ՊԱՐՏՔԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական պարտքը շարունակում է հաստատուն տեմպերով աճել: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հասել է 5 միլիարդ 343 միլիոն 800 հազար դոլարի նշաձողի:

Սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ ամիս առաջ պետական պարտքը կազմում էր 5 միլիարդ 270 միլիոն 600 հազար դոլար: Այսինքն՝ ընդամենը մեկ ամսում պետական պարտքն ավելացել է 73 միլիոն 200 հազար դոլարի չափով:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի պետական պարտքը երկու մասից է բաղկացած՝ արտաքին եւ ներքին: Արտաքին պարտքը միջազգային ֆինանսական կազմակերպություններից, բանկերից եւ օտարերկրյա կառավարություններից վերցված վարկերն են: Այս տարվա հունիսի ընթացքում պետական պարտքն աճել է 36 միլիոն 800 հազար դոլարով եւ դարձել է 4 միլիարդ 468 միլիոն 900 հազար դոլար: Ներքին պարտքը, որը գոյանում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թողարկված պետական պարտատոմսերի հաշվին, այս տարվա հունիսին աճել է 36 միլիոն 300 հազար դոլարի չափով: Ներքին պետական պարտքը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 874 միլիոն 800 հազար դոլար:
Ի դեպ, այս տարվա վեց ամիսների ընթացքում պետական պարտքի միայն տոկոսավճարների վրա արդեն իսկ ծախսվել է 44 միլիարդ 500 միլիոն դրամ, կամ նույն է, թե շուրջ 93 միլիոն դոլար: Հայաստանի ամենամեծ պարտատերը «Զարգացման միջազգային ընկերակցությունն» է, որին Հայաստանը պարտք է 1 միլիարդ 143 միլիոն 600 հազար դոլար` ընդհանուր վարկային պարտքի 37,5 տոկոսը: Հայաստանի հաջորդ խոշոր պարտատերը «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկն» է, որին Հայաստանը պարտք է մոտ 482 մլն դոլար` ընդհանուր վարկերի 15,8 տոկոսը: Հայաստանի պարտատերերի պատվավոր երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ասիական զարգացման բանկը», որին մեր երկիրը պարտք է 421 միլիոն դոլարից մի փոքր պակաս գումար: Միջազգային վերը նշված երեք ֆինանսական կազմակերպություններին Հայաստանն իր մեկ տարվա պետական բյուջեի չափ գումար է պարտք:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1 միլիարդ 566 միլիոն 400 հազար դոլար: Այսինքն՝ հունիսին, այս տարվա մեջ առաջին անգամ, միջազգային պահուստները աճել են: Բանն այն է, որ մինչ այս ,ընթացիկ տարվա սկզբից սկսած անընդհատ արձանագրվում էր միջազգային պահուստների նվազում: Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում միջազգային պահուստները 1 միլիարդ 740 միլիոն 200 հազար դոլարից նվազել էին մինչեւ 1 միլիարդ 532 միլիոն դոլարի:
Այսպիսով՝ պարտադրված ենք արձանագրել, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը շարունակում է գոյատեւել լրացուցիչ պարտքերի ներգրավվման հաշվին: Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե այսպես դեռ երկար կարող է շարունակվել, բայց դա այդպես չէ: Բոլոր այն երկրները, ընկերությունները, ընտանիքները, որոնք զարգացման հեռանկար չեն ունեցել, իրենց ռեսուրսները վատնել եւ գոյատեւել են զուտ նոր պարտքեր կուտակելու հաշվին, վաղ թե ուշ սնանկացել են: Պատկերացրեք մի ընտանիք, որի տան գլուխը խաղամոլ եւ հարբեցող է, բայց ընտանիքի անդամները չեն կարողանում կամ չեն համարձակվում նրա ձեռքից վերցնել ընտանիքի տնտեսության կառավարման ղեկը, միակ բանը, որ կարողանում են անել, տանից փախչելն է` այլեւս չվերադառնալու խոստումով: Ընտանիքի բոլոր անդամների վաստակածը, ստեղծածը գնում է այդ խաղամոլի եւ հարբեցողի գրպանը, եւ նա այն մսխում է: Նման ընտանիքը դատապարտված է քայքայման:
Հայաստանի տնտեսությունն այժմ վերը բերված ընտանիքին բնորոշ իրավիճակում է: Այսինքն՝ խնդիրը ոչ թե լրացուցիչ պարտքեր ներգրավելու մեջ է, այլ դրանք ծախսելու: Եթե ՀՀ կառավարությունը իր բնույթով լիներ օրինական, այն է՝ պաշտոն զբաղեցնող անձինք լինեին պետական ծառայողներ, ոչ պետության փողերով միլիարդատերեր դարձած անձինք, ապա պարտքով վերցված ամեն մի ցենտ կարող էր ազդել մեր երկրի տնտեսության վրա: Սակայն հայկական իրողությունն այլ է, եւ այն զարգացման երկու ուղի ունի. ներկա իշխանությունները կարող են իրենց ազդեցությունը պահպանել եւս մի քանի տարի եւ երկրի տնտեսությունը տանել քայքայման, կամ էլ նրանք պետք է հեռանան իշխանությունից:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՕԵԿ-ԱԿԱՆ
Նախկին ՕԵԿ-ական պատգամավոր, գործարար Արայիկ Հայրապետյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե այժմ ինչ գործունեություն է ծավալում, հնարավո՞ր է՝ եկող տարվա խորհրդարանական ընտրություններին մասնակցի: «Ես հայտարարել եմ, որ քաղաքականությունով չեմ զբաղվում, խորհուրդ եմ տվել բոլոր բիզնեսմեններին այլեւս չզբաղվեն: Քաղաքական գործիչները թող զբաղվեն քաղաքականությամբ, ես զբաղված եմ զուտ բիզնեսներով, որը ոչ պակաս հայրենիքի համար է, պետք չի բոլորը գնան, ընտրությունների մասնակցեն»,- ի պատասխան՝ ասաց Հայրապետյանը: Մեր այն հարցին, թե որպես նախկին ՕԵԿ-ական ինչպես է վերաբերվում իր կուսակցության` «Հայկական վերածնունդ» անվանափոխմանը, գործարարը պատասխանեց. «Նախկին ՕԵԿ-ական, որ ասում եք, ես չգիտեմ՝ պիտա՞կ է, լա՞վ է, թե՞ վատ, չեմ կարող հասկանալ: Մարդ իրավունք ունի, իմ կարծիքով, տարբեր կյանքի բերումներով, տարբեր քաղաքականության մեջ լինի: Եւ քանի որ ես, քանի տարի է՝ ուղղակի չեմ շփվում, չեմ կարող իմ կարծիքն ասել»:

 

 

ՉԵԿԱՆ
Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ-ից դուրս եկածները, հիմնականում ջահելների խմբից, օրերս հայտարարել էին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի գլխավորությամբ կուսակցություն ստեղծելու մասին: Նախորդ օրն այդ, «Ռեֆորմիստներ» անվամբ կուսակցության հիմնադիր համագումարն էր: Իշխանություններին ծառայելու հայտ ներկայացրած երիտասարդներն իրենց համագումարին հրավերել էին Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: «Ժողովուրդ»-ը փորձեց «Ռեֆորմիստների» առաջնորդ Վահան Բաբայանից պարզել, թե ինչու բարձրաստիճանները չէին ընդունել իրենց հրավերը: «Մենք քանի որ հռչակում ենք պետականամետ ուժ, մենք քաղաքական կոռեկտությունից ելնելով, բնականաբար, հրավերներ ենք ուղարկել երկրի ղեկավարությանը, եւ կարծում եմ՝ դա բխում է մեր գաղափարախոսությունից: Թե ինչու չեն մասնակցել, ես չեմ կարող այս պահին ձեզ որեւէ սպառիչ տեղեկություն տալ»,- պատասխանեց Բաբայանը: Այդպես էլ անհասկանալի մնաց՝ բարձրագույն իշխանությանը ռեֆորմներ պետք չե՞ն, թե՞ Բաբայանի առաջարկած ռեֆորմն է ավելորդ:

 

 

ՀԻՆ ԳՈՒՅՔԻՑ ԿԱԶԱՏՎԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հունիսի 14-ին որոշել է հանձնաժողով ստեղծել՝ մարզպետարանի ոչ պիտանի գույքը դուրս գրելու համար: «Ժողովուրդ»-ը փորձեց մարզպետից պարզել, թե կոնկրետ ինչ գույք է դուրս գրվել եւ ինչու: «Հին տարեթվի համակարգիչներ կային, որոնք պետք է դուրս գրվեին: Իմ նշանակվելուց հետո, երբ շրջեցի մարզպետարանի վարչություններով, 5 փոքր համակարգիչները դուրս գրված չէին: Դրանք վաճառքի ենթակա չեն, ուղղակի պետք է դուրս գրվեն եւ թափվեն: Դրանք վաղուց փոխարինված են նորերով»,- պարզաբանեց Գյոզալյանը:

 

 
ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ
«Մենք չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ-ի քաղաքականացումը, նրա վերածումը քաղաքական հակադրության հարթակի։ Ցավոք, մենք ականատես դարձանք, որ այսօր /երեկ/ նորից ադրբեջանական պատվիրակությունը փորձեց քաղաքականացնել լիագումար նիստի քննարկումները: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնահարցին, ապա բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել վերջին երկու գագաթնաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում»,- անդրադառնալով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններից հետ կանգնելուն՝ երեկ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

 

ՊԱՏՎԵՐՈՎ ՍԱՐՔԱԾ
Գործարար Լեւոն Հայրապետյանի պաշտպան եւ մտերիմ Հայկազ Մակարյանը լրագրողների հետ զրույցում ցավ է հայտնել այն կապակցությամբ, որ «աշխարհի բոլոր մարդիկ անհանգստանում են Լեւոնի համար, բացի մեր ԱԺ-ի ներկայացուցիչներից: Մենք պատրաստվում ենք նստացույց անել: Եթե նրան դատապարտեն, շատ բաժնետոմսեր կզրոյանան, որոնք կարեւոր են մեր երկրի համար: Իշխանությունները պետք է այս հարցը քննեն եւ պահանջեն նրա ազատությունը: Հատկապես, որ նա գտնվում է ծանր առողջական վիճակում»,- ընդգծել է Մակարյանը՝ հավելելով, թե Հայրապետյանին պատահական չեն ձերբակալել. «Ժողովրդի մեջ խոսակցություններ են պտտվում, որ սա պատվերով, սարքած գործ է: Ես պահանջում եմ, որ իշխանությունները, հատկապես վարչապետը, թող իրենց խոսքերը վերանայեն: Որտե՞ղ է այդ իրավահավասարությունը, որտե՞ղ է չենք տեսնում»:

 

 

ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ
Իրանի նախարարների կաբինետը որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման վերաբերյալ»: Հասան Ռոհանիի գլխավորությամբ հուլիսի 10-ին կաբինետի կայացրած որոշմամբ` մուտքի արտոնագիր այլեւս անհրաժեշտ չի լինի դիվանագիտական եւ սովորական անձնագիր, ինչպես նաեւ ճանապարհորդական փաստաթուղթ ունեցող ՀՀ-ի եւ Իրանի քաղաքացիներին:

 

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համոզված է, որ առաջիկայում տեղի կունենա նոր հանդիպում՝ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ, քանի որ ակտիվ բանակցություններ են ընթանում: Նկատենք, որ ՀՀԿ-ի խոսնակը եւ բարձրաստիճան այլ դեմքեր հայտարարում են, թե բանակցություններ, իբրեւ ադպիսիք, չկան, կան միայն հանդիպումներ եւ քննարկումներ առաջիկա բանակցությունների հնարավորության շուրջ:

 

 

ԱՄՈՒՍՆԱՑԵ՞Լ ԵՆ
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ներկա ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը եւ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը երեկ լրագրողների հետ զրույցում չեն թաքցրել, որ միասին են, ըստ որում, այս հարաբերություններն այլեւս պաշտոնական բնույթ ունեն: «Ա1+»-ի հարցին, թե ինչու են երկուսով եկել «Ոսկե ծիրան»-ին, Լիլիթ Գալստյանն ասել է. «Կարծեմ, այսօրվա բուն իրադարձությունը «Ոսկե ծիրանն» է: Մենք երկուսս էլ, իբրեւ մշակութային գործիչներ, չէինք կարող անտարբեր լինել… իսկ մեր միությու՞նը…»: Նրան այստեղ լրացրել է Մանվել Բադեյանը` շարունակելով. «Այլեւս պաշտոնական է, կարող եք հանգիստ շունչ քաշել»:

 

 

ՀԱՃՈՅԱԽՈՍԱԿԱՆ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցով հետագա կոնկրետ քայլերը: «Գնահատում ենք ձեր վերաբերմունքը ղարաբաղյան կարգավորման հարցում ռուսական նախաձեռնություններին: Նախագահ Պուտինը բավարարված է Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմամբ, նրա հանձնարարականով ես այցելում եմ երկու երկրի մայրաքաղաքներ: Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը թույլ կտա մեզ ավելի հստակեցնել հետագա քայլերը»,- ասել է Ս. Լավրովը:




Լրահոս