Արարատյան դաշտավայրում եւ Արագածոտնի նախալեռներում նախօրեին տեղացած հուժկու կարկուտը մի քանի տասնյակ գյուղերի պտղի եւ բանջարեղենի բերքը հիմնովին ոչնչացրել է: Միայն Արմավիրի մարզում տուժել է 47 գյուղ, Արագածոտնի մարզի տուժած գյուղերի վերջնական թիվը դեռ չի հրապարակվել, սակայն նախնական հաշվարկներով՝ 20-ից ավել համայնք էլ այս մարզում է տուժել: Նշենք, որ սա այս տարվա ընթացքում արձանագրված արդեն երրորդ դեպքն է, երբ կարկուտի պատճառով գյուղացիներն իրենց բերքը կորցնում են: Մայիսի 18-ի կարկուտից հետո, որի արդյունքում Արմավիրի մարզի՝ մոտ երկու տասնյակ գյուղեր էին տուժել, պաշտոնապես հայտարարվեց, թե իբր հակակարկտային կայանները չեն գործել: Այժմ էլ ասում են՝ կայանները գործել են, բայց կարկուտն այնքան հզոր է եղել, որ դրանք անզոր են եղել որեւէ բան փոխել: «Հակակարկտային կայաններն աշխատել են, բայց արդյունավետությունը 0 տոկոս է եղել: Քանի որ ամպը հզոր է եղել, աղետալի, դրա համար էլ վնասներ է հասցրել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը լրջագույն խնդիրներ ունի, որոնք սովորական պայմաններում նկատելի չեն: Ինչու, բացատրենք: Տարիներ շարունակ հարյուրավոր միլիոն դրամներ են ծախսվել հակակարկտային կայանների տեղադրման եւ սպասարկման վրա, իսկ այսօր պարզվում է, որ դրանք անզոր են հուժկու կարկուտներից պաշտպանել: Այդ դեպքում ինչո՞ւ են պետական միջոցները վատնել, ինչո՞ւ այդ գումարներով այնպիսի համակարգեր չեն ստեղծել, որոնք իսկապես գյուղացուն կպաշտպանեին աղետներից: Գուցե ժամանակն է եվրոպական փորձը ներդնելու. ցանքատարածքներն անհրաժեշտ է ցանցապատել. այդպես ավելի էֆեկտիվ կլինի: Եթե, իհարկե, գյուղնախարար Սերգո Կարապետյանը անկեղծորեն է մտահոգվում գյուղացիների խնդիրներով, այլ ոչ թե միայն տեսախցիկների առջեւ:
Իսկ, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտի ապահովագրությունը միակ փրկությունն է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության՝ նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է կարգավորվել միայն փուլային տարբերակով: Սակայն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ Արցախի համար նախընտրելի է խնդրի փաթեթային լուծումը: «Եթե համապարփակ ձեւով է կարգավորվում, անհնարին են դառնում հետագա շահարկումները: Բոլոր հարցերը պետք է լուծվեն միանգամից: Բայց Ադրբեջանը անընդհատ պնդում է այդ փուլային տարբերակը: Եթե Ադրբեջանը ուզում է փուլային տարբերակը, թող որպես առաջին քայլ ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Մենք էլ կճանաչենք Ադրբեջանի անկախությունը»,- ասել է Բաբայանը: Նման պայմաններում, երբ կողմերի մոտեցումները կտրականապես տարբերվում են, մեղմ ասած, անհասկանալի է դառնում, թե Հայաստանը եւ Ադրբեջանը ինչի շուրջ պետք է բանակցեն:
Ինչպես հայտնի է՝ երկու ամսից Հայաստանի շուրջ 700 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ի թիվս մի շարք քաղաքների՝ ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան նաեւ Հայաստանի 2-րդ եւ 3-րդ քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում: Ընդամենը մեկ ամսից կսկսվի թեկնածուների առաջադրումը, սակայն մինչ օրս իշխող ՀՀԿ-ում դեռ չեն կողմնորոշվում իրենց թեկնածուների հարցում: Հստակություն կա միայն Վանաձորում: Ինչպես հայտնի է՝ Գյումրիում եւ Վանաձորում այլեւս ոչ թե քաղաքապետ են ընտրելու, այլ կուսակցական առաջադրմամբ ավագանի, որն էլ իր կազմից կընտրի քաղաքապետին: Վանաձորում ավագանու ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու է նոտար Մամիկոն Ասլանյանը: Իսկ Գյումրիում դեռ անհայտ է, թե ով է լինելու ՀՀԿ թեկնածուն: Նույն անորոշ վիճակն է նաեւ Արթիկում, Սեւանում, Կապանում եւ մնացած քաղաքներում, որոնցում սեպտեմբերի 18-ին կամ հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են նախատեսված: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բոլոր պոտենցիալ թեկնածուներին ՀՀԿ-ից ասվել է՝ սպասեք, կասենք:
Այս տարվա հունիսի ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 73 միլիոն 200 հազար դոլարով: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 343 միլիոն 800 հազար դոլար: Ու եթե ՀՀ կառավարությունն այս տեմպերով շարունակի, ապա մինչեւ տարեվերջ Հայաստանի պետական պարտքը կհասնի 6 միլիարդ դոլարի: Սակայն ամենավտանգավորն այն է, որ պետական պարտքի ավելացմանը զուգահեռ տնտեսությունում ընթացող գործընթացները ոչ մի լավ բան չեն խոստանում: Այսինքն՝ չկա որեւէ ազդակ, որը հույս կներշնչի, որ առաջիկայում Հայաստանի տնտեսությունում իրավիճակը կշտկվի եւ այն կսկսի արագ զարգանալ, ու պետությունը միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ բանկերից վերցված վարկերը վերադարձնելու հարցում խնդիրներ չի ունենա: Ի դեպ, այս տարվա անցած վեց ամիսների ընթացքում Հայաստանի պետական բյուջեից 44 միլիարդ 500 միլիոն դրամ է ծախսվել՝ պետական պարտքի տոկոսավճարները մուծելու համար:
ԱՆՓՈԽԶԻՋՈՒՄ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սերժ Սարգսյանի նախկին օգնական Լեւոն Մարտիրոսյանը, երեկ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավոր փոխզիջումներին, ասել է. «Թե ինչպիսի փոխզիջում կլինի արդյունքում, դա բանակցությունների ավարտին կերեւա: Բայց որ ինչ-որ մի բան պիտի մենք զիջենք, ու ինչ-որ մի բան պիտի զիջի հակառակորդը, երկու կարծիք լինել չի կարող, հակառակ դեպքում այս իրավիճակը շարունակվելու է»: Դեռեւս անցած աշնանը «հողերը հանձնելու» պատրաստակամություն հայտնած Աժ պատգամավորը հարկ է համարել հստակեցնել, որ «փոխզիջումն ամենավերջին պլանում է լինելու, այն տեղի է ունենալու միայն բանակցությունների ավարտից, խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո: Իսկ թե որքան է մոտ այդ համաձայնագրի ստորագրումը, ես չէ, որ պիտի ասեմ»:
Մի կողմ թողնելով պատգամավորի հարցահարույց տրամաբանական շղթան՝ համաձայնագրի ստորագրումից հետո փոխզիջումների իրականացման մասին, ինչն, իհարկե, տարակուսելի է, քանի որ հենց փոխզիջումների գնալու արդյունքում եւ դրանց հիման վրա է միայն հնարավոր դառնալու այդ համաձայնագրի ստորագրումը, նկատենք, որ Սերժ Սարգսյանը ընդամենը ապրիլին արդեն իսկ հայտարարել է, որ Հայաստանը դեռեւս հինգ տարի առաջ՝ 2011թ. հունիսին, Կազանում պատրաստ էր ստորագրել մի փաստաթուղթ, որով հայկական կողմը հանձնելու էր մի քանի ազատագրված շրջաններ, իսկ ավելի ստույգ՝ նախնական փուլում՝ հինգը: Եվ հիմա, երբ սույն պատգամավորը խոսում է համաձայնագրից հետո միայն արվելիք փոխզիջման մասին, նրա ասածը ոչ միայն անհեթեթ է թվում անտրամաբանական լինելու, այլեւ արդեն իսկ նրա ղեկավարի արած բացահայտման պատճառով: Հետեւաբար այսօրինակ հայտարարություններով ընդամենը խնդիր է դրված հանրությանը նախապատրաստելու փոխզիջումների անխուսափելիության մտքին՝ հանգստացնելով, թե դրանք լինելու են միայն կայուն խաղաղության եւ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, այնինչ Սերժ Սարգսյանի՝ «Բլումբերգին» տված հարցազրույցից հետո հանրությունն արդեն գիտի, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել ազատագրված տարածքների հանձնման փաստաթղթի տակ՝ առանց Ղարաբաղի անկախության ճանաչման հստակ եւ ընդունելի երաշխիքի (Այդ հարցով կամարտահայտության եւ ժամկետները եւ այլ դետալներ մշտապես, այդ թվում եւ 2011-ին, խիստ անորոշ են եղել, եւ վտանգավոր):
Եվ ուրեմն՝ ի տարբերություն իր տաղանդավոր եղբոր՝ անհաջող ու անհամ կատակներ անելուց եւ մարդկանց ուղեղները լվանալուց առաջ հարկ է հետեւել սեփական շեֆի հրապարակային հայտարարություններին եւ հերթական անգամ չհայտնվել անհարմար վիճակում: Իսկ, առհասարակ, այն, որ Լեւոն Մարտիրոսյանը եւ նմանատիպ օսլայած երիտգործիչները սկսել են խոսել ազատագրված տարածքների վերադարձի մասին, ցույց է տալիս, որ իրավիճակը չափազանց լուրջ է: