին»: Առաջարկությունը լսելուց հետո դերասանուհին լռել է, ապա դրական պատասխան տվել: Նրա խոսքով՝ դա իր կյանքի ամենագեղեցիկ ու հետաքրքիր պահերից մեկն էր:

«ՄԻՍՍ ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅՈՒՆ»
Մոդել Էռա Դաշտոյանն օրերս վերադարձել է Չինաստանից՝ արժանանալով «Միսս նրբագեղություն» տիտղոսին: Էռայի խոսքով՝ ինքը «Miss Tourism Queen International 2013» մրցույթին լուրջ էր նախապատրաստվել: Այդ հարցում նրան օգնել են ընկերներն ու հարազատները. «Մինչեւ վերջին օրը մայրիկիս հետ կարում էինք բեմական հագուստիս դետալները: Նրանք հավատում էին իմ ուժերին եւ անհամբերությամբ սպասում լավ լուրի… Այդ ամենն իմ լավ ներկայանալուն շատ է նպաստել»:




Լրահոս