ԵՐԵՔ ԿԱՆԱՆՑ ԿԱՊԵԼ ԵՆ ՈՒ ԱՅՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տան մեջ հայտնաբերվել էին հայ ընտանիքի 4 անդամների դիերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործով ձերբակալվածը համայնքի բնակիչ Նոդար Ակոպովն է, որի մայրը ազգությամբ հայ է: Այս գործով երկրորդ կասկածյալը Ակոպովի աներձագն է, որը երեկ Վրաստանի ոստիկանություն էր հրավիրվել:

Վաչիանն ամբողջությամբ հայաբնակ է: Այն գտնվում է Ախալքալաքից 6 կմ հեռավորության վրա: Այդ գյուղի տարածքով է այժմ անցնում նորաբաց, թուրք-վրացական Կարծախի սահմանից սկսվող միջպետական ճանապարհը:

Ինչպե՞ս եղավ
Իսկ ի՞նչը կարող էր ընտանիքի դաժան սպանության պատճառ դառնալ: Տեղեկացնենք, որ Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի բնակիչներ 37-ամյա Օֆելյա Քաչոտյանը, նրա 5-ամյա որդին՝ Սերգեյ Քաչոտյանը, դուստրերը՝ 16-ամյա Հերմինեն եւ 18-ամյա Ասյան, դաժանաբար սպանվել են: Ընտանիքի հայրը տանը չի եղել. նա մոտ 2 ամիս առաջ մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի:
«Ժողովուրդ»-ին Վաչիան համայնքի բնակիչներից հաջողվեց պարզել, որ ընտանիքի անդամներին սպանված վիճակում հայտնաբերել են Օֆելյա Քաչոտյանի հայրը եւ նրանց հարեւանը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 9-ին՝ գիշեր ժամը 01:00-ի սահմաններում: Օֆելյա Քաչոտյանի դրկիցները՝ տեսնելով, որ տանից մարդ դուրս չի գալիս, չի արձագանքում, ահազանգել են Օֆելյա Քաչոտյանի հորը եւ նրա մտերիմ հարեւանուհու հետ մտնելով տուն՝ տեսել են ընտանիքի անդամներին դաժանաբար սպանված:
Ըստ համայնքում տարածված լուրերի՝ հանցագործին առաջինը ճանաչել է տան տիրուհին՝ Օֆելյա Քաչոտյանը, որին հենց առաջինն են սպանել, ապա հետո՝ ընտանիքի մյուս անդամներին: Լուրեր կան, որ բնակիչներին սպանելուց հետո հանցագործը կամ հանցագործները տան իրերով՝ գորգերով փաթաթել են կանանց եւ փորձել այրել, սակայն մարմինները մինչեւ վերջ չեն այրվել: Իսկ տան 5-ամյա երեխան, ըստ վարկածներից մեկի, խեղդամահ է եղել տանը տարածված ծխից: Ի դեպ, ընտանիքի անդամներին չեն կարող հուղարկավորել սեփական տանից, քանի որ տունը կիսաայրված վիճակում է:

Ով է կասկածյալը
Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հայ ընտանիքի ողբերգական սպանության գործով կա կասկածյալ, որին ձերբակալել են. «Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի եւ ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը՝ դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ եւ ուշի ուշով հետեւում է զարգացումներին: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում սպանվածների հարազատներին եւ բարեկամներին»:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, թե ով է ձերբակալված կասկածյալը: Նա Վաչիան համայնքի բնակիչ Նոդար Ակոպովն է, որի մայրը ազգությամբ հայ է, իսկ հայրը՝ այլազգի: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Նոդար Ակոպովը ամուսնացած է, ունի երկու երեխա: Նոդարի մայրը բաժանված է ամուսնուց եւ երկու որդիների՝ Նոդարի ու եղբոր հետ տեղափոխվել էր Վաչիան համայնք՝ բնակության:
Ըստ Վաչիան համայնքի բնակիչներից մեկի՝ Նոդար Ակոպովը վիճել է եղբոր հետ, որից հետո եղբայրը հեռացել է նրանից եւ առանձին է ապրում: Նոդարը համայնքում բանվորություն է արել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ ողջ համայնքի տղամարդկանց տարել են ոստիկանություն, մեծ մասին հարցաքննել, ազատ են արձակել, իսկ մի մասին դեռ պահել են ոստիկանությունում, որոնց մեջ է նաեւ Նոդարի եղբայրը: Ըստ լուրերի՝ Նոդար Ակոպովի աներձագին եւս այս գործով կասկածում են:

Ինչո՞ւ սպանեցին
Այս հարցի պատասխանը դեռ չկա ու, թերեւս, ինչպես Գյումրիում ապրող Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանությունը, չի էլ լինի:
Ըստ բնակիչների՝ Քաչոտյանները հանգիստ, օրվա հացով ապրող ընտանիք էին. որեւէ մեկի հետ թշնամանք կամ պարտք ու պահանջի հարց չունեին: Ու թեեւ վրացական մամուլը որպես կատարվածի առաջին վարկած նշում է գողությունը, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը վրացական իր աղբյուրներից պարզեց, որ Քաչոտյանների տանից որեւ թանկարժեք իր կամ գումար չի անհետացել. զարդերն ու գումարը տեղում են եղել: Հանցագործը կամ հանցագործները տարել են ընդամենը երկու բջջային հեռախոս:
Սպանված Օֆելյա Քաչոտյանի քեռու որդին՝ Վախիկան Ալիքյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի մասին տեղեկանալով՝ շտապել է հարազատների մոտ, սակայն թույլ չեն տալիս մտնել տուն եւ հասկանալ, թե ինչ է կատարվել. «Գյուղը բոլորս սարսափելի վիճակում ենք: 18-ամյա Ասիան այս տարի էր ավարտել դպրոցը, քննություն տվեց, ուզում էր ինստիտուտ ընդունվել, մի քանի օրից կիմանար՝ ընդունվե՞լ է բուհ, թե՞ ոչ: Թե ով է արել, ինչու, չենք հասկանում, միայն գիտենք, որ 3 հոգու ձերբակալել են: Սա խուլիգանություն էր, այլ բան չէր կարող լինել»:
Գուցե կատարվածը խուլիգանություն էր, գողության չստացված փորձ, ամեն դեպքում անհասկանալի է, թե ինչու էին կանանց այրել: Գուցե տան անդամները ճանաչե՞լ են հանցագործին կամ հանցագործներին, դրա համար նման դաժանության են գնացել:
Հուսանք, որ Վրաստանի իրավապահները իրականում կբացահայտեն կատարվածը, եւ այս ընտանիքի սպանությունը առեղծված չի մնա, այնպես, ինչպես 2015 թվականի հունվարին Գյումրիում ռուս զինվորական Վալերի Պերմյակովի կողմից կատարված՝ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի անդամների սպանությունը:
Հ.Գ. Օրվա վերջում Վրաստանի ՆԳՆ-ն պաշտոնապես հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով. «Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածը` 24-ամյա Նոդար Ա.-ն, ներթափանցել է Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի բնակիչներից մեկի տուն` նպատակ ունենալով կողոպտել: Տանտիրուհին եւ ընտանիքի անդամները նկատել են գողին եւ դիմադրություն են ցույց տվել: Նոդար Ա-ն 36-ամյա կնոջը եւ նրա անչափահաս երեխաներին բութ գործիքով հարվածներ է հասցրել գլխի շրջանում: Տուժածները տեղում մահացել են: Մեղադրյալը հետքերի վերացման նպատակով այրել է տունը եւ անհետացել, ինչի հետեւանքով, նախնական տվյալներով, ընտանիքի 4-րդ անդամը` 5-ամյա երեխան, խեղդամահ է եղել: Ձերբակալվածն ընդունել է իր մեղքը»,- ասված է Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, քննությունը կատարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 109 կետի մասով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՊԱՀԱՆՋ 1in.am-ԻՆ
Հայաստանում ինչ-որ բան ստեղծելը դարձել է գրեթե անհնարին թվացող զբաղմունք՝ սկսած տնտեսական բաղադրիչից, վերջացրած բարոյահոգեբանականով: Իսկ ստեղծածը պահելը օրեցօր դժվարացող մի գործընթաց է, որը պատվով տանելու համար տիտանական ջանքեր, էներգիա, համբերություն ու համառություն են պահանջվում: Այս իմաստով ցանկացած լրատվամիջոցի ղեկավարի համար թերեւս ընկալելի է 1-ին լրատվականի խմբագիր Արման Բաբաջանյանի հոգեվիճակը, երբ անգամ իր անձնակազմի համար անակնկալ կերպով հայտարարեց, որ դադարեցնում է օրաթերթի եւ կայքի գործունեությունը:
Երբ դու խոսում ես երկրում առկա կոռումպացված համակարգի մասին՝ փաստերով, սակայն արձագանք չկա, երբ դու կռիվ ես տալիս կատարողի, ենթարկվողի ու նախաձեռնողականության 0 պատրաստակամություն ունեցող իշխանիկների դեմ, թշնամանում են: Երբ ամբիոն ես տալիս ամենատարբեր դիրքորոշում ունեցողներին, օգնում ես պայքարի ուժն իր մեջ կորցրած ժողովրդին վերագտնել, վերաիմաստավորել իրեն, բնական է՝ հընթացս տրորում ես այնպիսիների կոշտուկները, որոնք ջանք չեն խնայում կյանքդ դժոխքի վերածելու համար՝ սկսած գործնականից, վերջացրած անձնական դաշտով:
Գլուխդ կախ քո գործն ես անում, բացահայտում ես պաշտոնյաների մութ անցյալն ու գործունեությունը, հայտնվում են թափթփուկներ, որոնք սողալով հասնում են տարաբնույթ չինովնիկների ընդունարաններ, հերթ կանգնում, գրոշներ մուրում՝ քո դեմ արշավ սկսելու, սրտահովանք ապահովելու եւ հոգեբանորեն քեզ ճնշելու անհաջող փորձ անելու համար: Նորմալ է, չպետք է նկատել կեղծերին:
Իհարկե, անհրաժեշտ է խոստովանել, որ այսօր Հայաստանում ազնվության պակաս կա գրեթե բոլոր ոլորտներում, եւ մեր՝ լրագրության դաշտում եւս շատ չինովնիկների ու գործարարների շնորհիվ կամաց-կամաց ներխուժում է աղբը, տականքը, անինքնասերը, կամակատարը ու իր եղկելի տեսակով փորձում է ստորադասվել քեզ՝ փչացնելով լրատվական մթնոլորտը՝ ոչ պրոֆեսիոնալներով ուռճացնելով դաշտը:
Եւ իսկապես, բնական է՝ պահեր են լինում վհատվում ես, մտածում ես՝ ինչո՞ւ, ո՞ւմ համար եմ կյանքս, առողջությունս վտանգում, եթե ամեն ինչ մեր երկրում շոու է, իսկ քո գործունեությունը ոչ մի իմաստով ձեռնտու չէ շատ շատերին: Լրատվական դաշտը, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ է բիզնես դիտարկվում, բայց այն ուղիղ համեմատական է մեր տնտեսական վիճակին, որտեղ զարգացում, եկամտի աճ պարզապես չկա: Եւ ինչքան վատանում է տնտեսական վիճակը, այնքան գովազդային շուկայի հաշվին գոյատեւող լրատվական դաշտը մխրճվում է պարտքերի անդունդը: Սա էլ է նորմալ, դիմանալ է պետք:
Ուստի հասկանալով հանդերձ բոլոր ցավերը՝ որպես լրատվամիջոց, «Ժողովուրդ» օրաթերթը կոչ է անում, հորդորում ու խնդրում է 1in.am-ին՝ վերադառնալ: Չպետք է առիթ տաք հրճվելու չարակամ մրցակիցներին, իրավունք չունեք քանդելու ու փոշիացնելու ստեղծած ռեսուրսը: Ինչ դժվարություն էլ լինի, պատրաստ ենք գործընկերաբար սատարել, միայն թե միասին պահպանենք օբյեկտիվ ու օպերատիվ լրատվությունը մեր երկրում:

«Ժողովուրդ» օրաթերթի անձնակազմ

 

 

 
ՉԻ ԹԵԹԵՎԱՆՈՒՄ
ՄԻՊ Արման Թաթոյանը հանդես է եկել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով: Հաշվի առնելով խախագծի կարեւոր նշանակությունը գործարարների շահերի եւ, ընդհանրապես, հարկ վճարողների իրավունքների պաշտպանության հարցում՝ ՄԻՊ-ի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որում անդրադարձ է կատարվել նաեւ նախագծի կոնկրետ կարգավորումներին: Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է ավելացնել 120001-1000000 ՀՀ դրամ աշխատավարձի համար նախատեսված եկամտային հարկը՝ 26-ից դարձնելով 28%: Ըստ ՄԻՊ-ի՝ այս կերպ միջին աշխատավարձ ստացող անձանց համար ավելանում է եկամտային հարկը, եւ արդյունքում բնակչության զգալի մասի համար հարկային բեռը ոչ թե թեթեւանում է, այլ, ընդհակառակը, ավելանում:

 

 

ԱՐՏԱԺԱՄՅԱ
ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ ամառային հանգստյան շրջանով պայմանավորված` աննախադեպ աճել է անձնագրային ծառայությունների համար դիմող քաղաքացիների թիվը, եւ հերթերից խուսափելու, ինչպես եւ մատուցվող ծառայությունների որակը պահպանելու նպատակով 2016 թ. հուլիսի 11-ից 15-ը ՀՀ ոստիկանության բոլոր անձնագրային ծառայություններն աշխատելու են մինչեւ ժամը 19-ը՝ 18-ի փոխարեն: Անձնագրային ստորաբաժանումները քաղաքացիներին ծառայություններ են մատուցելու նաեւ հուլիսի 16-ին, շաբաթ, ոչ աշխատանքային օրը, ժամը 9-13-ը:




Լրահոս